Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ներդրումների համար բանալին մեր ձեռքում է. Տիգրան Ջրբաշյան

Օգոստոս 28,2020 16:45

Երկարաժամկետ ներդրումներ ակնկալել չենք կարող մինչեւ՝ մեր երկիրը չփոխի տնտեսական քաղաքականությունը: Այս կարծիքին է տնտեսագետ Տիգրան Ջրբաշյանը: Նրա խոսքով՝ երկարաժամկետ ներդրումներ ներգրավելու խնդիրը ոչ միայն Հայաստանում է լուրջ, այլեւ ամբողջ աշխարհում, քանի որ արդեն տասը տարի է՝ ներդրումները հոսում են դեպի զարգացած երկրներ: Ըստ տնտեսագետի՝ նախկինում տենդենցը հակառակն էր՝ ներդրումներ կատարվում էին զարգացող երկրներում:

Այսօր «Հոդված 3» ակումբում Տիգրան Ջրբաշյանն ու տնտեսագետ Վահագն Խաչատրյանը վերլուծեցին տնտեսական իրավիճակը:
Պարոն Խաչատրյանը կարծում է, որ կառավարությունը ներդրումներ ներգրավելու համար պետք է թիրախային քաղաքականություն վարի, հարկային քաղաքականությունը վերանայի, որը, նրա խոսքով, նպաստող չէ: Վահագն Խաչատրյանի համոզմամբ՝ հարեւան Վրաստանում ավելի բարվոք ներդրումային պայմաններ են, եւ, երբ որեւէ ներդրող ընտրության առջեւ կանգնի՝ ներդրում կատարել Հայաստանո՞ւմ, թե՝ Վրաստանում, ապա որոշումը կլինի հօգուտ Վրաստանի:

Տիգրան Ջրբաշյանի խոսքով՝ Հայաստանն առաջին հերթին սեփական ուժերով պետք է լուծի արտադրողականության խնդիրը. «Ակնկալել, որ մեր երկիր կգան ներդրողներ, միամտություն է, մենք, առաջին հերթին, մեր սեփական ուժերով պետք է լուծենք մեր արտադրողականության խնդիրը, պետք է ցույց տանք, որ կարող ենք արտադրել ավելի լավ ավելացված արժեք, քան մեր մրցակիցները, որից հետո կարող ենք խոսել ներդրումների մասին: Ներդրումների համար բանալին մեր ձեռքում է, մեր տնտեսական քաղաքականության ոլորտում»:

Ըստ պարոն Ջրբաշյանի՝ արտադրողականության մակարդակով մեր երկիրը ԱՊՀ երկրների շարքում ամենավերջին տեղում է, անգամ Ղրղըզստանն է մեզնից առաջ:

Վահագն Խաչատրյանին անհանգստացնում է հարկերի հավաքագրման խնդիրը: Նրա խոսքով՝ դեռ եկող տարի էլ հարկահավաքման խնդիրն արդիական է լինելու, ինչը պետք է անհանգստացնի տնտեսության պատասխանատուներին. «Տնտեսության կարգավորիչները պետք է ընդլայնողական քաղաքականություն վարեն: Սա ոչ միայն Հայաստանի խնդիրն է այլեւ՝ աշխարհի»:
Պարոն Խաչատրյանը չի կիսում այն կարծիքը, որ կորոնավիրուսի տնտեսական հետեւանքները մեղմելու համար պետությունը պետք է ավելի շատ եւ անմիջապես քաղաքացիներին գումարներ բաժաներ՝ ինչպես աշխարհի որոշ երկրներում էր, բայց համամիտ է, որ Կենտրոնական բանկը պետք է ավելի ակտիվ, ընդլայնողական քաղաքականություն վարեր:

Տիգրան Ջրբաշյանը , դիտարկելով շինարարության ոլորտը, նշեց՝ ապրիլ-մայիս ամիսներին շինարարության ոլորտում ունեինք խայտառակ իրավիճակ, եւ վերականգնումը դեռ չի հասել այն մակարդակին, ինչպիսին մինչեւ կորոնավիրուսն էր: Ըստ նրա՝ շինարարության ոլորտում անկումը պետք է փոխարինվի պետության կողմից իրականացվող կապիտալ ծախսերով:

Նրա խոսքով՝ արդյունաբերության ոլորտում նույնպես անկում ունենք՝ պայմանավորված հանքարդյունաբերությամբ:
Անդրադառնալով տուրիզմի  ոլորտին՝ պարոն Ջրբաշյանն ասաց, որ ճիշտ է, տուրիզմի հետ կապված լրջագույն անկում կա ծառայությունների ոլորտում, սակայն  մակրոմակարդակում պատկերն այլ է. որքան ներգնա զբոսաշրջիկ էինք ունենում, այդքան էլ, ըստ Տիգրան Ջրբաշյանի, ունեինք արտագնա, եւ, այսօր այդ 1,5 միլիոն զբոսաշրջիկը մնացել է մեր երկրում, եւ տուրիզմի վրա բացասական ազդեցությունն այնքան էլ մեծ չէ:

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31