ԿԳՄՍ նախարարն` իր հրաժարականի մասին
«Իմ հրաժարականի հարցը չի քննարկվում»,-այսօր այս մասին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը: ԿԳՄՍ նախարարը պատասխանելով հարցին՝ տեսնո՞ւմ է թերություններ, որ կարող է իր հրաժարականը պահանջելու պատճառ լիներ, ասաց. «Երբ 2018 թվականին քննարկում էր գնում այն մասին, թե ինչ բարեփոխումներ են տեղի ունենալու մեր ոլորտում, ես առիթ եմ ունեցել ասելու, որ ոլորտում շատ ցավոտ եւ ծանր բարեփոխումներ են լինելու, որովհետեւ ակնհայտ էր բոլորիս համար, որ կրթական, այդ թվում մշակույթի եւ սպորտի ոլորտում այն համակարգերը, որոնք գործում են, մեծ դժգոհությունների տեղիք են տալիս եւ այդտեղ պետք է բարեփոխումներ տեղի ունենան: Ասել եմ, որ այդ բարեփոխումները վերաբերելու են շատ մեծ թվով շահառուների խմբի, եւ բնականաբար, լինելու են դժգոհություններ»:
Ըստ նախարարի, այն խումբը, որ հիմա դժգոհում է, դժգոհում է շատ կոնկրետ պատճառներով. «Դրանց մասին իրենց կհարցնեք: Իրենք բովանդակությունից, ըստ էության, մասնավորապես, հանրակրթական չափորոշիչի եւ ծրագրային չափորոշիչներից գաղափար չունեն կամ ակնհայտ կեղծում են: Եթե ակնհայտ պնդում են, որ նախնական զինվորական պատրաստություն առարկան դուրս է գալիս, նրանք ստում են, երբ ասում են, որ սեպտեմբերից սեռական դաստիարակություն առարկա է մտնում ծրագրերի մեջ, նրանք ստում են, երբ ասում են, որ բոլոր չափորոշիչներում սեռական դաստիարակության բաղադրիչ է մտած, նրանք ստում են: Երբ ասում են՝ հայկական լեռնաշխարհի փոխարեն գրված է Անատոլիա, նրանք ստում են: Այն մարդիկ, որոնք ներգրաված են այս փողոցային պայքարին, շատ կոնկրետ նրանց շահերին շատ մեծ վնաս է հասցվել, որովհետեւ նրանց գործունեությունը ոլորտում եղել է արատավոր, եւ բնականաբար, պետք է այս աղմուկը բարձրացնեն: Երբ ասում են, որ Խորենացին, Նարեկացին, Սայաթ-Նովան հանում են ծրագրից, ստում են»:
ԿԳՄՍ նախարարը նաեւ անդրադարձավ դասարաններում երեխաների՝ դիմակ կրելու պահանջին: Արայիկ Հարությունյանի խոսքով. «Ես լսել եմ ծնողների մտահոգությունները, մենք դա քննարկում ենք և, ըստ էության, այն առաջարկությունները, որոնք արվել են, այդտեղ որեւէ նոր բան չկա: Դիմակներ կրելու կարգը փակ սահմաններում սահմանված է մայիսից»:
Կարդացեք նաև
Անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ է խուսափում քաղաքացիների հետ շփումից, նախարարն ասաց․«Ես շաբաթ, կիրակի օրերը տրանսպորտով եմ շրջում, ամեն երեկո զբոսնում եմ քաղաքի կենտրոնում։ Այնպես որ այդ մտացածին տեղեկությունները մի՛ տարածեք»։ ԿԳՄՍ նախարարը լրագրողներին կոչ արեց ոչ թե տարածել հնչող ապատեղեկատվությունը, այլ խորանալ տեքստերի մեջ ու ներկայացնել իրականությունը:
Հիշեցնենք, որ մի խումբ քաղաքացիներ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականն են պահանջում, նրանք քայլերթ եւ ավտոերթ են սկսել Երեւանում։ Նրանք այսօր բողոքի ցույց էին իրականացնում նաեւ կառավարության առջեւ:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ