Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հաղորդել է, որ ձևավորել է իրավապահ մարմինների աշխատակիցներից ռեզերվ, որն անհրաժեշտության դեպքում կօգնի Բելառուսին:
«Ալեքսանդր Գրիգորևիչը (Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն) ինձ խնդրել է իրավապահ մարմինների աշխատակիցներից որոշակի ռեզերվ ձևավորել։ Եվ ես դա արել եմ: Բայց մենք պայմանավորվել ենք նաև, որ այն չի օգտագործվի այնքան ժամանակ, քանի դեռ իրավիճակը դուրս չի եկել վերահսկողությունից»: Ինչպես հաղորդում է BBC-ն, այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է «Ռոսիա 1» հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Պուտինի խոսքով՝ Ռուսաստանը պարտավորություն ունի Բելառուսի առաջ անվտանգության ոլորտում, և Լուկաշենկոն դրել է այդ հարցը: Ռուսական ուժերը չեն օգտագործվի այնքան ժամանակ, քանի դեռ «ծայրահեղական տարրերը չեն անցել որոշակի սահմաններ»՝ հայտարարել է նախագահը: Նա նաև հույս է հայտնել, որ Բելառուսում բոլոր հարցերը կլուծվեն խաղաղ ճանապարհով, սահմանադրական դաշտի շրջանակներում:
Նշենք, որ Բելառուսում շարունակվում են բողոքի ցույցերը:
Կարդացեք նաև
BBC-ի փոխանցմամբ՝ ՕՄՕՆ-ի աշխատակիցները ցրել են ցույցի մասնակիցներին, որոնք հավաքվել էին Մինսկում՝ Անկախության հրապարակում: Միևնույն ժամանակ ոստիկանությունը ձերբակալել է մի խումբ լրագրողների, այդ թվում՝ արտասահմանցի:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ