Մինչեւ այսօր ՀՀ ԱԻՆ աշխատողների շրջանում կորոնավիրուսով վարակման 91 դեպք է գրանցվել, նկատվում է նվազում: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը: «Ներսում տարածում չենք ունեցել, վարակման դեպքերի մեծ մասը դրսից ընտանիք բերելու հետեւանք է: Ունեցել ենք 380 մեկուսացած եւ մահվան երկու դեպք: Այս պահին չորս հիվանդ ունենք, իսկ տարեց աշխատակիցներն աշխատում են հեռավար կարգով: Այնպիսի իրավիճակ ենք ստեղծել, որ վիրուսը ներսում տարածում չունենա, այլապես շատ կտուժենք, վարակի աղբյուր կդառնանք»,-հայտնեց Ցոլակյանը:
Նա հիշեցրեց, որ կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում ԱԻՆ-ն իրականացնում է ազդարարման, առանձին տարածքների քիմմաքրման, ախտահանման աշխատանքներ. «138 000 օբյեկտ է մինչեւ օրս ախտահանվել, միայն երեկ՝ հազարից ավելի: Ինչո՞ւ չեն տեսնում արդյունքը, որովհետեւ առավոտ շուտ է դա արվում, օրինակ՝ Երեւանի բոլոր կանգառներում: Նաեւ բանկեր, մեծ խանութներ. դիմում են, գնում ենք»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ