«Արդյոք մեր զինծառայողն առեւանգվել է, արդյոք այլ պայմաններ են եղել՝ պետք է դեռ պարզենք: Դրանից կախված՝ տարբեր միջազգային կառույցներում տարբեր ձևաչափերով կաշխատենք »,-այսօր Ազգային ժողովում, պատասխանելով լրագրողների հարցերին, ասաց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ անդրադառնալով Ադրբեջանում հայտնված հայ սպա Գուրգեն Ալավերդյանի դեպքին:
Ըստ նախարարի, ծառայողական քննության արդյունքում հասկանալի կլինի՝ ինչպես է դա կատարվել: Ըստ նախարարի, որ այս պահին հայկական կողմի պահանջն Ադրբեջանում Կարմիր խաչի ներկայացուցչության կողմից հայ սպային այցելելն է։ Դավիթ Տոնոյանի տեղեկություններով այս պահին, նման այց չի կատարվել:
Հարցին՝ ակնհայտ է, որ Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական նորմեր են խախտվել, միջազգային հանրությունն ինչպես է արձագանքել, պաշտպանության նախարարն ասաց. «Գոյություն ունեն ստանդարտ պրոցեդուրաներ, որով ցանկացած իշխանություն, նաեւ Ադրբեջանի իշխանությունները տեղեկացվում են, զգուշացվում են, որ իրենք խախտում են կատարել: Դրանից հետո լինում են արձագանքներ տարբեր ձեւաչափերի: Մենք վստահ ենք, որ ե՛ւ ԵԱՀԿ-ի ե՛ւ Միջազգային կարմիր խաչի գրասենյակի շրջանակներում ե՛ւ ՄԱԿ-ի համապատասխան կառույցները ջանք ու եռանդ չեն խնայում, որ վերադարձվեն մեր զինծառայողները: Բայց կան նաեւ վերադարձման ինչ-որ պայմաններ՝ փոխանակել եւ այլն: Այս պահին դրա մասին խոսել ընդհանարապես մենք չենք կարող: Գլխավորն այս փուլում անվտանգ ու առողջ լինեն»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ