«Ես առաջին օրվանից եմ ասել՝ այսօր համաճարակի դեմ պայքարն անարդյունք է, անպտուղ: Ինչ ուզում է՝ ասեն: Իմ ասածը հիմնավորում եմ: Տարածաշրջանում մահվան դեպքերով, տարածությամբ, բուժումով առաջինն ենք: Ամենավատը մեր մոտ է տարածաշրջանում»,-Կոտայքի մարզում ԲՀԿ տարածքային կառույցների անդամների հետ հանդիպմանը, խոսելով կորոնավիրուսի դեմ պայքարից, ասել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Հիշեցնենք, որ Ազգային ժողովի աշնանային նստաշրջանին ընդառաջ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը ԲՀԿ տարածքային կառույցների ներկայացուցիչների հետ հանդիպումներ է սկսել:
«Սա մեկ անգամ եւս ապացուցում է իմ ասածները: Ես ասել եմ, որ ցանկանալը շատ քիչ է: Մարդը պետք է փորձ ունենա, կատարած գործ ունենա, արդյունավետ աշխատած լինի, իր ոլորտին տիրապետի, որ կարողանա արդյունք ցույց տալ: Սիրտս ցավում է, հասկանում եմ, տեսնում եմ, որ ամեն ինչ էլ հնարավոր է, չլուծվող խնդիր չկա, պետք է նպատակային, արդյունավետ… որ մարդիկ կարողանան այս վիճակից դուրս գալ: Ով խոսում է, կխնդրեմ համարձակություն ունենա եւ դուրս գա մարզեր, զրուցի հանրության հետ»,-ասել է Գագիկ Ծառուկյանը: Նա համոզմունք է հայտնել, որ արտակարգ դրության ամիսներին գրանցված աշխատողներին պետությունը պետք է փոխհատուցեր աշխատավարձի գոնե 70%-ի չափով. «Դա պետության խնդիրն է, պետությունն է այդ որոշումը կայացրել, պետությունն է արգելել: Իսկ օրավարձով աշխատողներին պետք է տային 60 000՝ այնքան ժամանակ, մինչեւ արտակարգ իրավիճակը կվերանա: Բյուջեի գումարն օդից չի գալիս, դա ժողովրդի գումարն է»:
Ծառուկյանը շեշտել է. «Վարակը տարածված է, մեզ չեն թույլատրում որեւէ տեղ գնալ, տեղից տեղ շարժվել: Կորոնավիրուսի հետ կապված ցանկացած խնդրի ծրագիր պետք է ճիշտ ներկայացնել: Միայն ասելով չի, ճիշտ նպատակին չի ծառայում: Մարդիկ մարզերում տները նստած են, ոչ հիվանդանոցում տեղ կա, ոչ էլ աջակցում են, ոչ հակաբիոտիկ, ոչ բուժում, ստուգում… արդեն 1150 մարդ է մահացել: Քրոնիկ է, ինչ է…նման բան հիմնականում չկա, մարդը հիվանդանում է, եւ չեն կարողանում լիարժեք հասցնել կամ բուժում ներկայացնել: Ասածս պնդում եմ՝ այսօր անարդյունք, անպտուղ, ոչ փորձառու մարդիկ են ծրագիր կազմում: Ժողովուրդը չի կարողանում արդյունք, աջակցություն զգա: ժողովուրդը ճոխություն չի ուզում, օրվա հացը, ապրուստը չկորցնի, իր ընտանիքի աչքերին նայի: Մարդիկ չեն կարողանում ծնողին բուժման տանել»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Կարդացեք նաև