«Յուրաքանչյուր ընկերության հաջողության բանալին թե՛ բաղադրությամբ, եւ թե՛ փաթեթավորմամբ որակյալ արտադրանք ունենալն է։ Առեւտրի միջազգային կենտրոնի աջակցությամբ այժմ մեր թեյերի նոր շարքի համար բրենդային ինքնություն ենք մշակում, որը կլինի ինքնատիպ ու գրավիչ ինչպես տեղական, այնպես էլ միջազգային սպառողի համար»,-ասում է «Էդնա» ընկերության հիմնադիր տնօրեն Գնել Նազարյանը, որն օգնում է հայկական ապրանք արտադրողներին մրցունակ եւ շուկայի պահանջներին համապատասխան բրենդ ստեղծել: Գնելն ասում է՝ թեյերի տուփերի դիզայնը մշակելիս ներշնչվել են բնության տարերքներից, իսկ փաթեթավորման համար նախատեսում են օգտագործել վերամշակվող պոլիէթիլեն, որը ժամանակի ընթացքում կքայքայվի ու բնությանը վնաս չի հասցնի։ Ծրագրի մասնագետների խորհրդով տուփերն այնպես են պատրաստելու, որ իրար մեջ շարվեն, եւ լոգիստիկ ծախսերը չավելանան:
Գնել Նազարյանը նախքան արտահանումը մեծապես կարեւորում է՝ տեղական շուկայում ներկայացված լինելը։ Սա հնարավորություն է տալիս ավելի լավ հասկանալ սպառողի նախասիրությունները, ընկերության բացերն ու դրանք շտկելու ուղիներ գտնել։
Մասնագետները գտնում են, որ արտադրանքի տեսքը ոչ պակաս կարեւոր է, քան բաղադրությունը։ Ըստ նրանց, գրագետ մշակված բրենդը ցանկացած ընկերության շարժիչ ուժն է՝ նպաստելով ապրանքի առաջխաղացմանն ու վաճառքին ինչպես տեղական, այնպես էլ միջազգային շուկայում։ Մրցունակ եւ շուկայի պահանջներին համապատասխան բրենդի ստեղծման գործում հայաստանյան ձեռնարկություններին օգնում է նաեւ Արեւելյան գործընկերություն, առեւտրի համար պատրաստ EU4Business-ի նախաձեռնությունը։ Նախաձեռնությունը բրենդի մշակման գործում աջակցում է սննդի վերամշակման ոլորտում գործող մի շարք ընկերությունների ՝ անհատական մոտեցում ցուցաբերելով նրանցից յուրաքանչյուրին։ Մշակվող բրենդը շեշտադրում է հայկական արտադրանքի առանձնահատկություններն ու շուկայական առավելությունները՝ դարձնելով այն առավել մրցունակ եւ գրավիչ արտահանման համար։ Ծրագրում հիմնականում ընդգրկված են չրի, պահածոների, խոտաբույսերի եւ բուսական թեյերի արտադրութամբ զբաղվող ընկերությունները։
Հայաստանի բուսական թեյերն արդեն հասցրել են ճամփորդել տարբեր երկրներ՝ այդ թվում Եվրոպական միության անդամ պետություններ՝ արժանանալով անգամ Գերմանիայի կանցլերի բարձր գնահատականին։ Այդուհանդերձ, տեղական արտադրողները շարունակում են միջազգային շուկայում դիրքերն ամրապնդելու նոր հնարավորություններ փնտրել՝ որպես առաջնային քայլ զարգացնելով ընկերության բրենդը։
Կարդացեք նաև
«Բրենդինգը չափազանց կարեւոր է միջազգային շուկայում հաջողության հասնելու համար։ Բուժիչ նպատակներով բուսական թեյ արտադրողները պետք է վստահ լինեն, որ տուփի վրա նշված բաղադրիչները համապատասխանում են միջազգային եւ հատկապես՝ Եվրոպական միության չափանիշներին ու ուղեցույցին։ Թափոնների եւ պլաստիկի օգտագործման կրճատումը, ինչպես նաեւ վերամշակման հնարավորությունը կարեւոր գործոններ են բազմաթիվ սպառողների համար։ Ընկերությունները պետք է իմանան, թե ինչ նյութեր են օգտագործվել փաթեթավորման ընթացքում, որպեսզի հարկ եղած դեպքում տեղեկացնեն նաեւ գնորդին կամ սպառողին տուփի վրա նշված նշանների միջոցով։ Խոտաբույսերն ու թեյերը կարեւոր է զերծ պահել խոնավությունից, եւ այստեղ ամենաարդյունավետը դեռեւս պլաստիկն է։ Այնուամենայնիվ, տեխնոլոգիաները փոխվում են, եւ շուկայում աստիճանաբար սկսում են կիրառել նաեւ բուսական հիմքով պլաստիկ»,- նշում է թեյերի միջազգային փորձագետ Անջելա Փրայսը, որը երկու տարի շարունակ անհատական խորհրդատվություն է տրամադրել տեղական թեյարտադրողներին նշյալ ծրագրի շրջանակում։
Նշենք, որ «բրենդինգ» բառը հին սկանդինավյան լեզուներից թարգմանաբար նշանակում է տարբերակելու նպատակով արվող դրոշմ։ Դեռեւս Հին Հունաստանում եւ Հին Հռոմում ապրանքների վրա դրոշմում էին արտադրողների մասին տվյալներ` սկիզբ դնելով բրենդավորման դարավոր պատմությանը։ Հայաստանում, նույնպես, բրենդինգը երկար պատմություն ունի եւ տարիների հետ ավելի մեծ կարեւորություն է ձեռք բերում հայրենական արտադրանքի մրցունակությունն ու, առհասարակ, երկրի տնտեսական դիրքերը բարելավելու առումով։
Ա. Կ.
«Առավոտ» օրաթերթ
28.08.2020