Կորոնավիրուսը մեծ երկրներում տարածվում է, փոքր երկրներում՝ կայունանում։ Առողջապահության նախկին նախարար, համաճարակաբան Արարատ Մկրտչյանն ասում է, թե, օրինակ՝ Իսպանիայի որոշ շրջաններում հիվանդության դեպքերը նորից ավելանում են։
«Բայց դա՝ նոր տարածքներում, որտեղ վիրուսը չէր եղել։ Բայց ինձ համար անհասկանալի են Վրաստանն ու Չինաստանը։ 1-1,5 մլրդ բնակչություն ունեցող Չինաստանում վարակվել է մոտ 85 հազար մարդ։ Սա մեկնաբանել հնարավոր չէ»,- ասում է նա։
Համաճարակաբանը նաև կարծում է, թե Հայաստանում վիրուսի տարածումը նվազում է, ոչ թե սահմանափակումների խստացման, մասնավորապես դիմակ կրելու, այլև բնակչության որոշակի քանակի՝ վիրուսի նկատմամբ անընկալունակ լինելու շնորհիվ։
Ա․Մկրտչյանը նաև տարօրինակ է համարում այն, որ ամբողջ աշխարհն ամեն օր կորոնավիրուսի վերաբերյալ վիճակագրություն է հրապարակում, ԱՀԿ-ն էլ սարսափներ է տարածում։ Նա չի կարծում, թե այս վիրուսն իր կլինիկական դրսևորումներով մի քանի անգամ ավելի դաժան է սովորական գրիպից։ Եվ համաճարակից հետո կորոնավիրուսը երբեմն կվերադառնա սեզոնային գրիպի տեսքով՝ ինչպես բնության մեջ եղած բոլոր հարուցիչները։
Կարդացեք նաև
Նա նաև համաձայն չէ, այն կանխատեսումների հետ, թե սեպտեմբերի կեսին, երբ դպրոցները կբացվեն, վիրուսի տարածումը կտրուկ կավելանա։ «Մեծ տատանում չեմ կարծում, թե կլինի, շատ գիտնականներ գտնում են, որ հարուցիչը հոգնել է, և նրա վարակման աստիճանը նվազել է»,- ասում է Ա․Մկրտչյանը։
Վերջինս նաև չի բացառում, որ եթե վիրուսի տարածումը շարունակի նվազել, ապա մինչև 2021թ․ կեսերը պատվաստանյութի կարիք չենք ունենա։
Ա․Մկրտչյանը համոզված է, որ եթե կորոնավիրուսով մահացած բոլոր մարդկանց դիահերձեին և փորձաքննություն իրականացնեին, ապա ավելի ճշգրիտ մահվան պատճառ կարձանագրեին։ Եվ որպես կորոնավիրուսով մահացած՝ մարդկանց թիվը շատ ավելի փոքր կլիներ, քան հիմա ներկայացվում է։ Նա գտնում է, որ այդ մարդկանց մի մասն իրականում մահացել է այլ հիվանդություններից։ «Կլինիկական նշանների վրա հիմնված եզրակացությունը դեռ ճշգրիտ եզրակացությունը չէ։ Իմ կարծիքով թիվը նվազ կլիներ։ Ավելի քան համոզված եմ»,- ասում է նա։
Մանրամասները՝ տեսանյութում