Արդարադատության նախկին նախարար, ԱԺ նախագահի նախկին տեղակալ, իրավաբանական գիտությունների թեկնածու Արփինե Հովհաննիսյանի եւ իր գործընկերոջ համատեղ աշխատանքի արդյունքը՝ «Մեդիա իրավունք» ուսումնական ձեռնարկը երաշխավորվել է տպագրության՝ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի գիտական խորհրդի կողմից:
Գրքի շնորհանդեսի ժամանակ տիկին Հովհաննիսյանը նշեց, որ սա իր բազմաթիվ գրքերից մեկն է, ինքը մեկ տասնյակից ավելի գրքերի հեղինակ եւ համահեղինակ է, որոնք մասնագիտական ուղղվածություն ունեն:
Ինչ վերաբերում է մեդիա իրավունքի դասագիրք գրելուն, նշեց, որ այդ մտահղացումը վաղուց կար, երբ իրավաբանական ֆակուլտետին զուգահեռ դասավանդում էր նաեւ ժուռնալիստիկայի ֆակուլտետում:
Կարդացեք նաև
«Այդ պահից սկսած՝ իմ գործունեությամբ պայմանավորված շատ էի առնչվում այդ ոլորտում առկա տարբեր խնդիրների եւ անընդհատ ուսումնասիրում էր միջազգային փորձը, դատական պրակտիկան, մեր օրենսդրության խնդիրներին էի առերեսվում: Կարող եմ ասել, որ այս գիրքը իմ եւ իմ շատ լավ ընկերոջ՝ նախկին ուսանող Մ. Այվազյանի համատեղ ուղու ամփոփումն է: Եվ թող անհամեստ չհնչի, սա միայն հայկական իրականությանը վերաբերվող գիրք չէ, իհարկե այստեղ արծարծված են նաեւ հայկական մեդիա տիրույթում առկա հիմնական խնդիրները, բայց բացահայտված է ամբողջ միջազգային պրակտիկան»,- նշեց Արփինե Հովհաննիսյանը:
Հավելեց, որ փորձ ենք արել ներկայացնել Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի եւ այլ հեղինակավոր կառույցների փորձն ու նորույթները, որոնք լրագրողների համար պրակտիկ նշանակություն ունեն:
Նրա ձեւակերպմամբ, այս ձեռնարկին ծանոթացած լրագրողն ավելի պաշտպանված կլինի եւ բերելով իր իմացությունը հանրային տիրույթ՝ կստիպի իրավակիրառ, իրավապահ մարմիններին, դատարաններին՝ կիրառել այդ պրակտիկան. «Որովհետեւ մենք ունենք Մարդու իրավունքների եվրոպական դատարանի շատ որոշումներ, որոնք այսօր քննարկվում են,ասում են՝ չկա այդ կարգավորումը մեր օրենսդրության մեջ, բայց Մարդու իրավունքների Եվրոպական դատարանն այդ հարցին լուծում է տվել:
Ես իսկապես հույս ունեմ, որ այս գիրքը նպատակին է ծառայելու, սա այն ամենն է, ինչ լրագրողները պետք է իմանան իրավաբանության մասին, իսկ իրավաբանները՝ լրագրության մասին»:
Aravot.am-ը Արփինե Հովհաննիսյանից հետաքրքրվեց, թե հատկապես որ պաշտոնյաներին խորհուրդ կտա կարդալ ձեռնարկը: «Կարծում եմ մեկ պաշտոնյայի չէ, այլ պաշտոնյաների համախմբի խորհուրդ կտայի, ընդ որում ոչ միայն ներկա, այլ նաեւ ցանկացած ժամանակի իշխանության սա կարող է վերաբերել, որովհետեւ հակվածությունը եւ գայթակղությունը միշտ մեծ է լրատվամիջոցներին լռեցնելու, զսպելու: Որեւէ իշխանություն այդ արատից զերծ չէ, պարզապես մեթոդները եւ կոշտության աստիճանն են տարբեր, եւ այս առումով լրագրողների համար կենսական անհրաժեշտություն է լինել պաշտպանված, իսկ պաշտպանված լինելու լավագույն տարբերակը սեփական իրավունքներն իմանալն է»:
Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ գրքում ի թիվս այլնի, անդրադարձ կա լրագրողական գործունեության հասկացությանը, լրագրողական աղբյուրների պաշտպանությանը, անձնական կյանքը հարգելու եւ անձնական տվյալների պաշտպանության իրավունքին, անմեղության կանխավարկածին, դոմենային անվանումների պաշտպանության որոշ առանձնահատկություններին եւ այլն:
«Քչերը գիտեն, որ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանն ունի նախադեպեր, իսկ դա նշանակում է, որ մեր դատարանները եւ իրավապահ մարմինները պարտավոր են կիրառել. լրագրողական աղբյուրների պաշտպանությունը նշանակում է՝ արգելք խուզարկել լրագրողների տները, լրատվական կազմակերպությունների գրասենյակները, նշանակում է արգելք՝ գաղտնալսել լրագրողներին, կամ նույնիսկ գաղտնի դա անելու դեպքում՝ երբեւէ դա չօգտագործել: Սա ամենակարեւոր չափանիշներից է, որ թվում է չկա մեր օրենսդրության մեջ, չի կիրառվել պրակտիկայում, բայց այն գոյություն ունի: Եվ Աստված մի արասցե՝ անհրաժեշտության դեպքում եւ ատյաններ հասնելու դեպքում միանշանակ հաղթող կողմի լինելու է լրատվամիջոցը, լրագրողը»,-փաստեց Արփինե Հովհաննիսյանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Մանրամասները՝ տեսանյութում