Լրահոս
Օրվա լրահոսը

Ապրելու ենք բոլոր իմաստներով խեղված հասարակությունում. Կարինե Նալչաջյան

Օգոստոս 28,2020 14:51
Karine Nalchajyan

«Ազգային արժեքների պաշտպանություն» նախաձեռնության անդամները առաջարկում են սեռական դաստիարակության արգելք մինչեւ 12 տարեկանների համար, իսկ եթե որոշում է ընդունվում այդ նորմը թույլատրել 13 տարեկանների համար, ապա պարտադիր պետք է հասարակական քննարկումներ անցկացվեն: Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում այդ մասին ասաց նախաձեռնության անդամ, ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը:

Այդ եւ առհասարակ, ազգային արժեքների պաշտպանության համար, նախաձեռնության անդամները մշակել եւ հանրային քննարկման են ներկայացնում «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, հայոց լեզվի, մշակութային ժառանգության, ընտանիքի և մանկության պաշտպանության հիմունքների մասին» օրենքի նախագիծը: Նախագիծը վերաբերվում է վերջին շրջանում վիճելի դարձած եւ աղմուկ բարձրացրած Ստամբուլյան կոնվենցիային, ըստ որի, Արա Զոհրաբյանի պարզաբանմամբ, ընտանիքն ու զույգը, ըստ էության, հավասարեցվում են, եւ Լանզարոտեի կոնվենցիային, ըստ որի, կրտսեր եւ միջին դասարանների աշակերտների համար սեռական կրթության համակարգի ներդրում է նախատեսվում:

«Բացի այդ, մենք դեմ ենք նորմային, ըստ որի, Հայ առաքելական եկեղեցին կարող է սնանկ հայտարարվել եւ լուծարվել: Մենք նաեւ ձգտում ենք, որպեսզի արգելվի երկու տղամարդկանց կամ երկու կանանց կամ էլ սեռափոխված մարդկանց միջեւ ամուսնությունը, ինչպես նաեւ նշված մարդկանց կողմից երեխա որդեգրելը: Նման ռիսկեր կան, քանի որ կարող են փորձեր արվել վավերացնելու կոնվենցիան, որն ընդունվեց Հայաստանում 2008 թվականին»- ասաց Արա Զոհրաբյանը՝ հավելելով, որ նախագիծը «Հանրաքվեի մասին» օրենքի ռեժիմով չի ներկայացվելու, որովհետև արտակարգ դրության պայմաններում արգելվում է հանրաքվե անցկացնելը: Փորձելու են ստորագրահավաք անցկացնել: Նախաձեռնությունը պատրաստ է տարբեր քաղաքական ուժերի հետ համագործակցության:

Հոգեբան Կարինե Նալչաջյանի (լուսանկարում) գնահատմամբ, այսօր ավելի նկատելի է, որ ազգային արժեհամակարգի նկատմամբ ոտնձգություններ են իրականացվում:
«Ազգային արժեհամակարգի գրեթե բոլոր տարրերը թիրախավորված են, այսօր խորքային փոփոխություններ իրականացնելու միտումներ կան: Եթե սրանք չպահպանվեն, ազգի գոյության խնդիր է առաջանում»,- ասաց նա՝ հավելելով, որ առաջին հայացքից դա նկատելի չէ, սակայն, սպառնալիք կա, ինչի համար էլ դիմադրություն է պետք: Հոգեբանի կարծիքով, վտանգը գնում է նրան, որ երեխան զրկվում է հայ ազգի ներկայացուցիչ լինելու իրավունքից: Իր կարծիքով, առաջարկվող օրենքի նախագիծը կօգնի բազմաթիվ այլ տարաձայնություններ հաղթահարել և ազգային համախմբումն իրականություն դարձնել. «Կրթական համակարգը թիրախավորվում է նույնիսկ դեռ մանկապարտեզներից, և եթե աղավաղում ենք այն՝ նմանատիպ դաստիարակություններով, ապա մենք խաթարում ենք նրանց անձնական, հոգեբանական առողջությունը: Ամեն ինչ արհեստականորեն խեղվում է, և մենք ապրելու ենք բոլոր իմաստներով խեղված հասարակության, խեղված մարդկանց միջավայրում»:

Մանրամասները՝ տեսանյութում.

https://www.youtube.com/watch?v=T3JIZunSLIM&feature=emb_title

 

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31