Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գյումրիում երիտասարդ աղջիկների են կալանավորել․ պատճառը ցնցել է այս քաղաքի բնակիչներին

Օգոստոս 27,2020 23:25

Ինչպես տեղեկացրել ենք, մեկ շաբաթ առաջ՝ օգոստոսի 20-ի ուշ երեկոյան Գյումրու կենտրոնական Գորկու զբոսայգու մոտ կտրել էին 23-ամյա Ա․Ս․-ի պարանոցը։ Վերջինս իր ոտքով հասել էր Գյումրի բժշկական կենտրոն, որտեղ բուժօգնություն ստանալուն պես ոստիկանները նրան տարել էին հիվանդանոցից։

ՀՀ քննչական կոմիտեն երեկ հաղորդագրություն տարածեց, որը բառի իսկական իմաստով շոկի մեջ գցեց բազմաթիվ գյումրեցիների։ « Էս ո՞ւր ենք հասել», «Էս ի՞նչ է կատարվում մեր քաղաքում»․ նման ձևով էին արձագանքել օգտատերերից շատերը։ Պարզվեց, որ սպանություն կազմակերպելու ու կատարելու փորձի մեջ մեղադրվում են գյումրեցի երկու երիտասարդ աղջիկներ՝ 19 և 23 տարեկան, որոնք ընկերուհիներ են։

Նրանցից մեկը՝ 23 տարեկան աղջիկը, եղել է Ա․Ս-ի ընկերուհին։ Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ 23-ամյա տղան դեպքից հինգ օր առաջ Գյումրու Անի թաղամասի բնակարաններից մեկում բռնաբարել էր 23-ամյա աղջկան՝ իր ընկերուհուն, իսկ մինչ այդ Մուշ թաղամասի բնակարաններից մեկում էլ փորձել էր բռնաբարել 19-ամյա աղջկա, որը չէր ստացվել։

23-ամյա աղջիկը, իր կապերը խզելով այս երիտասարդի հետ, որոշել է վերժխնդիր լինել ու իր 19-ամյա ընկերուհու միջոցով փորձել կյանքից զրկել ընկերոջը: Աղջիկները ուշ երեկոյան հաշիվ պարզելու նպատակով տղային ժամադրել էին Գյումրու Գորկու այգու, նրանից մեկը՝ 23-ամյա աղջիկը սկսել է զրուցել նրա հետ, ու այդ ընթացքում մյուս աղջիկը թիկունքի կողմից մոտեցել է երիտասարդին ու իր հետ վերցրած ածելիով կտրել պարանոցը։

Գյումրիում մեծ աղմուկ հանած այս դեպքի մասին հաղորդագրությունն էր տարածել նաև ՀՀ ոստիկանությունը՝ տեսանյութ հրապարակելով։

Ոստիկանության պաշտոնական լրահոսից տեղեկանում ենք, որ սպանության փորձ կատարած աղջիկները կալանավորված են։ Հանցանքը դեպքից ժամեր անց բացահայտել են ոստիկանության «Կումայրի» բաժնի քրեական հետախույզները։

Ոստիկանության պաշտոնական տեղեկատվության մեջ գրված է․ «Օգոստոսի 20-ին, կեսգիշերին մոտ, հիվանդանոցից ոստիկանության Կումայրիի բաժին հաղորդում ստացվեց, որ պարանոցի կտրած, արնահոսող վերքով 23-ամյա մի երիտասարդ է բուժօգնության դիմել:
Օպերատիվ խումբը մեկնեց բժշկական կենտրոն: Իրավապահները զրուցեցին բժշկի հետ: Արձանագրեցին՝ երիտասարդն ինչ ախտորոշմամբ էր հիվանդանոց տեղափոխվել: Իսկ թե որտեղ և ինչ հանգամանքներում էր վնասվածքը ստացել` հարկավոր էր պարզել:

Քրեական հետախույզները բացահայտման ուղղությամբ անհետաձգելի միջոցառումներ ձեռնարկեցին: Արագ և օպերատիվ աշխատանքի արդյունքում հաղորդումից ժամեր անց հանցագործությունը բացահայտվեց:

Պարզվեց՝ տուժողին փորձել էին սպանել գյումրեցի երկու աղջիկ, որոնցից մեկը, ըստ նախնական տվյալների, նրա ընկերուհին էր:

Անձնական հարցերի շուրջ անհամաձայնության թե վրեժ լուծելու դիտավորությամբ, աղջիկները երիտասարդին այգի էին հրավիրել, և երբ նա ընկերուհու հետ զրուցելիս էր եղել, մյուս աղջիկը թիկունքից ածելիով կտրել էր պարանոցը:

Իրավապահները ստացված տեղեկություններն իրացնելով՝ նույն օրը երկուսին էլ բերման ենթարկվեցին ոստիկանության Կումայրիի բաժին:
Նրանք կալանավորվել են: Հանգամանքները պարզվում են»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31