«Հայաստան» համահայկական հիմնադրամը՝ հետևելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին, դեռևս օգոստոսի 6-ին նախաձեռնել է «Անհետաձգելի օգնություն լիբանանահայերին» խորագրով դրամահավաք-արշավ, որի ողջ հասույթն ուղղվում է պայթյունից տուժած Լիբանանի հայ կրթական հաստատություններին։
Այժմ, Հիմնադրամը Հայաստանի հանրային հեռուստաընկերության հետ սերտ համագործակցությամբ, կազմակերպում է «Քեզ համար Լիբանան» խորագրով համերգ, որը կարող եք դիտել գալիք շաբաթ օրը՝ օգոստոսի 29-ին ժամը 22:30-ին Հանրայինի եթերով, ինչպես նաև առցանց։ Այն ուղիղ կհեռարձակվի նաև Հիմնադրամի ֆեյսբուքյան էջով:
Համերգի ընթացքում կատարումներով հանդես կգան հայտնի երգիչներ, կլինեն հատուկ ռեպորտաժներ Բեյրութից, կոչով հանդես կգան ՀՀ նախագահ և Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանը, Ատոմ Էգոյանը, Արսինե Խանջյանը, Սերժ Թանկյանը և այլք։
Այս կարևոր ձեռնարկին կարող եք միանալ www.himnadram.org կայքի առցանց նվիրաբերությունների հարթակում կամ փոխանցումներ իրականացնել ՀՀ կենտրոնական բանկում հատուկ այս նպատակով բացված հաշվեհամարներին՝ այդպիսով ձեր աջակցությունն ու համերաշխությունը հայտնելով Լիբանանի մեր հայրենակիցներին։
Կարդացեք նաև
Լիբանանահայությունը մշտապես ամուր կանգնած է եղել Հայաստանի, Արցախի, ինչպես նաև սփյուռքի հայ համայնքներին թիկունքին։ Այժմ մեր հերթն է զորավիգ լինել ծանր դրության մեջ հայտնված մեր քույրներին և եղբայրներին։
Կհանդիպենք օգոստոսի 29-ին, ժամը՝ 22:30 Հայաստանի հանրային հեռուստաընկերության եթերում։
«Հայաստան» համահայկական հիմնադրամ