Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Թողել են խոզանոց կենտրոնում, մենք էլ դրսում ենք մնացել»․ Եկմալյան փողոցի բնակիչները կրկին կառավարության դիմաց են

Օգոստոս 27,2020 15:26

Եկմալյան փողոցի բնակիչները հինգշաբթի՝ օգոստոսի 27-ին կրկին կառավարության շենքի դիմաց էին։

Հիշեցնենք՝  նրանք արդեն 14 տարի է,  անտուն են. ՀՀ կառավարության երաշխավորությամբ Եկմալյան 8, 12, 14 եւ եւս մի քանի տասնյակ հասցեների սեփականատերերի տներն իրացվել են` հանուն պետության կարիքների` պայմանով, որ նույն տարածքում կառուցվող բազմահարկ շենքում նրանց ապահովելու են բնակարաններով: Մինչ օրս այս ընտանիքները ոչ միայն տան տեր այդպես էլ չեն դարձել, այլեւ` բարոյական ու ֆինանսական վնասներ են կրում: Բնակիչներից ոմանք էլ, չհաշտվելով անտուն մնալու մտքին, սրտի կաթվածից մահացել են:

Բնակիչները լրագրողների հետ զրույցում ասացին, որ ոչ մի դրական շարժ չկա։ Իրենց գործերով զբաղվում է վարչապետի օգնական Սուրեն Ղամբարյանը, սակայն բնակիչների գնահատմամբ՝ նա չի կարողանում զբաղվել այդ գործով։

«Մենք խնդրում ենք մի հատ գրություն տվեք, որ ի վիճակի չեք, մենք գնանք դիմենք ուրիշ դեսպանատան, թողենք գնանք ուրիշ երկրից պահանջենք։ Մենք մեր երկրի համար, մեր կառավարության համար մտածելով, որ գեղեցիկ կառույց լինի, մեր երկիրը ծաղկացնի, որ մարդիկ գան, զբոսաշրջիկներ գան, բայց թողել են խոզանոց կենտրոնում, մենք էլ դրսում ենք մնացել։ Ախր, բարդ բան չի, տարածքը կա, կա՛մ թող իրենք կառուցեն, կա՛մ մեկին հանձնարարեն, բայց այս հարցը լուծեն»,- ասաց բնակիչ Արշակ Ղազարյանը։

Քաղաքացիները հստակ որոշում են ակնկալում կառավարությունից, քանի որ այժմ անորոշ վիճակում են գտնվում և ամեն շաբաթ կառավարության դիմաց ցույց են անում։ Նրանց խոսքով՝ եթե հաշվեն վարձը միջինում 200 դոլար, ապա այս ընթացքում Եկմալյան փողոցի բնակիչները 36 000 դոլարի չափ վարձ են տվել և պարտքեր են գոյացրել: Բնակիչները նշում են, որ ներդրողը կա, ցանկանում է 11 հարկանի շենք կառուցել և այդպիսով լուծել իրենց խնդիրը, սակայն քաղաքապետարանը թույլ չի տալիս․ «Արթուր Մեսչյանը չգիտեմ՝ ինչի երկու ոտքը մեկ կոշիկի մեջ է դրել, ասում է՝ չէ՛, բարձրահարկ շենք չեմ թույլ տալիս կառուցեք, բայց նայում ենք բոլոր տեղերում հենց Պուշկինի փողոցի վրա, հենց հիմա երկու հատ 22 հարկանի շենք է կառուցվում։ Այդ ո՞նց եք թույլտվություն տվել։ 22 հարկանի թույլ են տվել, սարքում են, իսկ 11 հարկանի շենք թույլ չեն տալիս, որ այդ մարդը կառուցապատի և՛ մեր հարցերը լուծի, և՛ իր հարցերը լուծի»։

 

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31