Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր մանրամասներ՝ տիրոջը օձի հարձակումից փրկած ու նրա խայթոցից սատկած գամփռների հուզիչ արարքից

Օգոստոս 28,2020 17:15

«Շիրակի կենտրոն» հ/կ նախագահ Վահան Թումասյանը, որն իր բարեգործական ծրագրերով հաճախակի է լինում Շիրակի մարզի Անիի տարածաշրջանի հեռավոր, սահմանամերձ գյուղերում, այսօր հուզիչ մի գրառում էր կատարել։

Նա ֆեյսբուքյան իր էջում պատմել էր, թե ինչպես Բագրավանի սարերում Նոր Արթիկ գյուղի երիտասարդ հովիվը, որն իր երկու գամփռների հետ արածացրել է գյուղի ոչխարների հոտը, գյուրզայի հարձակումից փրկվել է շների շնորհիվ։ Գամփռները, տեսնելով, որ տիրոջ կյանքին վտանգ է սպառնում, օձը հարձակվում է նրա վրա, մենամարտի են բռնվել, այդպիսով իրենց կյանքի գնով փրկելով հովվի կյանքը։ Գամփռները սատկացրել են օձին, սակայն նրա խայթոցներից ծանր վիրավորել ու իրենք էլ սատկել են։

Վահան Թումասյանն Aravot.am-ին որոշ մանրամասներ ներկայացրեց կատարվածից։ Նա ասաց, որ դեպքը տեղի է ունեցել այսօր կեսօրին՝ ժամը 12․00-ի սահմաններում, Բագրավանի սարերում (Նոր Արթիկ գյուղը գտնվում է մոտակայքում), որտեղ օձեր շատ կան։ Հովիվը, որը երիտասարդ տղա է, տարել էր արածացնելու գյուղի ոչխարների հոտը, չի նկատել գյուրզային, մեջքով է կանգնած եղել, դարձել ու տեսել է՝ գամփռները հարձակվել են օձի վրա ու բռնել նրա բկից։ Օձը չի հասցրել հարձակվել իրենց տիրոջ վրա։
«Չի բացառվում, որ հովիվը միամտաբար ոտքն է դրել․ օձը շատ երկար էր, 2 մետրից ավելի կամ էլ օձի բնին է կպել, որ օձը փորձել է հարձակվել։ Գամփռներն այս դեպքում զգացել են վտանգը, այլապես չէին հարձակվի։
Օձը շներին կծել է, շները գազազել են, ու այլևս բաժանել հնարավոր չի եղել։ Երկու գամփռները միասին մոտ 80 կիլոգրամ են։ Մենամարտը երկար է տևել․ օձը սատկել է, բայց իրենք շարունակել են գզել, թեև իրենք էլ վիրավոր են եղել։ Շներից մեկը հենց տեղում է սատկել՝ կռվից մոտ կես ժամ հետո, իսկ մյուսը հասել է գյուղ, այնտեղ է ընկել։ Սարի գլխին բժշկական օգնություն ցուցաբերել հնարավոր չի եղել։
Գյուղում շատ են տխրել գամփռների համար։ Գամփռները 2-3 տարեկան են»,-պատմեց Վահան Թումասյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Օձի լուսանկարը՝ Վահան Թումասյանի ՖԲ էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31