Հարցին`Ապրիլյան պատերազմի շուրջ բանավեճ է, պնդում են, որ Ապրիլյան պատերազմում հաղթանակ չենք գրանցել, իսկ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ասել է, որ Ապրիլյան պատերազմում հաղթանակ ենք տարել, այդ ժամանակ դուք փոխնախարար եք եղել, ի վերջո, ապրիլյան պատերազմում հաղթե՞լ ենք, թե ոչ, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը պատասխանեց. «Գլոբալը ռազմաքաղաքական իրավիճակն է, որը փոփոխության չի ենթարկվել: Դուք ինձնից քաղաքական գնահատական եք ուզում, Ապրիլյան գործողություններն ավարտվել են որոշ տարածքային կորուստներով, բայց ռազմաքաղաքական փոփոխություն չի կատարվել: Որպես պաշտպանության նախարար հաղթելու կողմնակիցն եմ»:
Պաշտպանության նախարարը լրագրողների հարցերին պատասխանեց խորհրդարանում:
Այն հարցին, թե երկու տասնյակից ավելի դիրքերի կորստի մասին է խոսվում, արդյոք դրանք ռազմավարական նշանակություն ունեցո՞ղ դիրքեր են եղել, նախարարն ի պատասխան ասաց. «Ես դիրքերի քանակը չեմ հաշվարկել եւ մի տարեք այդ դաշտ, բոլոր դիրքերը ռազմավարական նշանակություն ունեն, դիրքերը լուծում են մարտավարական խնդիր, քանի որ մեկ վաշտի, մեկ դասակի դիրքեր են»:
Նախարարը նշեց, որ Ապրիլյան պատերազմի դեպքերն ուսումնասիրող հանձնաժողովը դեպքերի հանգամանքները պարզելու մեծ աշխատանքներ է տանում, եւ նրանց հայտարարությունից հետո նոր միայն կարող է պատասխանել մի շարք հարցերի։
Կարդացեք նաև
Դիտարկմանը, թե ՊՆ–ն ապրիլյան դեպքերի մասին նախկինում էլ որոշակի ուսումնասիրություն է կատարել եւ փաստաթուղթ կազմել, արդյոք հանձնաժողովի ուսումնասիրության արդյունքներն էականորեն տարբերվելո՞ւ են նախկին փաստաթղթից, նախարարն արձագանքեց. «Այդ վերլուծությունը շատ մանրամասն է եղել, որը շատ հարցերի պատասխաններ տվել է, ընդ որում, եղել է մեծ ինքնաքննադատություն, ես կարծում եմ, որ շատ տարբերություն չի լինելու: Ուղղակի ինքնաքննադատությունը հնարավոր է որոշակի հրապարակային դառնալ, որոշակի`ոչ»:
Հարցին՝ նախկինում նշել էին, որ այդ ժամանակահատվածում հետախուզական տվյալների խնդիր չենք ունեցել, հիմա խոսվում է, որ թերացումներ եղել են, արդյոք դրանք բավարա՞ր են, որպեսզի քրեական գործ հարուցվի, Դավիթ Տոնոյանը նշեց, որ Ապրիլյան հանձնաժողովը, հանգամանքները պարզելու մեծ աշխատանք է կատարել, երբ ավարտի իր աշխատանքը այն ժամանակ հարցերին կպատասխանի: Նախարարն ասաց՝ մի գուցե ինչ-որ բաների հետ համաձայն լինի միգուցե՝ իր անհամաձայնությունը հայտնի:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ