Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԱԺ պատգամավոր․ Ես լինեի Նոբելյան մրցանակի կազմկոմիտեի մեջ՝ անպայման Ռոբերտ Քոչարյանի ֆենոմենալ կարողության համար նրան կգնահատեի․ «Հայկական ժամանակ»

Օգոստոս 29,2020 11:13

Գագիկ Ծառուկյանի ելույթի եւ քաղաքական հնարավոր զարգացումների շուրջ զրուցել ենք ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Մանուկյանի հետ.

– Պարոն Մանուկյան, Գագիկ Ծառուկյանը երեկ հայտարարել է՝ մեծ հանրահավաք է անելու: Նրա քննադատությունների թիրախում կրկին կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում իշխանությունների քայլերն են: Ի՞նչ եք կարծում՝ թեժ աշնան մեկնարկը սրանո՞վ է տալիս ընդդիմությունը:

– Կարծում եմ՝ իրենց հաշվարկներն այդպիսինն են, որ իրենք սկսեն թեժ աշուն, թեժ գարուն, տարվա 4 եղանակները: Ես մի առիթով ասել եմ, որ Հայաստանում քրեական գործերից պատասխանատվության խուսափելու լավագույն տարբերակը քաղաքականությամբ զբաղվելն է եւ դա միայն հիմա չի, 90-ականներից սկսած այդպես է եղել: Քրեական ապրելակերպը ապահովելու միակ տարբերակը ընտրվել է քաղաքականությամբ ֆիկտիվ զբաղվելը եւ այդ պատճառով էլ Հայաստանում քաղաքականությունը այս 30 տարիների ընթացքում չի կայացել: Սա պատճառ դարձավ, իմիջիայլոց, որ տեղի ունենա հեղափոխություն:

– Իսկ ոչ մի իրականություն չկա՞ այդ քննադատություններում: Ծառուկյանը դժգոհում էր, օրինակ, դպրոցների դասամիջոցների հնարավոր բացակայությունից, դիմակներ կրելու պարտադրանքից:

-Մասնագետները մտածում են կանոններ, որոնք նախատեսված են համաճարակի նվազման տենդենցը պահելու համար: Կանոնները միշտ անհարմարություն են պատճառում: Պարզ օրինակ ասեմ. եթե դուրս գաս փողոց, ցանկանաս անցնել փողոցը, ստիպված պիտի գնաս հասնես խաչմերուկ, խաչմերուկում սպասես կանաչ լույսին, փողոցը անցնես եւ վերադառնաս այն կետը, որին կարող էիր հասնել փողոցն ուղիղ գծով կես վայրկյանում անցնելով: Սա անհարմարություն է, բայց ոչ ոքի մտքով չի անցնում չէ՞ դրա համար դժգոհել կառավարությունից: Սա անվտանգության համար է: Հիմա էս պանդեմիայի առիթով ի հայտ են եկել դժվարություններ, որոնք մասնագետներին ստիպում են ձեւակերպել այնպիսի կանոններ, որոնցով հնարավոր կլինի այս խոչընդոտը հաղթահարել: Դժհոգել, որ կանոնները պետք է հարմարավետ լինեն՝ դա աբսուրդ է:

– Ի՞նչ եք կարծում՝ կորոնավիրուսի դեմ պայքարը անպտո՞ւղ է եղել:

-Կորոնավիրուսը շատ լավ ցույց տվեց, թե ինչ խնդիրների առաջ է կանգնած կառավարությունը, թե ինչ բացեր ունի համակարգը: Քանդուքարափ եղած համակարգից պահանջել, որ այս կրիտիկական պահին մանեւրի լավագույն գերմանական մեքենաների նման, դա իռացիոնալ պահանջ է: Իռացիոնալ պահանջ է՝ ունենալով այս պոլիկլինիկաները՝ գերմանացիների պես մանեւրել այս վիրուսի ճիրաններից:

-Համարում եք, որ 2 տարին բավարար ժամանակ չէ՞ր այդ ժառանգած համակարգերը փոխելու համար:

-Եկեք հաշվենք ու մենք ինքներս գնահատենք: Եկեք հաշվենք, թե Հայաստանում քանի պոլիկլինիկա, քանի հիվանդանոց կա, էդ հիվանդանոցները ինչ վիճակում ենք ստացել եւ ենթադրենք՝ հնարավո՞ր է դրանք 2 տարում բերել մի վիճակի, որ այսպիսի բարդ խնդրի առաջ կանգնելուց հետո կարողանա տակից այսպես դուրս գալ: Եթե հաշվենք եւ տեսնենք մեր մեղքը կա, մենք կկրենք պատասխանատվությունը:

– Ի դեպ, շուտով Ազգային ժողովում հաշվելու եք, հավանաբար: Որովհետեւ ընդդիմությամբ նախաձեռնությամբ ձեւավորվել է կորոնավիրուսի դեմ կառավարության իրականացրած քայլերի արդյունավետությունը գնահատող հանձնաժողով:

– Այո: Մեզ էլ է հետաքրքիր՝ կարո՞ղ էինք այլ բան անել: Դա շատ լավ պրոցես է, ես կարծում եմ, որ շատ առողջ գործընթաց է: Պետք է տեսնենք՝ մենք ինչ ունեինք, ինչ վիճակում հայտնվեցինք եւ ինչպես կարողացանք այս ժառանգությամբ մանեւրել այդ վիրուսի դեմ պայքարում: Բայց այլ խնդիր էլ կա. ես ուզում եմ հասկանալ ընդդիմադիր խմբակցությունների մոտիվացիան, իրենց մոտիվն ի՞նչն է. որ խնդիրը վե՞ր հանեն, թե՞ քաղաքական մանիպուլյացիաների նպատակ ունեն: Եթե սրանք ընդամենը մանիպուլյացիոն քայլեր են, ընդամենը ափսոսանք եմ արտահայտում:

– Խնդրում եմ անդրադառնալ նաեւ Ռոբերտ Քոչարյանի վերջերս արած տնտեսական հոռետեսական կանխատեսումներին եւ այն պնդմանը, թե գալու է մի պահ, երբ ոչ ոք Հայաստանին չի ֆինանսավորելու:

-Գիտեք, Ռոբերտ Քոչարյանը ինձ համար տնտեսական հանճար է, ես չեմ կարող մեկնաբանել նրա խոսքը, արժանի չեմ: Ինչու եմ ասում հանճար է, որովհետեւ հաջողացրեց 3 միլիոնանոց աղքատագույն երկրում մի քանի միլիոնի կարողություն ձեռք բերել, շատ ազնիվ, շատ բաց, թափանցիկ ձեւով: Ես լինեի Նոբելյան մրցանակի կազմկոմիտեի մեջ՝ անպայման այս ֆենոմենալ կարողության համար նրան կգնահատեի, որովհետեւ ֆենոմեն է այս աղքատ երկրում այնպես կառավարել բիզնեսը, որ նման հաջողությունների հասնես: Նա տնտեսության մասին ինչ ասի, ճիշտ է ասում:

Սյուզաննա ՊՈՂՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31