Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Դիանա Գալոյան. «Համալսարանի շուրջ արհեստածին աղմուկը հիմնականում դրսից է»

Օգոստոս 28,2020 11:30

ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը պատասխանում է Aravot.am-ի հարցերին:

-Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը դարձել է Վիշեգրադյան միջազգային հիմնադրամի կողմից ֆինանսավորվող «Վիշեգրադյան քառյակի փորձի յուրացումը գիտելիքի եւ տեխնոլոգիայի փոխադրման բնագավառում» ծրագրի համակարգող, խնդրում եմ ներկայացնել ծրագիրը, այդ համատեքստում ՀՊՏՀ-ի դերակատարությունը: Ինչպե՞ս դա կարող է անդրադառնալ համալսարանի միջազգային վարկանիշի վրա:

-Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը որպես «Վիշեգրադյան քառյակի փորձի յուրացումը գիտելիքի եւ տեխնոլոգիայի փոխադրման բնագավառում» ծրագրի համակարգող՝ գործընկեր բուհերի հետ միասին փորձելու է ստեղծել կայուն երկխոսություն ձեռնարկությունների և գիտահետազոտական ենթակառուցվածք­ների միջև` նպաստելով փոխշահավետ համագործակցության կայացմանը։ Նախագծի գործընկեր վիշեգրադյան երկրների համալսարաններն ունեն մեծ փորձ գիտելիքների/ տեխնոլոգիաների փոխանցման ոլորտում։ Ուստի, ենթադրվում է, որ ընտրված գործընկերների ներգրավումը կապահովի Հայաստանում և Վրաստանում գիտելիքների և տեխնոլոգիաների փոխանցման մշակույթի ձևավորման և զարգացման լավագույն պրակտիկայի յուրացումը:

Ստացված դասերի և հաջողության պատմությունների փոխանակումը կօգնի ծրագրի շահառու խմբերին  խուսափել տարածված սխալներից ու հեշտությամբ հաղթահարել առաջացող խնդիրները։ Իր հերթին, ծրագրում ներգրավված վիշեգրադյան երկրների համար ծրագրի իրագործումը հնարավորություն կընձեռի տարածաշրջանների հետազոտողների, ակադեմիական շրջանակների և ՓՄՁ-ների հետ հաստատել գործընկերային հարաբերություններ, զարգացնել փոխշահավետ հետազոտական թեմաներ, նորարարական գաղափարներ, ինչպես նաև մշակել համատեղ միջազգային դրամաշնորհային նախագծեր՝ ի շահ բոլոր ներգրավված գործընկերների:

Ծրագրի հաջող իրագործումը հնարավորություն կտա ՀՊՏՀ-ին առավել ակտիվ ներգրավվել միջազգային այլ նախաձեռնություններում, դիմել դրամաշնորհային ծրագրերի և ընդլայնել միջազգային գիտական ցանցում իր մասնակցությունը։

-Ինչպե՞ս է Տնտեսագիտական համալսարանը նախապատրաստվում նոր ուսումնական տարուն, ինչ աշխատանքներ են կատարվել այդ ուղղությամբ:

-Մարտ ամսին հայտարարված արտակարգ դրության արդյունքում ՀՊՏՀ-ն անցում կատարեց առցանց կրթության իրականացմանը։ Այդ պահին բուհի համար բավականին դժվար էր պատկերացնել ուսուցումը բացառապես առցանց եղանակով կազմակերպելու գործընթացը, սակայն թե՛ պրոֆեսորադասախոսական ու վարչական անձնակազմը և թե՛ ուսանողները գործադրեցին ջանքեր ուսուցումը հնարավորինս որակյալ ձևով կազմակերպելու համար։ Այսօր արդեն ՀՊՏՀ-ում լրիվ գործարկված է Moodle հարթակը, որտեղ դասախոսները վերբեռնում են առարկայական ծրագրերը, դասախոսությունները, հանձնարարությունները, ամբողջովին գործարկված է նաև էլեկտրոնային դեկանատը՝ UMS համակարգը։ Սեպտեմբերի 1-ից մենք սկսում ենք դասերը առաջին կուրսի ուսանողների հետ առկա եղանակով, իսկ սեպտեմբերի 15-ից՝ մյուս կուրսերի հետ հիբրիդային տարբերակով։

Սա ենթադրում է, որ դասախոսությունները կանցկացվեն առցանց, քանի որ դասախոսություններին հոսքերը մեծ են լինում, ուստի մեկ լսարանում, համաճարակային իրավիճակի պայմաններում, նպատակահարմար չէ այդքան մարդու ներկայությունը, իսկ գործնական, սեմինար պարապմունքները ու լաբորատոր աշխատանքները կլինեն առկա տարբերակով, քանի որ կուրսերը կիսվում են և փոքր խմբերով հնարավոր կլինի կազմակերպել ուսուցումը բուհում։ Այս պահին բուհում կազմում են դասացուցակները, դասախոսները էլեկտրոնային հարթակներ են վերբեռնում նյութերը, պատրաստվում են ընդունել առաջին կուրսեցիներին:

-Ի՞նչ մթնոլորտ է տիրում համալսարանում, արդյոք հանդարտվել են կրքերը:

-Հարկ եմ համարում նշել, որ վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում կրքերը հանդարտ են եղել, արհեստածին աղմուկը, որն առկա է համալսարանի շուրջ, հիմնականում դրսից է։ Տիրում է առողջ աշխատանքային մթնոլորտ, համալսարանի պրոֆեսորադասախոսական և վարչական կազմն իրենց ողջ ջանքերն ուղղում են ուսումնական գործընթացի պատշաճ կազմակերպմանը և նոր պայմաններում արդյունավետ ուսուցման ապահովմանը։

-Ո՞րն է լինելու ձեր առաջին քայլը՝ իբրեւ ռեկտոր:

-Որևէ քայլ դժվար կլինի որակել առաջին։ Ես պաշտոնավարել եմ ՀՊՏՀ-ում նախորդ ուսումնական տարվա ընթացքում և ռեկտոր նշանակվելուց հետո շարունակելու եմ բոլոր այն նախաձեռնությունները, որոնք սկսել էինք։ Ընդհանրապես, լավագույն արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել բոլոր ուղղություններով։ Նախորդ տարի մենք արդեն սկսել էինք բուհ-գործատու կապի աշխուժացմանն ուղղված մեր գործունեությունը, որը տվեց իր դրական արդյունքը և գործատուների հետ կնքվեցին համատեղ մագիստրոսական ծրագրեր իրականացնելու մասին համաձայնագրեր, որոնք երաշխավորում են մագիստրոսների զբաղվածությունը և մրցունակությունը աշխատանքի շուկայում, դիմորդների հետ ինտենսիվ աշխատանքը հանգեցրեց նրան, որ ՀՊՏՀ-ն այս տարի այն մի քանի բուհերից է, որտեղ համալրվել են բոլոր տեղերը և թափուր տեղեր առկա չեն, իրականացվել են կարճաժամկետ ծրագրեր, որոնք հավելյալ ֆինանսական ռեսուրս են ապահովել ՀՊՏՀ-ի համար, մշակվել են մի շարք իրավական փաստաթղթեր, որոնք թույլ են տվել կանոնակարգել ՀՊՏՀ աշխատանքը, բացի Վիշեգրադի ծրագրից՝ ՀՊՏՀ-ն այս տարի նաև առաջին անգամ դարձել է ԵՄ Jean Monnet Network ծրագրի հաղթող։ Ձեռքբերումները բազմաթիվ են, և մեր գործողությունները մեկ քայլով բնութագրել հնարավոր չէ։ ՀՊՏՀ ամբողջ անձնակազմը պատրաստ է աշխատել բոլոր ուղություններով և ՀՊՏՀ-ն դարձնել տարածաշրջանի լավագույն բուհերից մեկը։

Հավելեմ նաև, որ այս օրերին, պարետատան պահանջներին համապատասխան, բուհում իրականացվում են հակահամաճարակային կանոնների պահպանման, կորոնավիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված բոլոր անհրաժեշտ աշխատանքները:

Զրուցեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31