ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է 47-ամյա տղամարդու կողմից ընկերոջ առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Քննությամբ պարզվել է, որ 2020թ. մայիսի 20-ին` ժամը 21:00-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Խնձորուտ փողոցի տներից մեկի ավտոտնակում, հարևանների հետ հացկերույթի ժամանակ, անձնական հարցերի շուրջ վիճաբանություն և քաշքշուկ է սկսվել Վանաձոր քաղաքի 47-ամյա բնակիչի և վերջինիս 45-ամյա ընկերոջ միջև: Վիճաբանության ընթացքում ընկերոջ կողմից 47-ամյա տղամարդու մոր հասցեին հայհոյանքներ տալու պատճառով, վերջինիս ապակյա շշով հարվածել է ընկերոջ գլխին՝ ջարդելով շիշը, որից հետո ձեռքին մնացած կոտրված շշի սուր եզրով դիտավորությամբ հարվածել է նրա դեմքին՝ տղամարդու առողջությանը դիտավորությամբ պատճառելով ծանր վնաս՝ առաջացնելով դեմքի անջնջելի այլանդակում:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Վանաձոր քաղաքի 47-ամյա բնակիչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Վերջինիս նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
Կարդացեք նաև
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին