Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխարհազորի ձեւավորման ժամանակ ԵԿՄ-ն անելիք չի ունենա. կգնա՞ «թոշակի»

Օգոստոս 29,2020 13:00

Աշխարհազորը կազմվում է կամավոր հիմունքներով, խաղաղ բնակչությունից, եւ նպատակն է հարկ եղած դեպքում օգնել կանոնավոր բանակին

Սումգայիթից  հետո «Ավանգարդ» թերթի արվեստի, գրականության եւ գիտության բաժնի վարիչ, Կոմիտասին նվիրված «Հավերժ  ճամփորդ» գրքի հեղինակ, Զորավիգ, ՀԱԲ, Միացյալ ճակատի ղեկավար, կոմիսար Վարդան Վարդանյանը իննսունականներին դարձավ ոչ ֆորմալ աշխարհազոր ստեղծելու նախաձեռնողներից մեկը:

Հիշում եմ, մինչ ՀԱԲ-ի ձեւավորումը երջանկահիշատակ Ֆելիքս Սաֆարյանի Նախախորհրդարանը ռազմական գործերի հանձնաժողով ուներ, եւ այն գլխավորում էր Վարդան Վարդանյանը: Իրավիճակին համահունչ քայլեր արվեցին՝ տարբեր տարիքային խմբերից ձեւավորել ինքնապաշտպանական խմբեր: Հետագայում լուծարվեցին բոլոր այդ խմբերը, քանի որ բոլորն անցան ազգային բանակի հովանու ներքո: Բացառություն էր թերեւես ԵԿՄ-ն, որը ճիշտ է, հայտարարում է, որ կազմակերպություն է, բայց ըստ էության, նա դեռ…ոչ ֆորմալ աշխարհազորային  խմբերի շոշափուկներից է:

Այս ամենը հիշեցի, երբ օրեր առաջ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրեց. «Պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել օրենքի նախագիծ, որը սահմանում է Երեւան քաղաքում աշխարհազորի ստեղծման եւ ղեկավարման, աշխարհազորայինների հավաքագրման հետ կապված հարաբերությունները: Օրենքի նախագծի ներկայացումը բխում է Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը համընդհանուր եւ համազգային բնույթ հաղորդելու, հավանական հակառակորդի ցանկացած ոտնձգություններին արժանի եւ պատշաճ հակահարված տալու նպատակով քաղաքացիների կամավորության սկզբունքով աշխարհազորային համակարգի ներդրման եւ կազմակերպման անհրաժեշտությամբ»:

Նախագծի հեղինակներն իրենց առաջարկը հիմնավորում էին նրանով, որ «ներկայումս Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը յուրաքանչյուր քաղաքացու մասնակցությունն օգտագործվում է ոչ լրիվ ծավալով, այն չունի համակարգված, կազմակերպված ու նպատակաուղղված բնույթ, առավել եւս Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ ռազմական գործողությունների պայմաններում»:

Նաեւ նշել էին. «Անհրաժեշտ է ստեղծել միասնական ղեկավարության ներքո գործող ուժերի եւ միջոցների համախումբ՝ աշխարհազոր, որոնք պատերազմի ժամանակ ի զորու կլինեն հակառակորդի հավանական գործողություններից հուսալիորեն պաշտպանելու երկրի տարածքը, բնակչությունը, կարեւորագույն օբյեկտներն ու ենթակառուցվածքները»:

Տեղեկացնեմ, որ  օրենքի նախագծով սահմանվում է, որ քաղաքային համայնքի ղեկավարի տեղակալը համայնքի աշխարհազորային պայմանական բրիգադի ղեկավարն (հրամանատարն) է, իսկ գյուղական համայնքի ղեկավարի տեղակալը՝ համայնքի աշխարհազորային պայմանական գումարտակի ղեկավարը (հրամանատարը): Քաղաքային եւ գյուղական համայնքների ղեկավարների տեղակալների կողմից համապատասխան համայնքի աշխարհազորային պայմանական բրիգադների եւ գումարտակների ղեկավարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով եւ աշխարհազորի պատրաստության ու կիրառման պլանների համաձայն: «Հավանական հակառակորդի ռազմական գործողությունների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ռազմական գործողությունների ծանրության կենտրոնը կարող է տեղափոխվել երկրի տարածքի խորքը՝ դիվերսիոն կամ ահաբեկչական, կամ հետախուզական, կամ հատուկ օպերացիաների ուժերի եւ այլ գործողությունների, ինչպես նաեւ հակառակորդի զինված ուժերի ներթափանցած խմբերի լայնորեն կիրառմամբ: Դրանց դիմակայելու, չեզոքացնելու եւ ոչնչացնելու նպատակով անհրաժեշտ է ստեղծել միասնական ղեկավարության ներքո գործող ուժերի եւ միջոցների համախումբ՝ աշխարհազոր, որը պատերազմի ժամանակ ի զորու կլինի հակառակորդի հավանական գործողություններից հուսալիորեն պաշտպանելու երկրի տարածքը, բնակչությունը, կարեւորագույն օբյեկտներն ու ենթակառուցվածքները»,- նշված է նախագծում։

«Առավոտը» հարցումներ անցկացրեց Երեւանի Ավան եւ Նոր Նորք համայնքի փողոցներում, պուրակում. բնակչությունն ինչպես է վերաբերվում աշխարհազորի ստեղծման գաղափարին: Իմ զրուցակից 40 անձից 32-ը կողմ էր աշխարհազորի ստեղծմանը, 6-ը կարծում էր, թե մի նոր չինովնիկական զինված խումբ կլինի, 2-ը հայտնեցին հետեւյալը.

Արման Մանուկյան, անհատ ձեռներեց, քառասունյոթ տարեկան.

– Լավ որոշում է, միայն թե` ոչ տեղական ինքնակառավարման մարմինների ներքո գործի:

Իսկ ազատամարտիկ, Հարութ ներկայացած անձը` 56–ամյա տղամարդն, ասաց.

– ԵԿՄ-ին փոխարինելու լավ տարբերակ է, ձեռի հետ վերջ կտրվի  նաեւ Սասուն Միքայելյանական կլանին:

Ինչու էին կողմ: Նրանցից մեկի` Սամվել Առաքելյանի կարծիքով, Հայաստանը պետք է դառնա ռազմական ճամբար: Աշխարհազոր ստեղծելու ոորոշումն էլ՝ իրավիճակին համահունչ որոշում է:

Դրական արտահայտվողներից մեկը, մի ցանկություն ուներ. «Ճիշտ կլինի աշխարհազորայինի տեղակալները լինեն զինվորականներ, այն չծառայի օրվա ռեժիմին, չլինի պոպուլիստական քայլ», այլ ձեւակերպմամբ էլ`«Քաղակտիվիստներն անելիք չունենան»:

Բարի ցանկություններից  մեկն էլ հետեւյալն էր. «Պետք է լինի  ուժեղ կանոնակարգ, ապաքաղաքական  ղեկավարություն եւ ղեկավարում»:

Սոնյա տատիկն էլ  հիշեց. երբ 1918-ին աշխարհազոր հայտարարվեց Արամ Մանուկյանի կողմից, բանակի թվաքանակը քիչ էր: Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի ճակատամարտերում հաղթեցինք, շնորհիվ ժողովրդական բռունցքի`կամավորների:

Զրուցակիցներս համոզված էին, որ ռազմագիտություն առարկան դպրոցներում սրանից հետո կբարձրացվի նոր աստիճանի, յուրաքանչյուր ոք կսովորի կրակել, զենքից օգտվել իմանալ, եւ որ պայմանագրային զինծառայողների ներուժը կօգտագործվի այստեղ:

Հարցմանս մասնակցած երիտասարդը կասկած հայտնեց. «Չեմ հավատում, որ իշխանությունները զենք կտան աշխարհազորի ձեռքը»:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
28.08.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31