Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Մշակվել է բավական լուրջ բազա, տխուր կլիներ այն կորցնել». Լավրովի ցուցումը՝ Բաքվին

Օգոստոս 28,2020 12:00

Լավրով-Բայրամով առաջին բանակցությունները՝ ԼՂ հարցով

Օգոստոսի 26-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հրավերով Մոսկվա մեկնեց Ադրբեջանի նորանշանակ արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը: Դա նրա երկրորդ արտասահմանյան այցն էր:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության փոփոխության փորձերն անընդունելի են, շեշտեց ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը՝ Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

«Մենք հանձնառու ենք քաղաքական կարգավորմանը», Մոսկվայում շեշտել է Ադրբեջանի ԱԳ նախարարը։ Նա հարկ է համարել շեշտել. «Բանակցային գործընթացը պետք է լինի կոնկրետ հարցերի շուրջ, պետք է լինի սուբստանտիվ, այլ ոչ թե՝ իմիտացիոն»:

Սերգեյ Լավրովը համաձայնվել է, որ անհրաժեշտ է ղեկավարվել այն որոշումներով, որոնք ընդունել է միջազգային հանրությունը: Նա մանրամասնել է. «Ներառյալ նաեւ ՄԱԿ ԱԽ բանաձեւերը, որոնք հետապնդում էին պատերազմը դադարեցնելու անհապաղ խնդիր, եւ հետագա փուլերում մշակված խաղաղ կարգավորման չափորոշիչները։ Դրանք մշակվել են ԵԱՀԿ շրջանակում, որտեղ ստեղծվել է Մինսկի խումբը, որի համանախագահներն են Ռուսաստանը, ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան։ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների, կողմերի՝ Հայաստանի եւ Ադրբեջանի հետ միասին մշակվել է տարբեր մոտեցումերի մանրամասների փաստաթղթերի մի ամբողջ զանգված, բայց մեկ նպատակով՝ խնդիրը կարգավորել այն սկզբունքների հիման վրա, որոնք ամրագրված են ՄԱԿ կանոնադրության եւ ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտի մեջ։ Կա փաստաթղթերի մի ամբողջ շարք, որոնց տակ դրված են Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների ու ԱԳ նախարարների ստորագրությունները՝ համանախագահների հետ միասին, որտեղ թեկուզ ամենաընդհանուր գծերով, բայց ամրագրված է կարգավորման համալիր մոտեցում, որը արդյունքում պետք է հանգեցնի խնդրի վերջնական լուծման»:

Լավրովի մատուցմամբ՝ մշակվել է բավական լուրջ բազա եւ տխուր կլիներ այն կորցնել։ «Ցավոք, մենք տեսել ենք այդպիսի փորձեր, ներառյալ բանակցողների կազմի փոփոխության փորձեր, ինչն անընդունելի է, եւ մենք այդ մասին հայտարարել ենք։ Բայց ավելի ինտենսիվ բանակցություններն, իհարկե, չէին խանգարի»,-նկատել է Լավրովը։ Նրա խոսքով՝ համանախագահները նախատեսել են հաջորդ ամիս այցելել Բաքու եւ Երեւան, նախատեսված են շփումներ նաեւ նախարարների միջեւ։ «Սակայն ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ է կարգավորել իրավիճակը, բացառել միջադեպերը ոչ միայն Ղարաբաղի շրջանում եւ շփման շրջաններում, այլեւ հայ-ադրբեջանական սահմանին։ «Մենք մեծ հույս ունենք, որ այն, ինչ տեղի ունեցավ հուլիսին, այլեւս չի կրկնվի եւ մյուս շահագրգիռ երկրների, Ադրբեջանի եւ Հայաստանի բարեկամների հետ միասին ամեն կերպ կնպաստենք կարգավորմանը»,- ամփոփել է Ռուսաստանի արտգործնախարարը։

«Պայմաններ՝ քաղաքական հարցեր լուծելու համար»

Մինչ Լավրով-Բայրամով հանդիպումը՝ Ադրբեջանը ԱԳ նախարարը հարցազրույց էր տվել ՏԱՍՍ գործակալությանը, որում անդրադարձել էր նաեւ Արցախի հակամարտության կարգավորմանը, հայ-ադրբեջանական սահմանային վերջին լարվածությանը: Նրա խոսքով՝ պաշտոնական Բաքուն ԵԱՀԿ Մինսկի խմբից, այդ թվում՝ Ռուսաստանից ակնկալում է հետեւողական քայլեր կառուցողական եւ սուբստանտիվ բանակցությունների շրջանակներում՝ խաղաղ գործընթացն առաջ տանելու համար:

Ադրբեջանի նորանշանակ ԱԳ նախարարը Հայաստանին հերթական անգամ մեղադրել է հուլիսին Տավուշի ուղղությամբ «սադրանքների» մեջ եւ թվարկել է ադրբեջանական կողմի կրած վնասները, անդրադարձել հակամարտության «սկզբնական» պատճառներին՝ հղում անելով Բուդապեշտի գագաթաժողովի փաստաթղթին, ՄԱԿ-ի բանաձեւերին: «Հույս ունենք, որ միջազգային հանրությունը, առաջին հերթին ԵԱՀԿ Մինսկի խումբը, կհարկադրեն Հայաստանին հրաժարվել ստատուս-քվոյի պահպանման քաղաքականությունից եւ սկսել սուբստանտիվ բանակցություններ, որոնց շրջանակները հաստատվել են ՄԱԿ Անվտանգության խորհրդի վերոնշյալ բանաձեւերով եւ ԵԱՀԿ որոշումներով, առաջին հերթին 1994թ. Բուդապեշտի փաստաթղթով, որը համանախագահների առաջ դնում է հստակ խնդիր, այն է` անհապաղ կնքել զինված հակամարտությունը դադարեցնելու համաձայնագիր, որի իրականացումը կվերացնի զինված հակամարտության հետեւանքները եւ պայմաններ կստեղծի՝ քաղաքական հարցեր լուծելու համար»,-ասել է Բայրամովը:

Հարցին, թե արդյոք անհրաժեշտ է միջազգային տարբեր մեխանիզմների ներգրավում՝ հայ-ադրբեջանական սահմանին հրադադարը վերահսկելու համար, նախարարը պատասխանել է, որ հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի մոնիթորինգի մեխանիզմ արդեն գոյություն ունի՝ ի դեմս ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի գլխավորած առաքելության. «Մենք մոնիթորինգի հարցը դիտարկում ենք զորքերի դուրսբերման եւ վտարված բնակչության վերադարձի համատեքստում»:

Նա նաեւ նշել է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ցանկանում են աշնանը կազմակերպել հանդիպում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների միջեւ: «Բայց Հայաստանի գործողությունները փաստացի առ ոչինչ են դարձնում միջնորդների ջանքերը»,- ասել է Բայրամովը՝ հավելելով, որ Հայաստանն իբրեւ թե խափանում է խաղաղ բանակցությունները վերսկսելու հնարավորությունը: Անդրադառնալով Ռուսաստանի կողմից Հայաստանին զենքի մատակարարումներին՝ Բայրամովն ասել է, որ Ադրբեջանի հանրությունը լուրջ անհանգստություններ ունի այս առումով:

Նշենք, որ մինչ Լավրով-Բայրամով հանդիպումը օգոստոսի 26-ին կայացել էր ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Նրանք քննարկել էին հուլիսյան մարտերից հետո տարածաշրջանային զարգացումները եւ այս համատեքստում ԼՂ խաղաղ գործընթացի շուրջ ստեղծված իրավիճակը: «Նախարար Մնացականյանն ընդգծեց տարածաշրջանային խաղաղության, կայունության եւ անվտանգության պահպանմանն ուղղված հայ-ռուսական համագործակցության կարեւորությունը», ասվում էր ՀՀ ԱԳՆ-ի տարածած մամլո հաղորդագրության մեջ։

ՌԴ Պն նախարարի պարզաբանումները Բաքվում

Այն բանից հետո, երբ անցյալ շաբաթվա վերջին Մոսկվա էր մեկնել ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, մի քանի օր անց ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն աշխատանքային այցով մեկնեց Բաքու: Ռուսաստանը շահագրգռված չէ Անդրկովկասում լարվածության էսկալացիայով եւ նրա գործողություններն ուղղված չեն այդ տարածաշրջանում երրորդ երկրների դեմ, Բաքվում հայտարարեց ՌԴ ՊՆ նախարար Սերգեյ Շոյգուն՝ Զաքիր Հասանովի հետ հանդիպմանը:

«Գիտենք եւ տագնապով հետեւում էինք այն իրադարձություններին, որոնք տեղի ունեցան Հայաստանի հետ սահմանին… Եվ գիտենք այն տագնապների մասին, որոնք առկա էին դեպի մեր ռազմաբազա թռիչքների կապակցությամբ: Ես ուզում եմ միանգամից ասել՝ մեր բոլոր գործողությունները երբեւէ ուղղված չեն եղել եւ այժմ էլ ուղղված չեն Ադրբեջանի՝ մեր հարեւանի եւ մեր գործընկերոջ դեմ: Ռուսաստանը շահագրգռված չէ Անդրկովկասում լարվածության էսկալացիայով»,- ասել է Շոյգուն:

Նրա խոսքով՝ Ռուսաստանը Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայում իրականացնում է սոցիալական օբյեկտների շինարարություն, որոնցով զինծառայողներն ապահովված չեն: «Սրա հետ է կապված որոշ աննշան ակտիվություն: Եվ երկրորդ մասը զորակոչի նախագիծն է: Ինչ-որ մեկին պետք է տուն վերադարձնել, ինչ-որ մեկին՝ ընդհակառակը»,- նշել է ՌԴ ՊՆ-ի ղեկավարը: «Եվս մեկ անգամ կրկնում եմ՝ մեր գործողությունները եւ քայլերը երբեւէ ուղղված չեն եղել Ադրբեջանի դեմ եւ այսօր եւս ուղղված չեն»,- վստահեցրել է նա:

Շոյգուն նաեւ հայտնել է, որ Ռուսաստանը եւ Ադրբեջանը այս կամ գալիք տարում կվերականգնեն համագործակցության նախկին տեմպը, որը նվազել է կորոնավիրուսի համավարակի պատճառով. «Ռազմական համագործակցության մեր հորիզոնները նեղացել են ինչ-որ չափով համավարակի պատճառով, սակայն ես միանգամայն համոզված եմ, որ այսօր մենք կքննարկենք եւ կձեռնարկենք անհրաժեշտ միջոցները, որպեսզի այս ժամանակահատվածում բաց թողնվածը վերականգնվի, եթե ոչ այս, ապա հաջորդ տարի»:

ՌԴ Պն նախարարի հայտարարություններից տպավորություն է ստեղծվում, որ նա փորձում է Ադրբեջանի առջեւ արդարանալ՝ ռուսական ռազմաբազայի ակտիվության հետ կապված: Ավելին՝ պաշտոնական Մոսկվան հարկ է համարում վստահեցնել, կրկնել, որ ՌԴ-ի գործողությունները եւ քայլերը երբեւէ ուղղված չեն եղել Ադրբեջանի դեմ:

Բաքվից վերջերս Ռուսաստանի ուղղությամբ հնչող քննադատություններն, ինչպես երեւում է, Մոսկվային բավական անհանգստացրել են: Դրանով էր թերեւս պայմանավորված, որ նախ ՌԴ ԱԳ նախարար Լավրովը հուլիսյան մարտական գործողությունների բռնկման մեղավոր մատնանշեց հայկական կողմին, այժմ էլ ՌԴ Պն նախարար Շոյգուն է Ադրբեջանում արդարանում ու վստահեցնում, որ ընդդեմ Ադրբեջանի քայլ չեն արել:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
27.08.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31