Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր գիրք՝ «Հայոց անձնանունները արեգակնատաք»

Օգոստոս 28,2020 12:30

Արջասարի բուրյան փեշերին է փարված Ստեփանավան քաղաքը՝ Լոռվա չքնաղ գեղեցկուհին, որտեղ ծնվել եւ իր հոգու մեղեդին է հնչեցրել բանաստեղծուհի, արձակագիր, երգահան Անահիտ Սարգսյանը:

Երկար տարիներ ապրել է օտարության մեջ (Ուկրաինա, 1985), որտեղ զբաղվել է հայապահպանությամբ, եղել Խարկովի հայկական դպրոցի տնօրեն (1990), հիմնել եւ ղեկավարել  «Հայ մշակութային կենտրոնը»: Այդ գործունեության շրջանակներում էլ ուսումնասիրել է օտար երկրում ապրող հայ մարդու հոգեբանությունը, նրա ուծացման պատճառները. ինքնություն, ազգային ինքնագիտակցություն, արժանապատվություն, ավանդույթ…

Հարցին, թե ինչն է թելադրել գիրքը գրելու, պատասխանեց՝ նպատակը հայ երեխաներին բուն հայկական անուններով կնքելն է, օտար անիմաստ անուններով չկաշկանդելը: Որովհետեւ հայկական անունները պատահականորեն չեն հայտնվել, տեղային են, բովանդակային: Ամեն անուն ունի իր նշանակությունը, դրական կենսաէներգիան, էներգետիկական դաշտը: Օրինակ՝ Վահագն անունը խորհրդանշում է հայ ազգի զորությունը, անպարտելի լինելը, Անահիտը՝ մայրության, պտղաբերության խորհուրդն ունի, նաեւ հանդիսանում է հայ արքաների հովանավորը, Աստղիկը՝ սիրո, գեղեցկության խորհուրդը:

Գիրք-բառարանը բաղկացած է «Արական անունները հայամարդերի», «Իգական անունները հայամարդերի» եւ «Ձոներգեր» բաժիններից: Հիմնականում կազմվել է Հրաչյա Աճառյանի «Հայոց անձնանունների բառարան»-ի (5 հատոր), Դիցաբանական բառարանների եւ այլ աղբյուրների հիման վրա:

Հայկ, Արեգ, Արամ, Արմեն անունները մի՞թե կարելի է համեմատել Վալոդիկի, Յուրիկի, Սերոժիկի, Վլադիկի, Սաշիկի, Միշիկի հետ: Իհարկե՝ ո՛չ: Սրանք ազգային պատկանելություն չունեն. «Եվ անվերջ կարելի է շարունակել այդ շղթան, որով ծնողները տառապանք են ստեղծում իրենց զավակների համար, երբ նրանց կոչում են այդ աղավաղված անուններով»: Հեղինակի բնորոշմամբ՝ ինչպես ամեն մարդու իր հայրենիքի օդը, ջուրը, բույսն է բուժում, այնպես էլ ազգային անունն է զորություն տալիս այդ անձնանվանը կրողին:

Անահիտ Սարգսյանը կոչ է անում ճանաչել անունները, որոնք խորհրդանշական են, ավելի զորեղ, բնութագրական՝ թե՛ մտածելակերպով, թե՛ արարչությամբ եւ թե՛ իրենց որակական հատկություններով ու արժեհամակարգով. «Արարատը հայկական լեռնաշխարհն է: Հոմանիշ են Հայկն ու Արմենը, հոմանիշ են նաեւ Հայաստանն ու Արարատը: Եվ աշխարհը մեզ ճանաչում է որպես Արմենների ցեղ (ազգ): Արմեն նշանակում է Աստվածամարդ, Արարչամարդ, հայ: Իզուր չէ, որ Հայաստանը համարվել է «Մարդկության փրկության երկիր», «Աստծո եւ մարդու հավիտենական ուխտի երկիր»:

Մտացածին, բնութագրիչ են՝ Հրաչյա-հուր աչքեր ունեցող, Թուխծամ-թուխ մազեր ունեցող, նմանատիպ անունները: Արական անունները կազմված են այր բնութագրիչով (Նորայր), իսկ իգական անունների զգալի մասը՝ «դուխտ»-դուստր բառերից: Օրինակ՝ Հայկանդուխտ, Գառնիկ, Շանթ, Այծեմնիկ, Աղավնի, Շուշան, Նարգիզ, Եզնիկ, Մանուշակ, Հասմիկ, Ծաղիկ անունների մեծ մասը ծագել է  բնության երեւույթների, կենդանիների, բույսերի անվանումներից:

Դիցերի անուններից են ծագել Արամազդ, Միհր, Վահագն, Անահիտ, Աստղիկ, Արեգ հայկական հատուկ անունները, որոնք գոյություն են ունեցել դեռեւս Հին Հայաստանում:

Աշխարհագրական հատուկ անուններից են՝ Հայաստան, Արարատ, Անի, Վանիկ, Վանուհի, Արաքսի, Մասիս, Տարոն, Սասուն…անունները, որոնք բովանդակում են ծովից-ծով Հայաստան:

«Ձոներգեր» բաժինը նվիրված է դիցերին ու դիցուհիներին՝ Վիշապաքաղ Վահագնին, լուսաճաճանչ, արդարադատ Միհրին, դպրության, արվեստի հովանավոր Տիրին, հայոց դիցամայր Անահիտին, սիրո դիցուհի Աստղիկին, որտեղ ներկայացված են նրանց արարչական խորհուրդները, խորհուրդներ, որոնք նաեւ Հայք-հայամարդերի խորհուրդներ են.

«…Եվ պիտ հավերժի՛ երկիրն Արարատ՝
Հայամարդերի նվիրումով սուրբ,
Պիտ ծնվեն Հայկե՛ր, Արմեննե՛ր, Տիրեր,
Նանե՜, Անահի՜տ, Արփի ու Աստղի՜կ…
Թագակիրների Հայաստանը նոր
Կրկին պիտ լինի դրախտ փառավոր»:

Անահիտ Սարգսյանի «Հայոց անձնանունները արեգակնատաք» գիրք-բառարանի նպատակը, ինչպես վերը նշեցինք՝ Հայաստանում, Սփյուռքում իրենց երեխաներին բուն հայկական անուններով կնքելն է, ոգեղեն դարձնելը, զորություն, ինքնավստահություն եւ ինքնաճանաչում հաղորդելը:

Գուրգեն ԼՈՌԵՑԻ

«Առավոտ» օրաթերթ
27.08.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31