Լրահոս
Օրվա լրահոսը

Թատերագիտական նոր հարթակից մինչեւ գրողական «թայֆաներ» եւ ազատ արվեստագետի կարգավիճակի մասին օրենքի բացակայություն

Օգոստոս 28,2020 13:00

Հարցազրույց թատերագետ, արվեստագիտության թեկնածու, գրող Անուշ Ասլիբեկյանի հետ

– Դուք եղել եք ԵԹԿՊԻ-ի «Արվեստ» ամսագրի հիմնադիր-խմբագիրը շուրջ յոթ տարի: Ըստ մեր տեղեկությունների՝ ՀԹԳՄ-ի նախաձեռնությամբ  վերջապես ստեղծվելու է թատերագիտական կայք: Շատ վաղուց սպասված իրադարձություն է:

– Իրադարձությունը իսկապես սպասված է, սակայն՝ խիստ ուշացած: Ժամանակը նաեւ  ցույց կտա՝ ում համար է սպասված, համացանցում հեշտ է հասկանալ՝ հանրությանը հետաքրքի՞ր է այս ոլորտը, թե՝ ոչ: Ամեն դեպքում մասնագետներիս համար կարեւոր է կայքի ստեղծումը, ինչը տեղի ունեցավ  իմ գործընկեր, թատերագետ Տիգրան Մարտիրոսյանի համառ ու երկարատեւ ջանքերի արդյունքում, ես հրավիրված եմ որպես խմբագրական խորհրդի անդամ, հեղինակ: Ժամանակին «Արվեստը» իսկապես կարեւոր եւ միակ մասնագիտական հարթակ էր, որի շնորհիվ Թատերականի շատ ուսանողներ իրենց առաջին թատերագիտական քայլերն արեցին այստեղ՝ հենց ուսումնառության տարիներին պրակտիկա ձեռք բերելով, քանի որ ոչ մի սկսնակի որեւէ թերթ չի ասի՝ համեցիր, տպագրենք: Այստեղ նաեւ շատ ուսանողներ իրենց առաջին գրական քայլերն են արել: Ոգեւորությունը մեծ էր, համարները շատ սպասված, թերթը հստակ մթնոլորտ էր ձեւավորել դաշտում, սակայն «Արվեստն» ավարտվեց իմ ասպիրանտուրան ավարտելուն պես, քանի որ այն բուհական պարբերական էր: Հետագայում թատերագիտական մամուլի եւս երկու, երեք փորձ եղավ, ցավոք սրտի, դրանք ամիսների կյանք ունեցան, մեզանում մի արատավոր երեւույթ կա՝ նախորդների փորձառությունից օգտվել չեն սիրում, ամեն մեկն իր ամբիցիան ունի: Թատերագիտական կայքը, լիահույս եմ, որ այս խնդիրներն էլ է լուծում: Միասնական աշխատանքից միայն ոլորտը կշահի:

– Ժամանակակից թատրոն, «Ազատ բեմ», դրամատուրգ-ռեժիսոր տանդեմ, ժամանակակից դրամատուրգիայի կարգավիճակը…

– Մեր ժամանակներում գոյություն ունեցող թատրոնը դեռեւս ժամանակակից թատրոն չէ, ասել է թե՝ արդին դեռ արդիականը չէ: Թատրոններ ունենք, որոնք տարիների ընթացքում կորցրել են իրենց ասելիքը, գցել են գեղագիտական նիշը, փոխզիջման են գնացել հանդիսատեսի ճաշակի հետ: «Ազատ բեմ» հասկացությունը կարող էր լինել նման օրգանիզմների թարմացման, վերածնման գործիքը: «Ազատ բեմ», «Ազատ թատրոն» երեւույթը որպես կառուցվածք ենթադրում է առանց պետական հովանավորության թատերախումբ, որը հավաքում է տարբեր դերասանների կոնկրետ ներկայացման շուրջ, որտեղ ծնվում է ամենաթարմն ու էքսպերիմենտալը, որը,  որպես կանոն, չունի մշտական շենք, այսինքն հաստատում է մի կարեւոր հասկացություն՝ թատրոնը դա շենքը չէ: Նման օրինակներ մեր իրականության մեջ կան, Սերժ Մելիք-Հովսեփյանի «Ագորա» թատերախումբը արդեն երկար տարիներ է՝ հայ թատերական իրականություն նոր շունչ է բերել: Բայց մեկ այլ հետաքրքիր օրինակ էլ կա, երբ այդ ազատ հարթակը գործում է պետական թատրոնի ներսում, ինձ համար Պետական տիկնիկային թատրոնի փոքր բեմում, նախասրահում, փորձասենյակում, երբեմն նաեւ հիմնական բեմում ընթացող մեծահասակների համար բեմադրված ներկայացումները մեկ ընդհանրական հայացքով հենց այդ «Ազատ բեմ»-ի գաղափարն են ամբողջացնում, որտեղ տարբեր սերունդների անկախ բեմադրիչներ, երբեմն նաեւ դերասաններ, ազատություն ունեն բեմադրելու իրենց նախընտրած, նոր, էքսպերիմենտալ դրամատուրգիան:

– Դրամատուրգ-ռեժիսոր տանդեմ, ժամանակակից դրամատուրգիայի կարգավիճակը…

– Ժամանակակից դրամատուրգիան մնում է ոլորտին մշտապես հուզող թեման: Հետաքրքիր է, որ պիեսներ շատ են գրվում, թերահավատները թող այցելեն Կարինե Խոդիկյանի Թատրոն-դրամա.ամ կայքը: Դեռեւս բեմադրիչ եւ դրամատուրգ տանդեմն ուժեղ չի գործում, երկուստեք անվստահությունը լիովին հաղթահարված չէ, թեեւ ժամանակակից դրամատուրգներից մի քանիսի հետ համագործակցության գրեթե բոլոր օրինակները հաջողված են: Հարցազրույցներում հաճախ նշում եմ, որ պետք է թատերականում ուժեղացնել սցենարա-դրամատուրգիական կուրսերը. պետք է դրամատուրգիական լաբորատորիաներ կազմակերպել, վարպետության դասեր, դրամատուրգիական ընթերցումներ իրականացնել:

– Դուք՝ թատերագետներդ, ըստ էության, ազատ արվեստագետներ եք, վերջերս ԱԺ-ում հնչեց ազատ արվեստագետի կարգավիճակի հարցը: Ձեր խոսքն այս առիթով:

– Եթե դեռ որպես թատերագետ ես այն քչերից եմ, որ աշխատանք ունեմ (թեեւ դասախոսական աշխատավարձից դատելով մեզ լիովին բարեգործ կարելի է համարել), ապա որպես գրող անորոշ կարգավիճակում եմ: Փաստորեն, երկուստեք ազատ արվեստագետ եմ, ստացվում է, որ պետությունը պատասխանատվություն կամ պարտավորություններ չունի իմ՝ որպես ստեղծագործողի հանդեպ: Սա լրջագույն հարց է, որ կապված է ե՛ւ ազատ արվեստագետի մասին օրենքի բացակայության հետ, ե՛ւ հեղինակային իրավունքի կիրառման հետ, ե՛ւ «հավասար պայմանների սկզբունքի» տնտեսական երաշխիքների բացակայության հետ: Ազգային ժողովում հարցը օրենսդրի կողմից բարձրացվելու կերպից մինչեւ գործադիրի շփոթված պատասխանը պարզ դարձավ, որ այն լուծում չի ունենալու, համենայնդեպս՝ արտակարգ դրության ընթացքում: Նախարարի այն հայտարարությունը, որ բարդ գործ է իդենտիֆիկացնել ազատ արվեստագետներին, փաստում է, որ երկրում երեսուն տարիների ընթացքում պատշաճ վերաբերմունք չի եղել ազատ արվեստագետի հանդեպ:

– Որքանո՞վ է հայ թատրոնը մրցունակ համաշխարհայինի հետ, իսկ ընդհանրապես մենք մրցունակ եղե՞լ ենք:

– Վերջին տասնամյակներում բացված միջազգային ճանապարհները թատերական ոլորտում շատ բան փոխեցին: Նախ՝ «Արմմոնո», «Հայֆեստ», Շեքսպիրյան միջազգային փառատոների շնորհիվ հնարավորություն ունեցանք հաղորդակցվելու ժամանակակից համաշխարհային թատրոնի օրինակների հետ: Ինչպես նաեւ հայ թատերական գործիչների հրավերները շատացան՝ մասնակցելու արտերկրում միջազգային փառատոների, եւ ահա որերորդ դեպքն է, երբ հայաստանյան ներկայացումները վերադառնում են մրցանակներով, Գրան Պրիներով, միջազգային մամուլի բարձր գնահատականներով: Մի թարմ ու ժամանակակից երակ կա մերօրյա հայ թատրոնում, որ հանրության լայն զանգվածներին դեռեւս լիովին չի հասնում, սակայն հայի անունը միջազգային թատերական հարթակներում պատվով է պահում:

– Ձեր պիեսներից «Թռիչք քաղաքի վրայով»-ը, «Մերսեդես»-ը ներկայացվել են միջազգային հարթակներում,  միայն «Թռիչքը», գիտեմ, որ մոտ երկու տասնյակ միջազգային թատերական փառատոների մասնակից է: Դրանք նաեւ տպագրվել են արտերկրկյա պարբերականներում:

– Շնորհակալ եմ հիշելու համար, իմ «Թռիչք քաղաքի վրայով» պիեսի Նարինե Գրիգորյանի բեմադրությունը, որ սերնդակիցների հետաքրքիր ստեղծագործական փորձառություն էր, պարզվեց, որ սկսած 2010-ի պրեմիերայից առ այսօր, սիրվելու է հայ հանդիսատեսի կողմից, որ սավառնելու է աշխարհի տարբեր քաղաքների վրայով, եւ գրեթե միշտ վերադառնալու է մրցանակներով: «Մերսեդես»-ը բեմադրվեց Պատանի հանդիսատեսի թատրոնում (բեմադրիչ՝ Հակոբ Ղազանչյան)  2015-ին՝ Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների շրջանակում: Պրեմիերայի համար հրավիրվեց սփյուռքահայ անվանի դերասանուհի Նորա Արմանին (ձեր թերթը եւս անդրադարձել է ներկայացմանը): Հայրենադարձության թեման, Ցեղասպանության հետեւանքների ավերիչ ազդեցությունը երկրի եւ անհատի կյանքում շատ է հուզում հայ հանդիսատեսին, զարմանալի չէ, որ նույն տարում երկու «Արտավազդ» մրցանակի արժանացավ ներկայացումը: Թեման խիստ ազգային է թվում, սակայն ներկայացումը 2016-ին հրավիրվեց Կահիրեի ժամանակակից եւ փորձարարական ներկայացումների 23-րդ միջազգային թատերական փառատոնին եւ մեծ ընդունելություն ունեցավ տարբեր ազգերի հանդիսատեսի կողմից: Ի դեպ, «Մերսեդես»-ը թարգմանվել է ռուսերեն, լեհերեն, հունարեն, գերմաներեն ու տպագրվել է տվյալ երկրների գրական անթոլոգիաներում, ամսագրերում, զետեղվել գրական կայքերում եւ էլեկտրոնային գրադարաններում: Ինձ զարմացրել էր նաեւ Սանկտ Պետերբուրգում իմ «Կոմիտաս. Լույս բարեբեր» պիեսի պրեմիերայի ռուս հանդիսատեսի կողմից բուռն ընդունելությունը: Դա ռուս-հայկական համատեղ պրոյեկտ էր, անտրեպրիզ՝ Ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ: Եվ դարձյալ խիստ ազգային թվացող թեման անտարբեր չթողեց նաեւ այլազգի հանդիսատեսին:

– Անցյալ տարի Գերմանիայում մասնակցել եք Մագդեբուրգի գրական միջազգային փառատոնին: Ներկայացել եք որպես պոետ եւ դրամատուրգ: Ի՞նչ տենդենցներ նկատեցիք ժամանակակից համաշխարհային գրականության մեջ:

– 2019-ի նոյեմբերին Գերմանիայում մասնակցեցի «InterLese» ամենամյա գրական ընթերցումների միջազգային փառատոնին, որին մասնակցում էին գրողներ 10-ից ավելի երկրից: Այս փառատոնի ընթացքում ինձ զարմացրեց այն, որ մասնակիցները հրավիրվել էին առաջին հերթին բնագրային լեզվով ներկայացնելու իրենց ստեղծագործությունները, ապա թարգմանիչները կարդում էին տվյալ գործերը նաեւ գերմաներեն:

Գերմանացի ընթերցողն այնքան է լիացած գրական փառատոներով, որ նրան այսօր հետաքրքիր է ոչ միայն տողի բովանդակությունը, նա ուզում է լսել տվյալ լեզվի հնչողությունը, գրողի ձայնը, դրա բնագրային արտահայտչականությունը: Մի հետաքրքիր բացահայտում էլ արեցի, այսօր մեր գրական դաշտում ոլորտի «մոնոպոլիստները» թելադրում են, խրախուսում են, տարածում են ո՛չ նորմատիվ լեքսիկոնով, կյանքի հատակը նատուրալիստորեն ներկայացնող թեմաներով, գրական լեզուն աղավաղող գրականությունը: Սակայն Եվրոպայի կենտրոնում տասից ավելի երկրից եկած գրողներից եւ ոչ մեկի ստեղծագործությունը այս պահանջների մեջ չէր տեղավորվում, ուրեմն մերոնք մոդայիկ են, իսկ եվրոպացիները՝ հետադեմ, ինչպես այստեղ են սիրում պիտակավորել բարձր գեղարվեստականությամբ գործերը:

– Մեր իրականությունում այսօր, ավելի քան երբեւէ, կան նաեւ գրական թայֆաներ: Արդյոք այստեղ դեր չունի՞ մշակույթի նախարարությունը:

– Ես այդպես էլ չեմ հասկանում, հիմա կա՞  մշակույթի նախարարություն, թե՝ ոչ, եթե չկա, ապա ինչպես է նա մշակութային քաղաքականություն թելադրում, գրանտային ծրագրեր իրականացնում, եթե կա, ապա ինչո՞ւ մշակութային գործիչն այսօր այսպես անտեսված է: Արդյո՞ք մշակույթի նախարարության գործառույթը սահմանափակվում է  դրամաշնորհներ բաշխելով միայն: Համենայնդեպս, արձանագրում ենք գրքի  եւ գրատպության հանդեպ կատարյալ անուշադրություն: Նախ Գրողների միությունը զրկվում է գիրք հրատարակելու դոտացիայից, ապա փակվում են մանկական պարբերականները, փոխարենը այլընտրանք չի առաջարկվում: Գիրք տպելու մենաշնորհը եւ պետական բյուջեն ամբողջովին ուղղվում է դեպի հրատարակիչը, հրատարակիչն էլ իր հերթին օգտվելով նման արտոնությունից, ձեւավորում է իր շուրջ գրողների իր թիմը: Սա նորմալ պրակտիկա կդիտվեր, եթե այդ քաղաքականությունը ապահովեր հավասար պայմանների սկզբունքը, այնինչ մենք փաստում ենք, որ տեղի է ունենում գրական դաշտի սեգմենտավորում՝ յուրային եւ ոչ այնքան յուրային գրողների: Յուրայինները գովազդվում են որպես «նորաձեւ», իսկ մնացած ամբողջ գրական դաշտը որակավորվում է նրանց կողմից որպես «միջակ», ահա եւ նախարարության դերը թայֆաների ձեւավորման մշակույթում: Ինձ համար ավելի ընդունելի կլիներ ասելիքի ու գաղափարի շուրջ համախմբված գրողների ընկերակցությունների գոյությունը, սակայն երբ երկու կոպեկի շահն է համխմբման հիմքում, ես կգերադասեմ բոլորովին անկախ ծավալել իմ գրական գործունեությունը:

– 2006-ից դասավանդում եք Թատերական ինստիտուտում թատրոնի պատմություն առարկան: Այս տարի, ըստ մեր տեղեկությունների, թատերագիտական ֆակուլտետ դիմորդ չի եղել: Մտավախություն չունե՞ք, ո՞ւր ենք հասնելու այսպես: Օրինակ մենք ունենք:

– Ոչ միայն այս տարի, այլեւ վերջին մի քանի տարիներին ֆակուլտետը դիմորդ չի ունեցել: Ես սա համարում եմ բովանդակության կորստի նշան ոչ միայն բուհում, այլ մտավորական շրջանակներում, ի վերջո՝ երկրում: Քննադատական մտքի բացակայությունը բերում է արժեհամակարգերի կորստյան, հետեւաբար որակի անկման: Տարիներ շարունակ քննադատի ինստիտուտի դերի նվազման ուղղությամբ տարվող միտումնավոր աշխատանքն իր արդյունքները վաղ թե ուշ կտա:

– Թատերագիտությունը նաեւ ակադեմիական ոլորտ է, գիտեմ նաեւ, որ ՀՀ ԳԱԱ թատրոնի բաժնի գիտաշխատող եք, պաշտպանել եք գիտական թեզ:

– Ատենախոսությանս թեման է «Վիլյամ Սարոյանի դրամատուրգիայի բեմականությունը եւ հայ թատրոնը», թեմա, որ որպես այդպիսին առաջին անգամ է արծարծվում հայ թատերագիտության մեջ: Մեր հասարակությունը խորությամբ չի ճանաչում իր գրողին, այնինչ Սարոյանի մասշտաբի  գրող ունենալով կարող էինք աշխարհի հետ ոտք գցել: Ըստ տարբեր ուսումնասիրությունների՝ Սարոյանի պիեսները երկու հարյուրյակը հատում են, սակայն այս ժառանգությունը եւս լիովին մերը չէ, քանի որ գրողի արխիվը Ստենֆորդի համալսարանում է: Աշխատանքս պատրաստ է տպագրության, սակայն վարանում եմ որեւէ հրատարակչատան դիմել, չէ՞ որ գիտական աշխատանքը կարող է շահութաբեր չլինել հրատարակչի համար: Իսկ պետական հրատարակչական խողովակներ չկան: Ի դեպ՝ օգոստոսի 31-ին լրանում է Սարոյանի 112-ամյակը, ինչպե՞ս ենք նշանավորելու աշխարհի 40-ից ավելի լեզուներով թարգմանված, միաժամանակ Օսկարակիր եւ Պուլիտցերի մրցանակակիր միակ եւ ամենահայտնի հայազգի հեղինակի տարեդարձը:

Զրուցեց

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
27.08.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31