Լրահոս
Օրվա լրահոսը

Մահացել է իրանահայ ճանաչված գործիչ Լևոն Ահարոնյանը

Օգոստոս 28,2020 11:11

Հինգշաբթի՝ 27 օգոստոսի երեկոյան, Թեհրանում մահացել է անվանի ազգային-հասարակական գործիչ, գործարար և բարերար Լևոն Ահարոնյանը: Նա ճանաչված անձնավորություն էր Իրանի հայկական և պետական շրջանակներում, Հայաստանում և արտասահմանյան գործարար շրջանակներում: Ծնվել էր 1930 թվականին հայկական պատմական Սալմաստ գավառի Հաֆթվան գյուղում, կրթություն էր ստացել Թեհրանի դպրոցներում և Ճարտարագիտական համալսարանում, ապա մասնագիտացել էր Նիդերլանդներում՝ որպես գյուղատնտես – հողագետ: Մի քանի տարի աշխատել էր Իրանի գյուղատնտեսության նախարարությունում, ապա հմտացել էր միջազգային տրանսպորտի ասպարեզում և հիմնադրել էր միջազգային բեռնափոխադրման «Սաթի» ընկերությունը:

Լևոն Ահարոնյանն Իրանի Իսլամական պետության հիմնադրումից հետո եղել է Թեհրանի հայոց թեմական խորհրդի նախագահ, տարիներ վարել է այդ պատասխանատու պաշտոնը և մասամբ նաև պետական շրջանակների հետ ունեցած իր կապերի շնորհիվ, Իրանի հեղափոխական այդ ալեկոծ օրերին՝ համախոհների հետ միասին կարողացել է ցնցումներից զերծ պահել հայկական համայնքը: Լևոն Ահարոնյանն Իրանում ավելի ճանաչվեց, երբ 1980-ի ապրիլի 24-ին, Իրանի պետական ռադիո-հեռուստատեսության առաջին ալիքի լուրերի հիմնական թողարկման ժամանակ ունեցած իր ելույթով,-որպես թուրքական յաթաղանը տեսած Ատրպատականի հայության շառավիղ-, ջախջախեց թուրք դեսպանի ստապատիր ելույթը:

Լևոն Ահարոնյանը տարիներ շարունակ եղել է Իրան-Հայաստան առևտրի պալատի նախագահ և Իրանի ղեկավարների և գործարարների հետ այցելել է Հայաստան: Նա Հայաստանում կատարել է մի շարք բարեգործություններ՝ այդ շարքում Երևանի Քանաքեռ-Զեյթուն համայնքի հրդեհից վնասված դպրոցի հիմնանորոգումը, կարիքավոր դպրոցներին գրասեղան նվիրող «Հայ Դպրոց» բարեգործական միության հիմնադրումը և «Հայաստանի կենդանական աշխարհ» թանգարանի նոր շենքի գնումն ու կահավորումը:

Իրանաբնակ բարերարի ծախսով Թեհրանում կառուցվել է «Ահարոնյան» մանկապարտեզը և երկու մատուռ: Լ. Ահարոնյանը Իրանի «Հույս» ամսագրի արտոնատերն էր և ֆինանսավորողը: Նա իր կյանքի մայրամուտին գրեց իր հուշերը՝ «Փոթորկոտ կյանքիս օրերը» վերտառությամբ:

Լևոն Ահարոնյանն արժանացել է Իրանի արդյունաբերության նախարարության պատվոգրին և Հայաստանի արդյունաբերողների և առևտրականների միության ոսկե մեդալին:

Տիգրան Դավթյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31