«Ոչ, Արսեն Թորոսյանն ԱԱԾ չի կանչվել: Նրան ԱԱԾ կանչելու որեւէ հիմք չկա»,-ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր մեկնաբանելով տեղեկությունները, թե առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ԱԱԾ է հրավիրվել, ասաց ԱԱԾ պետ Արգիշտի Քյարամյանը:
Անդրադառնալով իր՝ «մի քանի փուլով» այդ պաշտոնում նշանակմանը, որը քննադատել էր քաղաքական դաշտի մի մասը, Քյարամյանը նշեց. «Այդ հարցն ամբողջությամբ պարզաբանվել է, դրանք տեխնիկական խնդիրներ են»: Լրագրողները նաեւ հետաքրքրվեցին՝ իր նշանակումից հետո ԱԱԾ-ում կադրային արտահոսք եղե՞լ է: Քյարամյանն ասաց, որ ոչ, ապա նշեց, որ անհարմար է իրավիճակը, երբ ինքը քայլում է, իսկ լրագրողները՝ իրեն հետեւում. «Հարցերին չեմ պատասխանում այն տրամաբանության մեջ, որ ԱԱԾ-ն սպեցիֆիկա ունի: Այն տեղեկատվությունը, որը մենք կարողանում ենք տրամադրել, թափանցիկ քաղաքականության սահմաններում է»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ