Հուլիսի 22-ին ոստիկանության Գավառի բաժնում գողության վերաբերյալ հաղորդում էր ստացվել։ Մի խումբ անձինք մտել էին տեղի ճանապարհաշինարարական ընկերության ասֆալտբետոնի գործարանի տարածք ու գողացել սարքավորումների մալուխներ։ Նախնական տվյալներով՝ տուժողին պատճառվել էր մոտ 2 միլիոն դրամի վնաս։ Հանցագործությունը բացահայտելու, ինչպես և հանցանքը կատարած անձանց ինքնությունը պարզելու միջոցառումները օրեր տևեցին։ Բացահայտման աշխատանքին միացան ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ծառայողները։ Համատեղ միջոցառումների արդյունքում պարզվեց գողությունը կատարելու մեջ կասկածվող անձանց ինքնությունը, և օգոստոսի 24-ին հանցագործությունը բացահայտվեց։ Լոռու և Գեղարքունիքի մարզում բնակվող տղամարդիկ ներկայացվեցին տարածքային քննչական բաժին, որտեղ տվեցին խոստովանական ցուցմունք։ Հարուցված քրեական գործի նախաքննությունն ու գողոնը հայտնաբերելու միջոցառումները շարունակվում են։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ ոստիկանություն