Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ անուն ունի ձեր ամուսնության հոբելյանը և ինչպե՞ս կարելի է այն տոնել

Օգոստոս 28,2020 18:00

Շատ ընտանիքներ ունեն իրենց ամուսնության հոբելյանը տոնելու հետ կապված ավանդույթներ: Հոգեբանները և ամուսնական հարաբերությունների փորձագետները նշում են, որ սրանք ամենևին էլ, այսպես ասած, ռոմանտիկ, շատ դեպքերում, ինչպես ընդունված է կարծել, ձևական արարողություններ չեն, այլ դրանք իրականում ամրացնում են ամուսնական, ընտանեկան հարաբերությունները, նաև նոր շունչ հաղորդում ամուսնական կյանքին: Նոր շունչ հաղորդելը թերևս կարևոր է տևական ժամանակ ամուսնացած զույգի համար:

Ամուսնական հոբելյանական տարիներն իրենց անվանումներն ունեն:  Հարսանիքի օրը համարվում է Կանաչ հարսանիք: Հնուց ի վեր նշվում է ամուսնության առաջին տարեդարձը: Այն կոչվում է «Չթե հարսանիք»: «Չթե հարսանիք» խոսքերը կապակցվում են երիտասարդ, ուրախ, նորաստեղծ ընտանիքի, ոչ հանդիսավոր հասկացությունների հետ: Ամուսնության երկրորդ տարին նշվում է Թղթե հարսանիքը: Հիմնականում սա բացատրվում է նրանով, որ ամուսիններն արդեն անցել են փորձությունների մեծ շարան, սակայն, հարաբերությունները դեռ լիովին ամուր չեն: Որոշ երկրներում գոյություն ունի հետաքրքիր ավանդույթ` ամուսինները դիմավորում են հյուրերին թղթե հագուստով:

Ամուսնական երրորդ տարին անվանվում է կաշվե հարսանիքը: Ասում են, ավանդույթի համաձայն, ամուսինները պետք է ներեն բոլոր անցած վիրավորանքները, ազատվեն այն հին իրերից, որոնք կարող են հիշեցնել վեճերի մասին:

Ընտանեկան չորրորդ տարին անվանվում է Վուշե կամ Քաթանե հարսանիք:

Ամուսնության 5-րդ տարում զույգը նշում է իր Փայտե հարսանիքը, 7-րդ տարում՝ Պղնձե հարսանիքը: 6-ամյակը համեմատում են չուգունի հետ: Ամուսնության 10-րդ տարում նշվում է Վարդե հարսանիքը:

11-ամյակը համարվում է Արճիճե կամ Վարդագույն հարսանիք: Այն նշում են որպես հարսանիքից հետո ամենակարևոր իրադարձություններից մեկը:  Սա նոր մի փուլ է, երբ, երկար ճանապարհ անցնելուց հետո, արվում են եզրակացություններ, վերագնահատում են միասին անցած ուղին: Ամուսնության 15-րդ տարում նշում են Ապակե հարսանիքը, 20-րդ տարում՝ Ճենապակե հարսանիքը, 25-րդ տարում՝ Արծաթե, 30-ում՝  Մարգարտյա, 40-ում՝ Ռուբինե, իսկ 50-ում՝ Ոսկե հարսանիքը:

Միայն հիացմունքի կարող են արժանանալ այն զույգերը, որոնց հաջողվում է նշել իրենց ամուսնության 60-րդ՝ Պլատինե և 75-րդ՝ Ադամանդե հոբելյանները:

Ամուսնական հոբելյանները՝ ըստ անվանումների

1-ամյակ` ՉԹԵ հարսանիք,

2-ամյակ՝ ԹՂԹԵ հարսանիք,

3-ամյակ՝ ԿԱՇՎԵ հարսանիք,

4-ամյակ՝ ՔԱԹԱՆԵ, ՎՈՒՇԵ հարսանիք,

5 -ամյակ` ՓԱՅՏԵ հարսանիք,

6 -ամյակ` ԹՈՒՋԵ (ՉՈւԳՈՒՆ) հարսանիք,

7-ամյակ` ՊՂՆՁԵ հարսանիք,

8-ամյակ` ԹԻԹԵՂՅԱ հարսանիք,

9-ամյակ` ՀԱԽՃԱՊԱԿՅԱ հարսանիք,

10 -ամյակ` ՎԱՐԴԵ հարսանիք,

11-ամյակ` ՎԱՐԴԱԳՈՒՅՆ հարսանիք,

12-ամյակ` ՆԻԿԵԼԵ հարսանիք,

13 -ամյակ` ԺԱՆՅԱԿԵ հարսանիք,

14 -ամյակ` ԱԳԱԹԵ հարսանիք,

15-ամյակ` ԱՊԱԿԵ հարսանիք,

20 -ամյակ` ՃԵՆԱՊԱԿԵ (ՖԱՐՖՈՐԵ) հարսանիք,

25 -ամյակ` ԱՐԾԱԹԵ հարսանիք,

30 -ամյակ` ՄԱՐԳԱՐՏՅԱ հարսանիք,

35 -ամյակ` ԿՏԱՎԵ, ՄԱՐՋԱՆԵ հարսանիք,

37,5-ամյակ` ԱԼՅՈՒՄԻՆԵ հարսանիք,

40-ամյակ` ՍՈՒՏԱԿԵ (ՌՈՒԲԻՆԵ) հարսանիք,

45 -ամյակ` ՇԱՓՅՈՒՂՅԱ (ՍԱՊՖԻՐԵ) հարսանիք,

50 -ամյակ` ՈՍԿԵ հարսանիք,

55 -ամյակ` ԶՄՐՈՒԽՏԵ հարսանիք,

60 -ամյակ` ԱԴԱՄԱՆԴԵ հարսանիք,

65 -ամյակ` ԵՐԿԱԹԵ հարսանիք,

67,5-ամյակ` ՔԱՐԵ հարսանիք,

70 –ամյակ՝ ԲԱՐԵԲԵՐ հարսանիք,

75-ամյակ` ՏԵՐՈՒՆԱԿԱՆ, ԹԱԳԱՎՈՐԱԿԱՆ հարսանիք,

100 -ամյակ` ԿԱՐՄԻՐ հարսանիք

Ինչպե՞ս նշել ամուսնական հոբելյանը

Մեկ այլ հաճույք ու հետաքրքրություն է, թե ինչպես եք նշում ձեր ամուսնության հոբելյանը: Կարևորը ոչ թե շքեղությունն ու փայլն է, այլ կրեատիվությունն ու այն, որ այդ օրը հիշեցնի ձեզ ու ձեր զուգընկերոջը ձեր հարաբերությունների, ձեր ավանդույթների և ամուսնական հիշողությունների մասին:

«Ռիդերս դայջեսթ» ամսագրի սյունակագիր Ռեյչըլ Սոկոլը զրուցել է տարբեր մասնագիտություններ ունեցող ամուսանական զույգերի հետ և պարզել,  թե նրանք ինչ ամուսնական ավանդույթներ ունեն: Օրինակ՝ «Հաղորդակցությունն ամուսնության մեջ» բլոգի հեղինակներ Աշլի և Մարկուս Կուսիները պատմում են, որ իրենց ամուսնական ավանդույթներից է միասին խնձոր հավաքելու գնալը:  Նրանց կարծիքով՝ միասին խնձոր հավաքելը, խնձորի հյութ պատրաստելն ու այն ըմպելը խորացնում է ամուսնական հարաբերությունները: Նրանք ամուսնական զույգերին խորհուրդ են տալիս թեկուզ, եթե օրվա ընթացքում ունեն միասին անցկացնելու համար 15 րոպե, այդ ընթացքում զբաղվեն երկուսի համար էլ հաճելի զբաղմունքով:

Մեկ այլ զույգ նշում է, որ հետաքրքիր տարբերակ է միասին խարույկ վառելը և այդպես նշելը ամուսնության հոբելյանը, տարբերակներից է նաև քաղաքից դուրս տուն վարձելն ու այդ օրը միասին անցկացնելը:

Կան զույգեր, որոնք միմյանց սիրային նամակներ են գրում, ամիսը մեկ անգամ կամ հենց ամուսնության հոբելյանի օրը ժամադրում իրենց կնոջը կամ ամուսնուն:

Օդապարիկով թռիչքը ևս կարող է լինել հետաքրքիր տարբերակ լինել ամուսնության հոբելյանը նշելու համար:

Ամենակարևորը, մասնագետները խորհուրդ են տալիս հիշել, որ դուք ձեր ամուսնության հոբելյանը նշում եք ոչ թե շրջապատի, այլ հենց ձեր ընտանիքի համար:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31