Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ականների շշմելու գործուղումները՝ բիզնես կլասով ու հյուրանոցի աստղաբաշխական հաշիվներով

Օգոստոս 28,2020 14:30

Ղարաբաղի հյուրանոցում 2 օրում  1 մլն 698 հազարի հաշիվ են փակել՝ բյուջեի հաշվին

«Առավոտը» Ազգային ժողովի աշխատակազմին հարցում էր արել՝ պարզելու, թե հեղափոխությունից առաջ՝ 2017-ի ապրիլից մինչեւ 2018-ի ապրիլն ընկած ժամանակահատվածում եւ հեղափոխությունից հետո՝ 2019-ի հունվարից մինչեւ 2020-ի հունվարն ընկած ժամանակահատվածում, այսինքն՝ ուղիղ 1 տարվա ընթացքում 6-րդ եւ 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորները որքա՞ն գումար են ծախսել գործուղումների վրա, յուրաքանչյուր գործուղման ծախսը որքա՞ն է կազմել՝ ավիատոմս, հյուրանոց, նաեւ՝ գործուղումների ճանապարհածախսը, կեցությունը բյուջեի՞ հաշվին է եղել, թե՞ հոգացել է հրավիրող կողմը:

Մենք արդեն հրապարակել ենք իմքայլական պատգամավորների գործուղումների մասին ուշագրավ փաստերը, հիմա անդրադառնանք նախկին իշխանությունների՝ ՀՀԿ-ականների գործուղումներին:

Առաջին եւ ամենատարօրինակ ծախսը բյուջեի վրա եղել է հուլիսի 11-13-ը Ստեփանակերտ կատարած այցը: 14 հոգանոց պատվիրակություն է մեկնել Արցախ ու 14-ի թվում պատգամավոր չկա, հանրությանը անհայտ անձինք են՝ Արամայիս Սանասարյան, Հայկ Կայանին, Տիգրան Գեւորգյան, Արտակ Իսկանդարյան, Արթուր Հովհաննիսյան, Սուրեն Ադոնց եւ այլն: Վերջիններս, մեր տեղեկություններով, վարորդ են աշխատել: Ու այդ ժամանակահատվածում պատգամավորների գործուղում Ստեփանակերտ չկա, որ ենթադրենք՝ ուղեկցել են «շեֆերին»: Հիմա ինչն է ուշագրավ այս գործուղման մեջ: Արամայիս Սանասարյանը չգիտենք ինչեր է պատվիրել, ինչ ծառայություններից է օգտվել, բայց Ղարաբաղի հյուրանոցում 2 օրվա համար 1մլն 698 հազար 740 դրամ հաշիվ է փակել՝ բյուջեի հաշվին: Գործուղումը եղել է ԱԺ նախագահի «Կ-163-Ա» կարգադրությամբ: Սովորաբար ԱԺ նախագահի կարգադրությունները զետեղվում են խորհրդարանի կայքում՝ Parliament.am-ում, սակայն կոնկրետ այս կարգադրությունը բացակայում է կայքից: Մենք ԱԺ աշխատակազմին նոր հարցում ենք արել՝ խնդրելով գտնել ու տրամադրել նշված կարգադրությունը եւ տեղեկացնել, թե ԱԺ աշխատակազմում ի՞նչ պաշտոն են զբաղեցրել նշված անձինք: ԱԺ-ից դեռ պատասխան չենք ստացել:

Հաջորդ տարօրինակ ծախսը, որ տեսնում ենք մեզ տրամադրած պաշտոնական տեղեկանքում, այն է, որ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը 2017-ի հուլիսի 16-19-ը գնացել է Մոսկվա, դա նախագահի այց է եղել ու գիտե՞ք ինչքան է արժեցել միայն նրա ավիատոմսը՝ 5 մլն 636 հազար դրամ: «Առավոտը» ԱԺ աշխատակազմին խնդրել է ճշտել՝ շփոթմունք չկա՞, հնարավո՞ր է ողջ պատվիրակության համար գնված ավիատոմսը Բաբլոյանի անվան տակ են նշել, որովհետեւ ընդունեք, 11-12 հազար դոլար վճարել Մոսկվայի ավիատոմսի համար՝ եթե չասենք անխղճություն է, անհավանական ծախս է: ԱԺ-ից այս հարցը նույնպես դեռ չեն պարզաբանել:

Այն, որ Արա Բաբլոյանը բիզնես կլասով է գործուղումների մեկնել՝ ակնհայտ է ու դրա արդյունքում գործուղման ճանապարհածախսը քառակի ավելի թանկ է նստել բյուջեի վրա: Օրինակ, 2017-ի հոկտեմբերի 12-16-ը Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Սանկտ Պետերբուրգ, պատվիրակության մյուս անդամների, այդ թվում՝ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի տոմսի արժեքը կազմել է 168-169 հազար դրամ, իսկ Արա Բաբլոյանի տոմսը մոտ 4 անգամ ավելի՝ 707 հազար 645 դրամ: Ընդ որում, Բաբլոյանի հյուրանոցային ծախսն էլ ահռելի մեծ է: Նույն ժամանակահատվածում նույնիսկ ոչ թե 4, այլ 6 օրով Սանկտ Պետերբուրգում են եղել նաեւ ընդդիմադիր պատգամավորները՝ Լենա Նազարյանը, Շաքե Իսայանը, նրանց հյուրանոցի հաշիվը կազմել է 387 հազար դրամ, իսկ Բաբլոյանի 4 օրվա հաշիվը՝ 842 հազար դրամ:

Սրանով Բաբլոյանի մեծ ծախսերը բյուջեի հաշվին չեն ավարտվում: 2017-ի հոկտեմբերի 18-20-ը Բաբլոյանը երկօրյա այցով մեկնում է Վարշավա: Պատվիրակության կազմում են եղել ընդդիմադիր ու իշխանական պատգամավորներ, ԱԺ աշխատակազմի աշխատակիցներ: Բոլոր մյուս պատգամավորների տոմսը եղել է 212 հազար դրամ, իսկ Բաբլոյանի բիզնես կլասով տոմսը՝ կրկնակի՝ 469 հազար դրամ: Ու այդ 2 օրում Բաբլոյանը հյուրանոցի հաշիվ է փակել ավելի քան 1,5 մլն դրամ: Մյուս պատգամավորների այցը եղել է հրավիրող կողմի հաշվին:

2017-ի հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 1-ը Դուշանբե գնալիս ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի, «Ելքի» պատգամավոր Սասուն Միքայելյանի ու պատվիրակության մյուս անդամների տոմսի արժեքը եղել է 436 հազար դրամ, իսկ Բաբլոյանինը՝ 1 մլն 107 հազար դրամ:

2018-ի հունվարի 28-ին Բաբլոյանի ղեկավարած պատվիրակությունը մեկնել է Բրատիսլավա: Եթե Շարմազանովի տոմսը եղել է 183 հազար դրամ, Բաբլոյանինը՝ 937 հազար դրամ: 2018-ի փետրվարի 13-15-ը Մոսկվա կատարած այցի ժամանակ էլ պատվիրակության կազմի մյուս պատգամավորների տոմսի արժեքը եղել է 82 հազար, 99 հազար դրամ, իսկ Բաբլոյանի տոմսը՝ 493 հազար դրամ:

2018-ի ապրիլի 11-13-ը գործուղման ժամանակ էլ Բաբլոյանի՝ Ս. Պետերբուրգի տոմսը եղել է 1 մլն 214 հազար դրամ, այն դեպքում, երբ նույն ժամանակահատվածում իր պատվիրակության կազմում մյուս պատգամավորի տոմսը եղել է 275 հազար դրամ: Նույնքան թանկ է նստել նաեւ Ժնեւ այցելության ժամանակ Բաբլոյանի տոմսը՝ 1 մլն 227 հազար դրամ, պատվիրակության մյուս անդամներինը՝ 234 հազար դրամ է եղել:

Հերմինե Նաղդալյանը 2017-ի սեպտեբերի 6-8-ը Փարիզ է գնացել ու միայն ավիատոմսը գնել են 1 մլն 267 հազար դրամ: Այդ ժամանակահատվածում Փարիզ մեկնած մյուս պատգամավորները՝ ՀՀԿ-ից Սամվել Ֆարմանյանը, ՀՅԴ-ից Արմեն Ռուստամյանը գնացել են հրավիրող կողմի հաշվին, իսկ ԱԺ փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանի տոմսի արժեքը եղել է 452 հազար դրամ: Ավելին՝ այդ գործուղումից օրեր անց Հերմինե Նաղդալյանը նորից է մեկնել Փարիզ, այս անգամ՝ «Ելքից» Էդմոն Մարուքյանի, «Ծառուկյան» խմբակցությունից Միքայել Մելքումյանի ու Նաիրա Զոհրաբյանի, ՀՅԴ-ից Արմեն Ռուստամյանի հետ ու թեեւ տոմսի համար 1,3 մլն դրամ չեն տվել, այլ առավելագույնը 551 հազար դրամ, բայց այդ անգամ եւս ամենաթանկ տոմսը գնվել է Նաղդալյանի համար: Փարիզից գալուց հետո Նաղդալյանը 2 օրով Աթենք է մեկնել, տոմսն ու հյուրանոցը միասին բյուջեի վրա արժեցել է 785 հազար դրամ: Աթենքից հետո Հերմինե Նաղդալյանը 2017-ի հոկտեմբերի 2-6-ը մեկնել է Անդորրա՝ հյուրանոցի ու տոմսի համար վճարելով 597 հազար դրամ: Նրա հետ են եղել այն ժամանակ ընդդիմադիր պատգամավորներ Արարատ Միրզոյանը, նաեւ ԲՀԿ-ից Տիգրան Ուրիխանյանը եւ ՀՀԿ-ից Կարեն Բեքարյանը: 6-ին գործուղումն ավարտվել է, բայց Նաղդալյանը մնացել է Անդորրայում եւս մեկ օր ու հյուրանոցի համար հավելյալ վճարվել է 178 հազար դրամ, տոմսի ծախսն այս անգամ հրավիրող կողմն է հոգացել:

Ընդհանրապես 6-րդ գումարման ԱԺ-ում ամենաշատ գործուղված պատգամավորներից է Արմեն Աշոտյանը, որը եղել է արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը: Բայց նրա դեպքում ակնառու ճոխ ծախսեր չեն նկատվում, ավիատոմսը բիզնես կլասով չէ, հյուրանոցի ծախսն էլ նույնքան է, ինչ պատվիրակության մյուս անդամներինը:

Իսկ, օրինակ, Վահրամ Բաղդասարյանը քիչ է գործուղվել, բայց ծախսը քիչ չէ: Մասնավորապես, 2018-ի փետրվարի 2-4-ը երկու օրով պատգամավորներով Ստեփանակերտ են գնացել, մյուսների այցը բյուջեի վրա 0 դրամ է նստել, իսկ Վահրամ Բաղդասարյանը հյուրանոցում բյուջեի հաշվին մոտ 1 մլն դրամ՝ 994 հազար հաշիվ է փակել: Համեմատելու համար նշենք, որ Մարգարիտ Եսայանի՝ Փարիզում հյուրանոցի երկու օրվա հաշիվը կազմել է դրա գրեթե կեսը՝ 471 հազար դրամ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
27.08.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31