Ռուսաստան մեկնել ցանկացող քաղաքացիները հինգշաբթի՝ օգոստոսի 27-ին, կրկին կառավարության շենքի դիմաց էին։
Ցուցարար Լուսինե Ղուկասյանը լրագրողներին ասաց, որ երկու ավտոբուս այսօր շարժվել են դեպի Ռուսաստան։ Նրա խոսքով՝ Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատունը թույլտվություն է տվել միայն ՌԴ քաղաքացիներին․ «Կան Հայաստանի քաղաքացիներ, որ այնտեղ ունեն բիզնես, ունեն երեխաներ, բայց իրենք Հայաստանի քաղաքացի են, և Վրաստանը նրանց թույլ չի տալիս։ Մարդիկ կան, որ հիվանդ են, օդային տրանսպորտով չեն կարողանում գնալ, մենք ուզում ենք, որ մեր պարոն վարչապետը՝ Նիկոլ Փաշինյանը, օգնի մեզ»։
Նա նշեց, որ իրենց ասել են՝ 100 հոգուց բաղկացած ցուցակ կազմել և ուղարկել դեսպանատուն, սակայն դեսպանատնից պատասխան են ստացել, որ չեն կարող ասել, թե երբ հնարավոր կլինի կազմակերպել․ «Ինձ դիմում են Հայաստանի քաղաքացիներ, որոնք ունեն РВП (ժամանակավոր կացության իրավունք-խմբ.), բայց Վրաստանը դա թույլ չի տալիս։ Ուղղակի թո՛ղ մեր վարչապետը օգնի մեր մյուս քաղաքացիներին, համագործակցի Վրաստանի հետ, որ նրանք էլ գնան»։
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ