Լրահոս
Օրվա լրահոսը

«Ունենալու ենք նոր տիպի բնակավայր». Ջրաձոր գյուղն ամբողջությամբ կտեղափոխվի. հաստատվել են Կապսի ջրամբարի ծրագրի շրջանակում հողերի ձեռքբերման և վերաբնակեցման միջոցառումները

Օգոստոս 27,2020 15:52

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետն անդրադարձել է երեկ Երևանում տեղի ունեցած բնական գազի արտահոսքի հետևանքով պայթյունի հետևանքներին, ինչպես նաև կորոնավիրուսային ընթացիկ իրավիճակին:

Կառավարությունը հաստատել է Ջրային ռեսուրսների համատեղված կառավարում/Ախուրյան գետ, փուլ 1 ծրագրի շրջանակում հողերի ձեռքբերման և վերաբնակեցման գործողությունների պլանը: Հիմնավորման համաձայն, 2014 թ. դեկտեմբերի 19-ին Հայաստանի Հանրապետության և Վերականգնման վարկերի բանկի (KfW) միջև կնքվել է վարկային համաձայնագիր, որով, մասնավորապես, նախատեսվել է իրականացնել Կապսի ջրամբարի և ոռոգման ինքնահոս համակարգի կառուցման ծրագիրը: Կիսակառույց ջրամբարը գտնվում է Շիրակի մարզում՝ Գյումրի քաղաքից դեպի հյուսիս 22 կմ հեռավորության վրա գտնվող Ախուրյանի գետահովտում։ Ծրագիրն ընդգրկում է Կապսի պատվարի կայունացում և վերականգնում, 1-փուլով նախատեսվում է 25 մլն մ3 ծավալով ջրամբարի կառուցում՝ հետագա ընդլայնման հնարավորությամբ մինչև 60 մլն մ3: Ծրագիրն ունի համապետական կարևոր նշանակություն, քանի որ իրականացման արդյունքում կապահովվի Շիրակի մարզում Ախուրյան գետի սահմանափակ ջրային ռեսուրսների կայուն օգտագործումը՝ հաշվի առնելով տարբեր ջրօգտագործողների շահերը: Դա կնպաստի տարածաշրջանի ջրային ռեսուրսների կայուն և բնապահպանական տեսանկյունից հիմնավոր կառավարմանը, բնապահպանական իրավիճակի բարելավմանը, ինչպես նաև գյուղական շրջանների զարգացման խթանմանը և բնակչության կենսամակարդակի բարելավմանը: Ըստ տեխնիկատնտեսական հիմնավորվածության ուսումնասիրության արդյունքների՝ Կապսի ջրամբարի 1-ին փուլի (25 մլն մ3) ջրածածկման տակ պետք է մնային Շիրակի մարզի Ամասիա համայնքի Ջրաձոր բնակավայրի մոտ 4-5 շինություններ, իսկ Արեգնադեմ, Գտաշեն և Բյուրակն բնակավայրերի, ինչպես նաև նույն մարզի Մարմաշեն համայնքի Կապս բնակավայրի, մոտ 20 տարբեր չափսերի հողակտորներ։ Հետագայում Կապսի ջրամբարի և ոռոգման ինքնահոս համակարգի կառուցման մանրամասն աշխատանքային նախագծման փուլի ընթացքում խորհրդատուի կողմից իրականացվել է Շիրակի մարզի Ջրաձոր բնակավայրի լանջի կայունության մանրամասն հաշվարկ, ըստ որի դրա հետագա սողանքակայունությունը գնահատվել է ռիսկային և հետագա հնարավոր (սողանքավտանգ) փլուզումներից խուսափելու համար անհրաժեշտ է համարվել Ամասիա համայնքի Ջրաձոր բնակավայրը վերաբնակեցնել ամբողջությամբ, իսկ Ամասիա համայնքի Արեգնադեմ, Գտաշեն և Բյուրակն բնակավայրերում, ինչպես նաև Մարմաշեն համայնքի Կապս և Սարապատ համայնքի Հողմիկ բնակավայրերում իրականացնել ազդակիր հողերի օտարում: Որոշման արդյունքում՝ հնարավոր կլինի ծրագրի ազդակիր համայնքներում սկսել հողերի ձեռքբերման և վերաբնակեցման գործընթացների իրականացումը, ինչը հիմք կհանդիսանա հետագայում շինարարական պայմանագրի ստորագրման համար։

Ինչպես նշել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը, Ջրաձորի վերաբնակեցումը պետք է արվի առաջին փուլի իրականացմանը զուգահեռ՝ պետական միջոցներով: Հետազոտությամբ ամբողջությամբ գնահատվել են բոլոր գույքերը. 72 և ավելի տնտեսություն, շուրջ 350 բնակչի հնարավոր կլինի վերաբնակեցնել նոր տեղում, որը կլինի 60 մլն խմ-անոց ջրամբարի հարևանությամբ, տեղը նախնական ընտրված է: Ջրաձորի բնակիչները հակված են ամբողջական վերաբնակեցմանը, որի արժեքը նախնական գնահատականներով կազմում է 4,9 մլրդ դրամ: «Նոր գյուղը պետք է լինի ժամանակակից դիզայնով, բովանդակությամբ, առանձնացված անասնապահական և բնակելի հատվածներով: Ունենալու ենք նոր տիպի բնակավայր, որը ներդաշնակորեն կամբողջացնի տարածաշրջանի զբոսաշրջային ներուժը»- ասել է Վաչե Տերտերյանը:

10 ամսվա նախագծման աշխատանքներից հետո կներկայացվի նոր բնակավայրի նախագիծը, որից հետո կմեկնարկի շինարարության մրցույթի և շինարարության գործընթացը:

Անդրադառնալով որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ջրամբարի կառուցման պետական այս ծրագրով հընթացս հնարավորություն է ստեղծվում մասնավոր ներդրումների համար. «Ջրի տեղափոխման գործընթացում մենք տեսնում ենք հնարավորություն մասնավորի հետ համագործակցության, մասնավորապես, այդ տեղափոխման ուղիների վրա էլեկտրական էներգիայի արտադրության հզորությունների տեղակայման, որն էականորեն կնվազեցնի ջրի տեղափոխման հնարավոր ինքնարժեքը»:

Վարչապետը նշել է նաև, որ Հայաստանի երրորդ հանրապետության պատմության մեջ առաջին դեպքն է լինելու, երբ զրոյից գյուղ է կառուցվում: «Այս ծրագիրը կարևոր է ոչ միայն Ջրաձորի բնակիչների համար, այլև՝ 21-րդ դարի հայկական գյուղի վերաբերյալ մեր պատկերացումները կոնկրետացնելու առումով: Եվ, ըստ էության, կարող ենք այստեղ նաև որոշակի լուծումներ տալ քաղաքաշինական այն մեծ խնդիրներին, որոնք ունենք, որպեսզի բնակավայրը հիմնադրվի և հետագայում էլ զարգանա՝ բացառապես քաղաքաշինական սահմանված կանոնների և փաստաթղթերի համաձայն և լինի մոդելային մեր գյուղական կյանքի կազմակերպման հետագա ընթացքի համար:

Ես ուզում եմ ընդգծել մի հայեցակարգային նրբություն, որը կարծում եմ՝ կարևոր է հետագա մեր պատկերացումների ձևակերպման համար: Բնակությունը գյուղում և գյուղատնտեսությունը բացարձակապես տարբեր բաներ են: Կարծում եմ՝ պետք է այս հայեցակարգի գործնական իրագործումը կարողանանք իրականացնել կոնկրետ զրոյից հիմնադրվող բնակավայրում, ինչը կարող է շատ հեշտ գործ չլինել, որովհետև կարող են լինել պատկերացումներ, կարծրատիպեր, որոնք հաղթահարելը առանձնապես հեշտ չլինի, բայց մենք պետք է հետևողական այս ճանապարհով գնանք»,-ասել է կառավարության ղեկավարը:

Նիկոլ Փաշինյանը նշել է նաև, որ անհրաժեշտ է կոնկրետացնել ջրամբարաշինության ոլորտում կառավարության հետագա անելիքները, քանի որ ջրային պաշարը դառնում է ավելի ու ավելի կարևոր ռեսուրս, և այն պետք է արդյունավետ կառավարել:

Օրենսդրական նախաձեռնություններ. մի շարք օրենքներում նախատեսվող փոփոխությունների ու լրացումների արդյունքում արտակարգ դրությունը չի երկարաձգվի

Գործադիրը հավանություն է տվել ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին և հարակից մի շարք օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթին, որը մշակվել է ՀՀ-ում կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված ստեղծված համաճարակային իրավիճակից ելնելով: Նախագծերով սահմանվում են վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների, թունավորումների դեպքերի հաշվառման և հաղորդման վերաբերյալ, մարդու (հանրության) առողջության վրա շրջակա միջավայրի գործոնների՝ վնասակար ազդեցության նվազեցման, դրանց կանխարգելման, բացառման, ինչպես նաև վարակիչ ու ոչ վարակիչ հիվանդությունների առաջացման և տարածման կանխման ու վերացման նպատակով կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումների իրականացման վերաբերյալ, ինչպես նաև վարակիչ հիվանդությունների հնարավոր աղբյուր հանդիսացող անձանց՝ վարակիչ հիվանդություններով հիվանդների, դրանց կասկածով անձանց, վարակիչ հիվանդություններով հիվանդների հետ շփված անձանց, վարակիչ հիվանդությունների հարուցիչներ կրողների բժշկական զննությունների և բուժման և կանխարգելման և հոսպիտալացման (ներառյալ՝ ոչ հոժարակամ) վերաբերյալ, ՀՀ տարածքում Միջազգային առողջապահական (բժշկա-սանիտարական) կանոնների պահանջներն ապահովվելու վերաբերյալ պահանջներ։ Միաժամանակ սահմանվում են վարակիչ հիվանդությունների` ՀՀ տարածք ներբերման (ներթափանցման), դրանց ծագման ու տարածման վտանգի, բռնկումների, համաճարակների առաջացման դեպքում կարանտին սահմանելու, կարանտին սահմանվելու դեպքում անհատական պաշտպանության միջոցների սահմանման, բնակչության բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման, ինչպես նաև օբսերվացիա, մեկուսացում, ինքնամեկուսացում և այլ սահմանափակող միջոցառումներ կիրառելու վերաբերյալ դրույթներ:

Ինչպես նշել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, օրենքների փաթեթը համապատասխան ժամկետներում ընդունվելու դեպքում Հայաստանի Հանրապետությունում մինչև սույն թվականի սեպտեմբերի 11-ը երկարաձգված արտակարգ դրությունը այլևս չի երկարաձգվի, իսկ դրա ավարտից հետո կսկսեն գործել նախագծերում առաջարկվող միջոցառումները և սահմանափակումները: Նախագծերով, մասնավորապես, առաջարկվում է, որ արտակարգ իրավիճակ առաջանալու դեպքերում կարող է սահմանվել կարանտին: Այն հնարավոր է սահմանել առողջապահության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի առաջարկությամբ, մարզպետի կամ Երևանի քաղաքապետի կողմից, համապատասխան վարչատարածքային միավորում կամ դրա առանձին տարածքում, այդ թվում տվյալ տարածքում գործունեություն իրականացնող կազմակերպությունների գտնվելու վայրում և կառավարության կողմից՝ ՀՀ ամբողջ տարածքում կամ պետական սահմանի անցման կետերում կամ համաճարակի գոտին երկու կամ ավելի մարզ ներառելու դեպքում, այդ թվում՝ արտակարգ իրավիճակի հիմք հանդիսացող կարանտինի դեպքերում:

Արդարադատության նախարարը նշել է, որ նախատեսված կարգավորումները համապատասխանեցվել են սահմանադրությամբ ամրագրված սահմանափակող նորմերի պահանջներին: «Միաժամանակ ամրագրվել է սահմանադրությունից բխող երաշխիքների լայն համակարգ, ինչպես նաև Վարչական դատավարության օրենսգրքով սահմանվել է հատուկ վարույթ, որի շրջանակներում հնարավոր կլինի կարճ ժամկետներում քննել կարանտին սահմանելու դեպքում կիրառվող միջոցների իրավաչափության վիճարկման վերաբերյալ գործերը»-ասել է Ռուստամ Բադասյանը: Նախարարն ընդգծել է, որ այս ռեժիմն արտակարգ դրության իրավական ռեժիմից տարբերվում է իրավունքների սահմանափակման ծավալներով, խստությամբ և կիրառվող գործիքակազմի ինտենսիվությամբ, սահմանափակման ենթակա իրավունքների պաշտպանության ավելի հստակ մեխանիզմներով: Մասնավորապես, այլևս չեն գործի էլեկտրոնային հսկողության համակարգի միջոցով մարդկանց տեղորոշման համակարգը, տնտեսական գործունեության արգելման դեպքերը, ինչպես նաև արտակարգ դրության իրավական ռեժիմի դեպքում հնարավոր բոլոր այն սահմանափակումները, որոնք թեպետ այսօր չեն կիրառվում, սակայն կա դրանց կիրառման հնարավորությունը: «Գտնում ենք, որ օրենսդրական փաթեթը հնարավորություն է տալիս այս պահի դրությամբ շարունակել պայքարը համավարակի դեմ, միևնույն ժամանակ վերացնել արտակարգ դրության իրավական ռեժիմը»,-նշել է Ռուստամ Բադասյանը:

Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է քննարկել առաջարկությունները, վերջնական տեսքի բերել նախագիծը, որից հետո նոր ներկայացնել ստորագրման:

Օրինագծով առաջարկվում է աջակցություն տրամադրել սահմանամերձ համայնքներում ռազմական գործողություններից տուժած քաղաքացիներին. Կառավարությունն առաջարկություններ է ներկայացրել ԱԺ պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի և Սիփան Փաշինյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ: Օրինագծով, առաջարկվում է միանվագ փոխհատուցում տրամադրել սահմանամերձ համայնքներում ռազմական գործողություններից տուժած քաղաքացիներին, մասնավորապես՝ գնդակոծությունների և ռազմական գործողությունների հետևանքով գյուղացիների կորցրած կամ ոչնչացած ցանկացած տեսակի գույքի դիմաց: Ինչպես նաև միանվագ դրամական աջակցություն կցուցաբերվի ռազմական գործողությունների հետևանքով առաջին, երկրորդ կամ երրորդ կարգի հաշմանդամություն ձեռք բերած քաղաքացիներին, համապատասխանաբար, 3, 2 և 1 միլիոն դրամի չափով: Զոհվածների ընտանիքներին միանվագ դրամական աջակցություն կցուցաբերվի 5 միլիոն դրամի չափով: Կառավարությունն օրինագծի վերաբերյալ մի շարք առաջարկություններ է ներկայացրել, մասնավորապես՝ համապատասխան հոդվածում ավելացնել «հաշմանդամ երեխայի կարգավիճակ» բառերը:

Վարչապետ Փաշինյանը հետաքրքրվել է Տավուշի սահմանամերձ գյուղերում իրականացվող շինարարության ընթացքով:

Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Արմեն Ղուլարյանը տեղեկացրել է, որ Չինարիում բնակելի տան հիմքային աշխատանքներն ավարտվել են, ներկայում ընթանում են նկուղի հարկի սյուների ու պատերի շինարարական աշխատանքները: Ներքին Կարմիրաղբյուրում տեղադրվել է հավաքովի ապաստարան, որն արդեն պատրաստ է և մնում է հողով ծածկել: Պուրակը նախատեսվում է կառուցել ճանապարհի եզրին գտնվող հողատարածքում, որը բնակիչը վաճառում է: «Այգեպարում ևս կլինի մոտ 70 տեղով երկաթբետոնե ապաստարան: Արդեն ընտրել ենք տարածքը, ընտրել ենք շինարարին. առաջիկա 1-2 օրում կսկսվի շինարարությունը: Որոշվել է, որ այն կլինի դպրոցի բակում»,-ասել է Արմեն Ղուլարյանը՝ հավելելով, որ Այգեպարում նաև տների տարիքների վերանորոգման լայնածավալ աշխատանքներ են ընթանում:

Այլ որոշումներ

Գործադիրը հաստատել է Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման 2020-2024թթ. ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագիրը: Ռազմավարության նպատակն է միջնաժամկետում նպաստել Հայաստանում ձեռներեցության զարգացմանը, ՓՄՁ-ների արտադրողականության բարձրացմանը, աջակցել փոքր և միջին ձեռնարկությունների մրցունակության աճին, ներքին և միջազգային թիրախային շուկաներում` մասնավոր նախաձեռնողականության, առավել արտադրողական տեխնոլոգիաների ներդրման ու նորարարական գաղափարների ընդունման, ներդրման և գեներացման միջոցով:

Կառավարությունը բավարարել է «Քեյ Ընդ Ջի գրուպ» ՍՊԸ-ի ներկայացրած հայտը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու վերաբերյալ: Ընկերությունը ներմուծվող ջերմոցներն օգտագործելու է ելակի աճեցման համար։ Գործադիրի մեկ այլ որոշմամբ մաքսատուրքից ազատելու արտոնությունից կօգտվի նաև «Մարտին Սթար» ՍՊԸ-ն:

 ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31