Այսօր հասարակությունը բևեռացած է, որը ոչ մի լավ բան չի բերելու առաջինը հասարակության համար: Այսօր հասարակությունն իրավունք է վերապահում իրեն քննարկելու և պարտադրելու իրավական գործառույթներ՝ առանց հաշվի առնելու ոլորտի մասնագետների կարծիքը, առանց որի ցանկացած ծրագիր կամ չի գործելու, կամ կործանարար է լինելու: Բավական է քաղաքական հարթության վրա արվի հայտարարություն, որ տվյալ անձը կամ կառույցը խրված է պայմանական կոռուպցիոն ռիսկի մեջ, հայտնվում են շառլատաններ, որոնք ուղղորդում են զանգվածներին՝ այրելու, կործանելու …
Զորօրինակ՝ Սահմանադրական դատարանը: Հասարակության մեջ այն ասոցացվում է, կապված համապետական ընտրություններից հետո գործող իշխանության թելը թելող, ըստ այդմ, ընտրովի սահմանադրական արդարադատություն իրականացնող մարմին: Այդպես է դա, թե՝ ոչ, ես ունեմ դրա հետ կապված իմ ուրույն կարծիքը և փաստում եմ, որ այո, այդպես է:
Հիմա դա պատճառ է, որ կայացած, ընդ որում, Եվրոպական համայնքում իր պատվավոր տեղը գտած ինստիտուտը հիմքից քանդել, նոր մոդելով նոր հեծանիվ հայտնագործել, առանց հիմնավորելու, թե որն է պետության, հասարակության ու արդարադատության շահը:
Ցանկանում եմ փաստել, որ Սահմանադրական դատարանն իր գործունեության ընթացում այնպիսի հեղափոխական որոշումներ է կայացրել, որն էականորեն բարելավել է այս կամ այն ոլորտի անձանց իրավունքները:
Կարդացեք նաև
Բերեմ մեկ օրինակ. Աշխատանքային օրենսգրքի ուժով գործատուին իրավունք է վերապահվում՝ աշխատողին ազատել աշխատանքից կենսաթոշակի տարիքի լրանալու հիմքով: Մայր բուհի տնտեսագիտական ամբիոնի վարիչին այդ հիմքով ազատում են աշխատանքից այն դեպքում, երբ պայմանագրի ժամկետը լրանում էր մի քանի տարի անց: Ակնհայտ էր, որ առկա է անձի իրավունքի խախտում, քանի որ պայմանագիրը կնքելիս գործատուն պետք է հաշվի առներ այդ հանգամանքը, իսկ պայմանագիրը, որպես լոկալ իրավական ակտ, ուղղակի պարտականություններ է ստեղծում գործատուի համար: Դատական պաշտպանության ժամանակ մայր բուհի ներկայացուցիչը, իրավամբ, հղում էր կատարում օրենսդրական նորմը՝ կենսաթոշակի գնալու հետ կապված: Մյուս կողմը, որի շահերը դատարանում ներկայացնում էր իմ կողմից ղեկավարվող փաստաբանական գրասենյակը, միջնորդեց դատարանին կասեցնել գործի վարույթը և դիմել սահմանադրական դատարան՝ հակասահմանադրական ճանաչելու օրենքի տվյալ նորմը, որը վերաբերում է ժամկետային պայմանագրեր ունեցող աշխատողներին, որոնց պայմանագրի ժամկետը լրանում է կենսաթոշակի գնալուց ավելի ուշ: Դատարանը, նախագահությամբ դատավոր Գայանե Կարախանյանի, իրավամբ, ասեմ ավելին, որ մայր բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահն այն ժամանակ Հանրապետության Նախագահն էր, գործի վարույթը կասեցրեց և դիմեց Սահմանադրական դատարան: Սահմանադրական դատարանն իր լիազորությունների սահմաններում իրականացրեց սահմանադրական արդարադատություն և այդ դրվագով օրենսդրական այդ նորմը ճանաչվեց հակասահմանադրական, որից հետո աշխատանքային օրենսգրքում կատարվեց համապատասխան փոփոխությունը: Ահավասիկ, Սահմանադրական դատարանն իր ողջ հզորությամբ որպես կայացած միավոր:
Հիմա, եթե այս կարևոր ինստիտուտը պետք է քանդել առանց մասնագիտական լուրջ հիմնավորման, որ փոխարինող կառույցն ավելի մեծ որակ է ապահովելու, մի հատ էլ հղում անել, որ դա հասարակական պահանջ է, իմ կարծիքով, կործանարար է լինելու հենց հասարակության ու պետականության համար: Նախ` հասարակությանը պետք չէ լարել անձանց և կայացած ինստիտուտների դեմ: Հասարակությունը, լավագույն ցանկության դեպքում, չի կարող օբյեկտիվ կարծիք հայտնել մի բանի շուրջ, որի մասնագետը չէ:
Եվ ամենակարևորը, նման կործանարար նախադեպով, որպես հասարակական պահանջ, նույն հասարակությունը, վաղը ընկնելով սրա-նրա ազդեցության տակ՝ թույլ չի տալու նաև այս իշխանությանը՝ իրականացնելու, իրավամբ, պետական նշանակության ծրագրեր:
Լևոն ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
Լեվ Գրուպ փաստաբանական գրասենյակի գլխավոր տնօրեն