Փոխնախարար Արման Խոջոյանն ու ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին այցելել են «Արմբերրի» ընկերություն
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը և Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին օգոստոսի 28-ին մշտադիտարկման նպատակով այցելել են Կոտայքի մարզի Զորավան համայնքում գործող «Արմբերրի» ընկերություն։ Այցին մասնակցել է ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը:
Հյուրերը շրջել են ընկերության ժամանակակից սարքավորումներով հագեցած հատապտղանոցներում, որտեղ ներդրված են կարկտապաշտպան ցանցեր, սառնարաններ, ինչպես նաև ջրավազան, որը հատապտղանոցն ապահովվում է մաքուր ջրով։ Այստեղ առկա են օրգանական ազնվամորու և մոշի աճեցման բացառիկ պայմաններ, ինչը թույլ է տալիս ավելի մեծաքանակ և որակյալ բերք ստանալ։
Նշվել է, որ հիմնվել է հատապտուղների տնկարան, որը ոչ միայն ապահովում է անհրաժեշտ տնկիներով, այլև կազմակերպությունը պատրաստակամ է իրենից ձեռք բերված տնկիներից աճեցված բերքը հետագայում գնել և շուկայահանել: Ստեղծված ենթակառուցվածքները հնարավորություն են մատակարարման ժամկետներն ընդլայնել, ուստի արտահանման հետ կապված ռիսկերը կառավարելի են, և ընկերությունն այլևս կախված չէ եղանակային պայմաններից։
Կարդացեք նաև
«Արմբերրի» ընկերության գործադիր տնօրեն Հարություն Փախչանյանը փոխնախարարին և դեսպանին ներկայացրել է ներկայում կատարվող աշխատանքները, ֆերմերների հետ աշխատելու իրենց նոր նախաձեռնությունը, որի շրջանակում ֆերմերներն ընկերությունից ձեռք կբերեն տնկիներ, կստանան համապատասխան խորհրդատվություն տվյալ մշակաբույսի հետ աշխատելու համար։
Առաջիկայում ընկերությունը նախատեսել է ընդլայնել գործունեությունը՝ օգտվելով Էկոնոմիկայի նախարարության կողմից մշակված գյուղոլորտի պետական օժանդակության ծրագրերից։
Շրջայցի ընթացքում փոխնախարարն ընդգծել է կառավարության կողմից մշակված ծրագրերի կարևորությունն ու արդյունավետությունը։«Էկոնոմիկայի նախարարությունը «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագրի շրջանակներում համաֆինանսավորման սկզբունքով կազմակերպությանն արդեն իսկ օժանդակել է 20 մլն դրամով, ինչը նպաստել է հատապտղանոցի հիմնման, հետբերքահավաքային կարողությունների, արտահանման կարողությունների զարգացմանը: Մեր դոնոր գործընկերների կողմից տրամադրված աջակցությունը հիանալի շարունակություն է ստեղծված կարողությունների զարգացման և ընդարձակման համար», – նշել է Արման Խոջոյանը։
«Ուրախ ենք արձանագրել, որ, համագործակցելով կառավարության և այնպիսի կազմակերպությունների հետ, ինչպիսին Միջազգային զարգացման գործակալությունն է, մենք կարողանում ենք աջակցել բիզնեսին հաջողության հասնելու հարցում։ «Արմբերրի» ընկերությունն այդ եռակողմ համագործակցության արդյունքում զարգացող բիզնեսի հիանալի օրինակ է»,- ամփոփելով շրջայցի արդյունքները՝ նշել է դեսպան Լին Թրեյսին։
ՀՀ էկոնոմիկայի նախարարության
Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն