Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Խաժակյան․ Մեկ տարի շարունակ գաղտնալսել են ե՛ւ ինձ, ե՛ւ իմ վարորդին, ե՛ւ Մարուքյանի վարորդին․ «Հրապարակ»

Օգոստոս 29,2020 11:22

Ոստիկանության 6-րդ վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում հարցաքննության են կանչել Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանին եւ նրա վարորդին։ Ասում են՝ «Լույս» խմբակցության վարորդն աշխատանքի չի գնացել, սակայն համայնքային բյուջեից աշխատավարձ է ստացել, որը փոխանցել է ԼՀԿ առաջնորդ Էդմոն Մարուքյանի վարորդին, որը Խաժակյանի վարորդի ընկերն է։ Խոսքը մոտ 2.5 մլն դրամի չարաշահման մասին է։ Դարի «կոռուպցիոն սկանդալի» շուրջ զրուցեցինք Դավիթ Խաժակյանի հետ, ով վկայի կարգավիճակ ունի։

– Ի՞նչ քրեական գործի մասին է խոսքը, ինչո՞ւ են Ձեզ հրավիրել 6-րդ վարչություն։

– «Լույս» խմբակցությունն ունի օրենքով իրեն ամրակցված ծառայողական մեքենա եւ վարորդ, որը նախատեսված է քաղաքապետարանի հաստիքացուցակով։ Վարորդը քաղաքապետարանի աշխատակից է, այսինքն՝ իր գործատուն Երեւանի քաղաքապետարանն է։ 2 տարի նա կատարել է իր աշխատանքը, ըստ զանգերի՝ գնացել է անհրաժեշտ վայր՝ քաղաքապետարանի կանչով, իմ կանչով եկել է ինձ մոտ, խնդիր չի եղել, ստացել է իր աշխատավարձը, պրեմիաներ, եւ եկել հասել է այն օրը, երբ ոստիկանության 6-րդ վարչությունից իրեն տանում են ոստիկանություն եւ հարցաքննում այն մասին, որ նա, ըստ էության, քիչ է իր աշխատանքը կատարել եւ դրանով համայնքին վնաս է պատճառել։ Այն հարցին, որ եթե էդպես է, ինչու քաղաքապետարանը որեւէ միջոց չի ձեռնարկել, իրենք պատասխան չունեն։ Եվ վերցրել են գործի այն մասը, մի քանի լուսանկար, որտեղ ես վարում եմ մեքենան, ինչի իրավունքն ունեմ, եւ եզրակացրել են, որ նա իր աշխատանքը չի կատարել, անգամ չեն փորձել լսել քաղաքապետարանի աշխատակիցներին, որ աշխատել են իր հետ, եւ հարուցել են քրեական գործ։

– Իսկ ինչպե՞ս է ձեր խմբակցության վարորդի աշխատավարձը ստացել Էդմոն Մարուքյանի վարորդը։

– Ինձ դրա մասին հարցրել է նաեւ «Հայկական ժամանակի» լրագրողը՝ ներկայացնելով դա որպես իրենց տեղեկությունը, եւ ես ասացի, որ եթե այդ տեղեկությունը ճիշտ լիներ, կնշանակեր, որ իրենք հրապարակում են նախաքննական գաղտնիք։ Թե ինքն ինչպես է տնօրինել իր աշխատավարձը, ես չեմ կարող իմանալ, որովհետեւ նա աշխատող է, ով վաստակում է իր գումարը, իր աշխատանքը կատարում է, թե այդ գումարն ինքն ինչպես է տնօրինում, դա բացառապես իր գործն է։ Միայն գիտեմ, որ Մարուքյանի վարորդ Համլետ Զարոյանի հետ նրանք ընկերներ են եւ իրար մեջ կարող են ունենալ ցանկացած պարտք ու պահանջի, ֆինանսական գործեր։ Դրանք իրենց անձնական խնդիրներն են, որոնք ես ո՛չ գիտեմ, ո՛չ էլ ուզում եմ իմանալ, որովհետեւ ինձ հետաքրքիր է, որ նա իր աշխատանքը պատշաճ կատարի, իսկ նա դա անում է։

– Իսկ իրավապահները որտեղի՞ց են իմացել, որ այդ գումարները փոխանցել են իրար։

– Մեկ տարի շարունակ գաղտնալսել են ե՛ւ ինձ, ե՛ւ իմ վարորդին, ե՛ւ Մարուքյանի վարորդին, լուսանկարել են ինձ տարբեր տեղերում, նաեւ ապօրինաբար ստացել են ինչ-որ տեղեկություններ, որոնք չեն կարող ճշմարիտ լինել, որովհետեւ ապօրինի ստացված են, այդ թվում՝ մեր հեռախոսային զրույցները, եւ դրա հիման վրա փորձել են ինչ-որ ցուցմունք կորզել։ Բայց էությունն այն է, որ եթե նա պատշաճ իր աշխատանքը կատարել է, ապա ինչպես կուզեր, կտնօրիներ իր աշխատավարձը, որովհետեւ դա այլեւս իր գույքն է։

– Իսկ ավելի անկեղծ՝ կա՞ այստեղ չարաշահում, մախինացիա Ձեր կամ վարորդի կողմից։

– Ես սպասում եմ այն օրվան, երբ այս գործի նախաքննությունը կավարտվի եւ կգնա դատարան, որտեղ ամբողջ ծավալով գործը կքննվի, եւ ես հավաստիացնում եմ՝ որեւէ իրավաբան, ով իրեն մասնագիտական առումով հարգում է, չի կարող այստեղ որեւէ ապօրինություն տեսնել։

 

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31