Մի հիմնարար բան, ինչ երեսուն տարվա մեր պետականության ընթացքում չէինք արել, հիմա կարծես թե փորձ է կատարվում անել: Խոսքը աշխարհազորի մասին լրջորեն մտածելու եւ օրենքով սահմանելու պետական նախաձեռնությանն է վերաբերում:
Աշխարհազորը հենվում է կամավորականության սկզբունքի, արժեքի վրա: Աշխարհազորով մենք կարողացանք հաղթանակներ տոնել Արցախյան պատերազմում, մինչեւ հայ կամավորականների թիկունքում գոյացավ բանակն, ու հասանք 1994թ. Բիշքեկյան համաձայնագրին:
Այլ բան է դեպի պետականություն ընթացող ազգի կամավորականությունը, ուր շփոթն ու քաոսն անբաժանելի եւ օրինաչափ ուղեկիցներ են, եւ այլ բան է, երբ դա կանոնակարգվում է պետության կողմից, ուր գրեթե բացառվում են այն ցավալի իրողությունները, ինչին նաեւ մենք ականատես եղանք մեր պետության արշալույսին, երբ ոչ միայն երբեմն միմյանց, այլեւ պետության դեմ էին դուրս գալիս հայրենասիրական ջոկատները, դժկամությամբ ենթարկվում նոր-նոր ձեւավորվող պետական կառույցներին: Իհարկե, դա հարեւան Վրաստանի եւ Ադրբեջանի նման չունեցավ քաղաքացիական կռիվների հանգրվան, բայցեւ զգալիորեն ջլատեց ազգային այն ներքին հզոր պոռթկման արդյունավետությունը, որը կարող էր լինել:
Կամավորականությունը, որպես արժեք, կարեւոր խարիսխ է ոչ միայն քրիստոնեական ավանդույթի տեսանկյունից, այլեւ ազգային փրկօղակ՝ բավականին երերուն արդի աշխարհում: COVID-19-ի սթրես-թեստը հանձնելիս մենք, կարծես թե, այնքան էլ չենք կարեւորում դա, այլապես համավարակի դեմ մեր պայքարը չէր իջնի դիմակ կրել-չկրելու, տուգանվել-չտուգանվելու մակարդակի: Պետությունը կողմնակիորեն չուղղորդեց, եւ մեծահարուստներն էլ ինքնաբուխ չֆինանսավորեցին հասարակական կազմակերպությունների, որոնք ամեն առավոտ բնակավայրերի հնարավոր բոլոր ծակուծուկերը կախտահանեին, ինչպես Եվրոպայում կամ մեր կողքի Վրաստանում: Այսինքն՝ մասամբ ձախողված է չձախողված հանրույթի ինքնակազմակերպման մեր ունակությունը:
Կարդացեք նաև
Այդ բաղձալի կամավորականությունը վերջին անգամ ցցուն արտահայտվել էր 2016թ. ապրիլյան քառօրյայի ժամանակ: Սակայն այսօր է, որ Թուրքիայի արտգործնախարարը Հունաստանին «խորհուրդ» է տալիս «չհետեւել եվրոպական որոշ երկրների հորդորներին եւ փորձության չենթարկվել»: Այդպիսի խորհուրդ մեզ էլ էին տալիս 1914-ին, որ մենք չհետեւեինք ցարիզմի պահանջին ու ապստամբություններ չբարձրացնեինք պատերազմող երկրի ճակատային թիկունքում եւ կամավորներ չտայինք ցարական բանակին, որոնց շատությունից շփոթահար Ռուսաստանը նրանց պարզապես քշեց հեռավոր արեւմուտք՝ ավստրիացիների ու գերմանացիների դեմ կռվելու: Ամեն բան չափի մեջ է գեղեցիկ, ինչպես Շեքսպիրը կասեր:
Նույն երկիմաստությունը մենք այսօր տեսնում ենք մեր շուրջը, երբ ՌԴ արտգործնախարարը ոչ շատ հստակ, սակայն հայկական կողմի վրա է նետում Տավուշի դեպքերի պատասխանատվությունը, երբ Հայաստանն օղակած թուրք-ադրբեջանական զորավարժությունները անորոշ ժամանակով երկարացվում են, ու դեռ հայտնի չէ զորավարժություններն ավարտվեցի՞ն, թե՞ ոչ. եթե ավարտվեցին, ապա թուրքական զինուժն ու զինտեխնիկան դուրս եկա՞ն Ադրբեջանից, թե՞ մնացել են այնտեղ: Իսկ այնտեղ մնալը լիարժեք խախտումն է Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերի, որ հայ ժողովրդին փաթաթեցին քեմալա-բոլշեւիկյան հեղափոխականները: Մեզ դեռ մի կողմ դնենք. Հարավային Կովկասն իր ազդեցության գերակա գոտի ընկալող Ռուսաստանն է հանկարծ հայտնաբերում, որ ի դեմս Ադրբեջանում հայտնված թուրքական ուժերի՝ վերջնականապես խախտվել են իր սահմաններն ու ուժերի հարաբերակցությունը:
Մինչեւ այսօր հայկական մի շարք շրջանակներ ու քաղաքական ուժեր էին միայն պահանջում Կարսի պայմանագրից հրաժարումը, մինչդեռ այժմ դա իր գործողությամբ դե-ֆակտո անում է Թուրքիան, ավելին՝ հրահրում է անել Ռուսաստանին: Իսկ նման հարցերում միշտ ռուսական պրոյեկտների հաշիվը փակողը մե՛նք ենք լինում. եւ խոսքը միայն Տավուշի դեպքերի մասին չէ, թեեւ այն մեզ համար չափազանց շահեկան էր: Պատժամիջոցների տակ կքած Ռուսաստանն աստղաբաշխական գումարներ ծախսեց Սեւ ծովի հատակով դեպի Թուրքիա գազամուղ կառուցելով, այն անվանեց «Թուրքական հոսք», հրաժարվեց դեպի իր հավատակից եւ ավանդական դաշնակիցներ Բուլղարիա կամ Ռումինիա այդ հոսքն ուղղելուց, սակայն պարզվում է Թուրքիան այս տարի ռուսական գազ գրեթե չի գնել՝ բավարարվելով միայն ադրբեջանականով: Այսինքն՝ զրոյացնելով «Թուրքական հոսքի» նշանակությունը՝ փորձել է ընդամենը ֆինանսապես վնասել ՌԴ-ին՝ այդ կերպ միանալով արեւմտյան պատժամիջոցներին: Թուրքական նախանձելի գամբիտ:
Թուրքիան, Կիպրոսի եւ Հունաստանի ափերի մոտ «շեղելով» Եվրոպայի ուշադրությունը, հանկարծ հայտարարում է, որ Սեւ ծովում է հայտնաբերել գազի այնպիսի ծավալներ, որ ընդամենը երեք տարի անց բավարարելու է ոչ միայն սեփական պահանջները, այլեւ արտահանելու է: Այսինքն՝ ոչ միայն ավելորդ է դառնում «Թուրքական հոսքը» Թուրքիայի համար, այլեւ վերածվում է Ռուսաստանի վրա ներազդելու գործիքի, քանի որ ինքն ընդամենը տրանզիտ տարածք է դառնում, որը կարող է ամեն վայրկյան բացել ու փակել փականը: Սեւ ծովը, որ ԽՍՀՄ ժամանակներում գրեթե ներքին ծով էր, ապա Բուլղարիայի, Ռումինիայի, Ուկրաինայի եւ Վրաստանի կորստից հետո եւ այժմ էլ գազի թուրքական հայտնաբերումից հետո դառնում է թուրքական ներքին ծով: Այսինքն՝ այն երեքհարյուրամյա տասնյակ պատերազմները, որ Ռուսաստանը մղել էր Թուրքիայի դեմ՝ Սեւ ծովում ամրապնդվելու համար, զրոյացվում են ընդամենը երեք տասնամյակի ընթացքում: Իսկ երբ սրանց ավելացվում է ռուսների կողմից Թուրքիայում ատոմակայան կառուցելու բազմամիլիարդանոց պայմանավորվածությունը, ըստ որի՝ Թուրքիան միջուկային երկիր դառնալու տեսական հնարավորություն է ստանում հենց իր ավանդական մրցակից Ռուսաստանի միջոցով, ապա ստացվում է, որ Թուրքիան տարածաշրջանում խլում է նախաձեռնությունն ու հեգեմոնի կարգավիճակ ստանում՝ ձեռքի հետ երիցս արժեզրկելով ռուսական «Թուրքական հոսքը»: Վերստին հաղթանակ է տոնում թուրքական պարտիան:
ՆԱՏՕ-ի հետ ժամանակավոր հակասություններ ստեղծելով՝ իրականում Թուրքիան փորձում է վերահաստատվել կովկասյան տարածաշրջանում: Հայաստանի արագ կողմնորոշման հնարավորությունները շատ չեն: Առաջին տարբերակը Ռուսաստանի վերջնական պարտությունից խուսափումն է, որը ներկա պայմաններում շատ մշուշոտ է պատկերանում: Երկրորդը ԱՄՆ-ի բացառիկ ներկայություն ապահովելն է տարածաշրջանում, որին առայժմ միայն Վրաստանն է պատրաստակամ, բայց նա էլ հարավային սահմաններում գրեթե ամբողջությամբ թուրքական է դարձել, իսկ նավահանգիստները գնված են Ադրբեջանի կողմից: Այս տարբերակի համար Ադրբեջանն առանձնակի խանդավառություն չի ցուցաբերի, քանի որ նախընտրելին ավագ եղբոր հետ իրական ուժ դառնալն է: Հայաստանը, պատմական փորձառությունից ելնելով, բնականաբար կխուսափի անվտանգային թեկուզ կարճատեւ վակուումից եւ կփորձի իր ուժերի ներածի չափով հնարավորինս երկարաձգել ռուսական ներկայությունը: Երրորդ տարբերակը, թերեւս, Չինաստանի եւ Իրանի հետ բալանսի ապահովման միջոցներ որոնելն է, որին խանդով կվերաբերվեն եւ՛ Ռուսաստանը, եւ՛ ԱՄՆ-ն: Վերջին՝ չորրորդ ու հոգեբանորեն ամենից դժվար ընկալելի տարբերակը «թուրքերի հետ լեզու գտնելն է», բայց դա ընդամենը ժամանակի հարց կդարձնի հայկական պետականության վերջնական կորուստը:
Աշխարհի ցանկացած մասում, ուր բացակայում են անվտանգային կոլեկտիվ համակարգերը, քաոսն է իշխում: «Սուրբ տեղը դատարկ չի մնում» հայտնի խոսքը միանգամայն կիրառելի է այս պարագայում: Այն երբեւէ կլցվի, բայց հայերիս պատմության ընթացքում մեծագույն կորուստները (ընդհուպ մինչեւ Մեծ եղեռն ու Առաջին հանրապետության վախճան) եղել են հենց անվտանգային համակարգերի տեկտոնիկ փոփոխությունների՝ չլցված միջնահատվածներում, որին դիմանալ է պետք: Դիմանալ՝ ինքնուրույնաբար: Այդ պատճառով իշխանությունների նախաձեռնած աշխարհազորային ուժերի մասին օրենքը կարող է հույս ներշնչել, թե կհաղթահարվի փորձությունը:
Պետականորեն կազմակերպված կամավորականությունն է, որ կարող է պահպանել մեր պետականությունը՝ մինչեւ «սուրբ տեղը» լցվի՝ նաեւ մեր ռազմավարի հավակնություններով: Կամավորականությունը գալիս է փոխարինելու փողի արժեքին, որն իրեն սպառել է թվային մեր պատմաշրջանում. դա նույնիսկ ամենաշատ փողն ունեցող երկրներն են փորձում սահուն կերպով, իսկ երբեմն էլ՝ շոկային եղանակով իրականացնել մետրոպոլիաներում: Կարծես մեզ եւս ոչինչ չպետք է խանգարի պարգեւավճարներին, անհագ հարստանալ-կուտակելուն արդիական փոխարինիչ գտնելուն: Միանգամայն տեսանելի են հիմնականում հոգեւոր հիմքով այն արժեքները, որոնցից կենսականն այսօր մեզ համար կամավորականությունն է՝ սկսած մեր ունկին սովորական դարձած «վալանտյորությունից» մինչեւ երկիրը պահող կամավորականություն:
Միքայէլ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆ
Պահպանողական կուսակցության նախագահ
«Առավոտ» օրաթերթ
28.08.2020