Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Նախատեսում ենք հնարավորինս տեղեկացնել հանրությանը առցանց աշխարհի վտանգների եւ դրանցից զերծ մնալու եղանակների մասին»

Օգոստոս 28,2020 14:00

ArmSIG4 անվճար դասընթացը կկայանա հիբրիդ եղանակով

Օգոստոսի 26-ին .am դոմենային տիրույթը դարձավ 26  տարեկան:

«Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի արտաքին կապերի ղեկավար Լիաննա Գալստյանը մեզ հետ զրույցում պատմում է՝ երբ եւ ինչպես ստեղծվեց հայկական առաջին դոմենը, պատասխանում՝ ինտերնետ կառավարման վերաբերյալ հարցերին:

Լիաննա Գալստյանը «Ինտերնետ հանրություն»-ը ներկայացնում է նաեւ ICANN միջազգային կազմակերպությունում՝ որպես Ասիայի եւ խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի Ինտերնետ օգտվողների շահերը ներկայացնող խմբի (APRALO) փոխնախագահ, DotAsia կազմակերպությունում՝ որպես տնօրենների խորհրդի անդամ է, ինչպես նաեւ ՄԱԿ-ի Ինտերնետ կառավարման բազմաշահառու խորհրդատվական խմբի անդամ (IGF MAG):

– Ինչպե՞ս ստեղծվեց .am դոմենը եւ ինչպե՞ս հիմնադրվեց «Ինտերնետ հանրություն»-ը` ISOC-ը:

– 1994-ին, երբ ես դեռեւս դպրոցում էի սովորում եւ չէի լսել ինտերնետի մասին, մի խումբ առաջադեմ մասնագետներ եւ կազմակերպություններ ստեղծել էին ինտերնետ ենթակառուցվածքը Հայաստանում։ Ավելին, նրանք նախաձեռնել եւ հիմնադրել էին մի կազմակերպություն, որն այն ժամանակ կոչվում էր «Հայաստանի ինտերնետ օգտագործողների միություն» ՀԿ, որի միջոցով էլ հնարավորություն ձեռք բերեցին կառավարելու հայկական .am դոմենային անունների տիրույթը։ Հետագայում կազմակերպությունը վերանվանվեց «Ինտերնետ հանրություն» ՀԿ։

– 26 տարվա ընթացքում ամենակարեւոր ձեռքբերումը ո՞րն եք համարում:

– Ամենակարեւորն այն է, որ այս տարիների ընթացքում .am տիրույթը գործել է կայուն եւ անխափան։ Բացի այդ, նշանակալից ձեռքբերում է նաեւ բազմաշահառու ինտերնետ համայնքի ձեւավորումը, այս ոլորտում գիտելիքների եւ հմտությունների ապահովումը, բազմաթիվ միջոցառումների կազմակերպումը։

– 2017-ին ստեղծել եք Ինտերնետ կառավարման առաջին հայկական դպրոցը (ArmSIG): Ովքե՞ր են դասավանդում եւ ովքե՞ր կարող են մասնակցել դասընթացներին:

– Երբ ստեղծեցինք ArmSIG-ը, այն միակն էր տարածաշրջանում եւ ողջ ԱՊՀ տարածքում։ Որպես դասավանդող ամեն տարի հրավիրում ենք ոլորտի լավագույն եւ հայտնի մասնագետների ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից։ Առաջին երկու տարիներին դպրոցը գործում էր միայն Հայաստանի բուհերի ուսանողների համար։ Սակայն անցյալ տարվանից այդ սահմանափակումը դուրս եկավ, եւ դպրոցը բաց է բոլոր շահակիր խմբերի դիմորդների համար։

– Ինտերնետ կառավարմանն առնչվող ի՞նչ թեմաներ են ուսումնասիրում ուսանողները. այս տարի ի՞նչ ձեւաչափով է անցկացվելու դրանք:

– Դպրոցի մասնակիցներն ուսումնասիրում են ինտերնետ էկոհամակարգը՝ իր բազմաթիվ շերտերով՝ սկսած տեխնիկական ենթակառուցվածքից մինչեւ վերջնական օգտագործողի մասնակցությունն ու դրա կարեւորությունը։ Այս տարի, կորոնավիրուսով պայմանավորված՝ դասընթացը տեղի կունենա հիբրիդ եղանակով՝ առցանց եւ առկա հանդիպումների միջոցով։ ArmSIG4 քառօրյա անվճար դասընթացը տեղի կունենա սեպտեմբերի 14-17-ը, իսկ հայտերի վերջնաժամկետը օգոստոսի 31-ն է։

– ArmIGF հայկական ինտերնետ կառավարման ֆորումն ի՞նչ գործառույթ ունի այս ոլորտում: Այս տարի 6-րդ անգամ կայանալիք ֆորումը, կարծես, առցա՞նց է տեղի ունենալու:

– Մեր ՀԿ-ն՝ որպես Հայաստանում Ինտերնետ կառավարման միջգերատեսչական հանձնաժողովի քարտուղարություն, կազմակերպում է ամենամյա հայկական Ինտերնետ կառավարման ֆորումը՝ ArmIGF։ Այն քննարկումների հարթակ է, որտեղ բոլոր շահառու խմբերը միավորվում են եւ քննարկում ինտերնետին առնչվող արդի հարցերը, ներկայացնում այլ երկրների լավագույն փորձը։ Այս տարի, ինչպես այլ մասշտաբային միջոցառումները, ArmIGF-ը նախատեսվում է անցկացնել առցանց։ Նախապատրաստական աշխատանքներն ընթանում են, եւ շուտով մանրամասները կներկայացվեն պաշտոնական կայքում՝ armigf.am-ում:

– Երիտասարդական YouthIGF-ն արդյո՞ք անհրաժեշտություն է երիտասարդների համար:

– Այս նախաձեռնությունը հիմնադրվել է ArmSIG շրջանավարտների ջանքերով 2019-ին։ Պահպանելով IGF սկզբունքները՝ այն ընդգրկում է հենց երիտասարդների համար արդիական ու կարեւոր հարցեր։ Մեր երիտասարդներն ավելի արագ են ընկալում  այս ոլորտի նորամուծությունները, նոր տեխնոլոգիաները։ Նշեմ, որ շատ երկրներում են կազմակերպվում երիտասարդական IGF նախաձեռնություններ, եւ հայ երիտասարդները իրենց կարեւոր տեղն են զբաղեցնում այդ ցանցում։

– Ի՞նչ նոր նախագծեր եք իրականացնելու առաջիկայում:

– Հարկադրված լինելով առցանց աշխատել՝ հատկապես այս տարի նկատելի է հանրության տարբեր շրջանակներում մեդիագրագիտության պակասը։ Մենք նախատեսում ենք այդ ուղղությամբ ծրագրեր իրականացնել՝ հնարավորինս տեղեկացնելու հանրությանը առցանց աշխարհի վտանգների եւ դրանցից զերծ մնալու եղանակների մասին։

Հ. Ք.

«Առավոտ» օրաթերթ
27.08.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31