Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Մելքոնյան. Ազգային արժեքների պաշտպանությունը պետք է դառնա պետական անվտանգության անբաժանելի մաս

Օգոստոս 28,2020 15:07

Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանի գնահատմամբ՝ հայոց լեզվի, Հայ Առաքելական Եկեղեցու կարգավիճակները, ընտանեկան արժեքները պարտադիր սահմանադրա-իրավական արժեք ունեն և պետությունը պարտավոր է այս առնչությամբ կոնկրետ քայլեր ձեռնարկել:

Այս մասին Գեւորգ Դանիելյանն ասաց «Ազգային արժեքների պաշտպանություն» նախաձեռնության համակարգող խմբի ասուլիսի ժամանակ: Նախաձեռնող խումբը, հիշեցնենք, մշակել եւ հանրային քննարկմանն է ներկայացնում «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, հայոց լեզվի, մշակութային ժառանգության, ընտանիքի և մանկության պաշտպանության հիմունքների մասին» օրենքի նախագիծը:

Գեւորգ Դանիելյանի մեկնաբանությամբ՝ երբ այդ հարցերի վերաբերյալ պետության կողմից համապատասխան քայլերը ձեռնարկված կլինեն, խնդիրը կմնա գնահատական տալը, ոչ թե նպատակահարմարության կամ արդյունավետության տեսանկյունից դատողություններ անելն, ինչպես այսօր է:

Բանախոսը հորդորում է՝ իրենց ձեռնարկած գործողություններում քաղաքական շահ չփնտրել, քանի որ այն գոյություն չունի. «Այն արժեքները, որոնց պաշտպանության համար մենք այս կամ այն չափով արտահայտվում ենք, սահմանադրա-իրավական արժեք ունեն, և Սահմանադրության երկրորդ գլխով, որը վերաբերում է մարդու իրավունքներին և ազատություններին, մենք ոչնչի չենք կարող հասնել, եթե սահմանադրական կարգի հիմունքները պատշաճ կարգով պաշտպանված չլինեն»: Բանախոսի գնահատմամբ՝ վտանգավոր այս հարցերի շուրջ հանրային քննարկումները լայն ընդգրկվածություն չունեն, եւ իրենց դիրքորոշումները հաճախ չեն ստանում հանրության կողմից ցանկալի արձագանք, ուստի իրենք անհրաժեշտություն են համարում նշյալ հարցերին իրավական կարգավորումներ տալը:

Լրագրողներից մեկը հարցրեց՝ ժամանակակից աշխարհում գլոբալիզացիայից խուսափել չի ստացվում, և արդյո՞ք նախաձեռնությունը չի  դառնա ազգին ինքնամեկուսացնելու պատճառ: Գեւորգ Դանիելյանը պատասխանեց. «Օրինակ, Եվրամիության երկրներ կան, որոնք Ստամբուլյան, Լանզարոտեի կոնվենցիաները չեն վավերացրել: Երկրներ կան, որ աստիճանաբար հետընթաց են արձանագրում: Այսինքն՝ միանշանակ ասել, որ զարգացումները գնում են գլոբալիզացման՝ այն տեսակով, որը հաճախ հրամցնում ենք հանրությանը, այդպես չէ: Վավերացնող երկրներն էլ բոլորովին այլ մոտեցումներով ու չափանիշներով են կիրառում այդ կոնվենցիաները»:

Նախաձեռնության անդամ, ԵՊՀ Արեւելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանի (լուսանկարում) կարծիքով էլ, ազգային արժեքների պաշտպանությունը պետք է դառնա պետական անվտանգության անբաժանելի մաս, ինչը պետք է ամրագրվի օրենսդրական մակարդակով: Բանախոսի դիտարկմամբ՝ Թուրքիան եւ Ադրբեջանը անտեսանելի պատերազմ են վարում մեր ազգային արժեքների՝ կրթության, հավատքի, ավանդույթների դեմ, ուստի ինքներս պետք է ամեն կերպ ապահովագրենք մեզ, ոչ թե նպաստենք մեր ազգային արժեքների խարխլմանը:

Այլ մանրամասները՝ տեսանյութում.

https://www.youtube.com/watch?v=T3JIZunSLIM&feature=emb_title

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31