Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես թշնամիներ չունեմ»

Օգոստոս 29,2020 10:00

1940 թվականին Հնդկաստանի անկախության համար պայքարի առաջնորդ Մահաթմա Գանդին երկու նամակ է գրում Ադոլֆ Հիտլերին: Նամակները ձեւի տեսակետից բավականին զուսպ են, կարելի է ասել անգամ՝ քաղաքավարի: Բովանդակությունը, սակայն, խիստ է եւ վերաբերմունքի առումով կասկածների տեղիք չի տալիս. Գանդին զգուշացնում է բռնապետին, որ նա իր հրեշավոր գաղափարներով ու գործողություններով պարտություն է կրելու, իսկ իր ժողովրդին դրական ժառանգություն չի թողնելու: Այնուհետեւ նամակում հնդիկ առաջնորդը հիշեցնում է իր ծրագրի եւ գործելակերպի մասին. «Ես թշնամիներ չունեմ: Վերջին 33 տարում իմ կյանքի գործն էր բարեկամանալ ողջ մարդկության հետ, բարեկամաբար վերաբերվել բոլոր մարդկանց՝ անկախ ցեղից, մաշկի գույնից կամ դավանանքից… Մենք հանդես ենք գալիս բրիտանական իմպերիալիզմի դեմ ճիշտ նույն ձեւով, ինչպես նացիզմի: Մեր դիմադրությունը, սակայն, ուղղված չէ նրան, որ վնաս հասցնենք բրիտանացի ժողովրդին: Մենք ձգտում ենք համոզել նրանց, ոչ թե հաղթել ռազմի դաշտում»:

Եվ այսպես, Գանդին համոզում էր Հիտլերին՝ պատերազմը չշարունակել (բնականաբար, ապարդյուն), ինչպես նաեւ համոզում էր բրիտանացիներին՝ թողնել-գնալ իր երկրից, եւ այս հարցում հզոր լծակներ ունենալով, ի վերջո, հասավ իր նպատակին: Իսկ ինչի՞ վրա էին հիմնված նրա լծակները: Ինձ թվում է, այստեղ առանցքային է «ես թշնամիներ չունեմ» արտահայտությունն է: Այդ բանաձեւն ուղղված է արտաքին աշխարհին եւ, իմ կարծիքով, վերծանվում է հետեւյալ կերպ. «Մենք ոչ մեկին չենք ուզում վնաս տալ, բայց մեր գործն անելու ենք բոլոր դեպքերում, անկախ բոլոր խանգարող հանգամանքներից»: Նման հանգիստ, սառը վճռականությունը, եթե այն անկեղծ է եւ տեղն եկած պահին չի վերածվում հիստերիկ քայլերի, հզոր ուժ է:

«Ես թշնամիներ չունեմ» բանաձեւի կիրառման դաշտն առաջին հերթին   ներազգային կյանքն է, եւ այս առումով մենք Գանդիի նման գործիչներից շատ բան ունենք սովորելու: Ներքին տարաձայնությունները, բանավեճերն, իհարկե, անխուսափելի են, բայց դրանք նաեւ հաղթահարելի են զուսպ, հարգալից մթնոլորտում իրար համոզելու միջոցով: Անկախ նրանից, թե որ տեսակին ենք մենք դասում հային՝ «ներկա», թե «նախկին», «սորոսական», թե «հակասորոսական», Պուտինի, թե Թրամփի երկրպագու, ԼԳԲՏ ակտիվիստ, թե հոմոֆոբ, ցանկացած կուսակցության անդամ կամ անկուսակցական, նաեւ անկախ նրանից՝ իրական են այդ բաժանումերը, թե մտացածին, Հայաստանի ներսում եւ աշխարհով մեկ սփռված հայերը չեն կարող իրար թշնամի լինել: Գիտակցությունը, որ բոլորն իրենց տեղն ունեն ընդհանուր ազգային գործում, ամրության հսկայական պաշար է ստեղծում: Ամեն թփի տակ թշնամի փնտրելը, հակառակը, բոլորիս դարձնում է խոցելի: Եթե որեւէ մեկը հանցագործություն է կատարել, նա, իհարկե, պետք է պատժվի, բայց դա նրան թշնամի չի դարձնում:

Իհարկե, իմ այս մոտեցումն ընդունելի չէ մեր այսօրվա հասարակության մեծ մասի համար: Բայց վստահ եմ՝ առանց նման մոտեցման ժամանակակից պետություն հնարավոր չէ կառուցել:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31