Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյան. «Զրոյից գյուղ ենք կառուցում»

Օգոստոս 27,2020 14:56

«3-րդ հանրապետության պատմության մեջ առաջին դեպքն է, երբ զրոյից գյուղ ենք կառուցելու»,-այսօր կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «Ջրային ռեսուրսների համատեղված կառավարում/Ախուրյան գետ, փուլ 1» ծրագրի շրջանակներում հողերի ձեռքբերման եւ վերաբնակեցման գործողությունների պլանը» հաստատելու մասին նախագծի քննարկման ժամանակ:

Նախագիծը ներկայացնող տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանն ասաց, որ  նախագիծը վերաբերում է Կապսի ջրամբարի կառուցման ծրագրին:

Ըստ նախագծի հիմնավորման՝ 2014 թվականին ՀՀ-ի եւ KfW բանկի  միջեւ կնքվել է վարկային համաձայնագիր, որով նախատեսվել է իրականացնել «Ջրային ռեսուրսների համատեղված կառավարում/Ախուրյան գետ, փուլ 1» ծրագիրը, մասնավորապես, Կապսի ջրամբարի եւ ոռոգման ինքնահոս համակարգի կառուցման ծրագիրը: Ըստ այդմ, նախատեսվում է վերակառուցել  Շիրակի մարզի Կապսի կիսակառույց ջրամբարը: Նախագծի հիմնավորման համաձայն,  ջրամբարի վերակառուցման արդյունքում կապահովվի Շիրակի մարզում Ախուրյան գետի սահմանափակ ջրային ռեսուրսների կայուն օգտագործումը:

Նախագծում նշված է, որ ծրագրի տեխնիկա-տնտեսական հիմնավորվածության  ուսումնասիրության արդյունքների համաձայն, Կապսի ջրամբարի 1-ին փուլի (25 մլն մ3)  ջրածածկման տակ պետք է մնային  Շիրակի մարզի Ամասիա համայնքի Ջրաձոր բնակավայրի մոտ 4-5 շինություններ, իսկ նույն մարզի նույն համայնքի  Արեգնադեմ, Գետաշեն եւ Բյուրակն բնակավայրերի, ինչպես նաեւ նույն մարզի Մարմաշեն համայնքի Կապս բնակավայրի, մոտ 20 տարբեր չափսերի հողակտորները:  Հետագայում Կապսի ջրամբարի եւ ոռոգման ինքնահոս համակարգի կառուցման մանրամասն աշխատանքային նախագծման փուլի ընթացքում իրականացվել է Շիրակի մարզի Ջրաձոր բնակավայրի լանջի կայունության մանրամասն հաշվարկ, ըստ որի դրա հետագա սողանքակայունությունը գնահատվել է ռիսկային եւ հետագա հնարավոր փլուզումներից խուսափելու համար անհրաժեշտություն է առաջացել Ամասիա համայնքի Ջրաձոր բնակավայրը վերաբնակեցնել ամբողջությամբ, իսկ Ամասիա համայնքի Արեգնադեմ, Գտաշեն եւ Բյուրակն բնակավայրերում, ինչպես նաեւ Մարմաշեն համայնքի Կապս եւ Սարապատ համայնքի Հողմիկ բնակավայրերում  իրականացնել ազդակիր հողերի օտարում:

Վերաբնակեցման ծախսերի փոխհատուցման պարտավորությունը վերապահված է ՀՀ կառավարությանը, իսկ որոշման ընդունումից հետո հնարավոր կլինի ծրագրի ազդակիր համայնքներում սկսել հողերի ձեռքբերման եւ վերաբնակեցման գործընթացները, որն էլ հիմք կլինի հետագայում շինարարական պայմանագրի ստորագրման համար:

Վաչե Տերտերյանն ասաց, որ ծրագրի առաջին փուլով նախատեսված է 25 մլն խմ տարողությամբ Կասպի ջրամբարի շինարարությունը, 2-րդ փուլով նախատեսվում է մինչեւ 60 մլն խմ տարողությամբ ջրամբարի կառուցում:

Առաջին  փուլում Ջրաձոր բնակավայրի մի քանի տներ պետք է ջրածածկվեին, իսկ ամբոջ բնակավայրի վերաբնակեցման խնդիրը կհասունանա երկրորդ փուլի ժամանակ: Սակայն հետազոտությունը ցույց տվեց, որ վերաբնակեցումը պետք է արվի հենց առաջին փուլի ժամանակ: Հետազոտությամբ ամբողջությամբ գնահատվել են բոլոր գույքերը: 72 եւ ավելի տնտեսություն, շուրջ 350 բնակչի հնարավոր կլինի վերաբնակեցնել նոր տեղում, որը կլինի 60 մլն խորանարդ մետր ջրամբարի հարեւանությամբ: Տեղը նախնական ընտրված է: Ամբողջ վերաբնակեցման ծրագիրը նախատեսում ենք իրականացնել պետության հաշվին, սա պետական ծրագիր է»: Փոխնախարարի ներկայացմամբ՝

վերաբնակեցման մի տարբերակով նախատեսված էր բնակիչներին բնակարանների գնման սերտիֆիկատներ տալ,2-րդը՝ նոր բնակավայրի կառուցում: Ընդ որում, առաջին տարբերակով արժեքը 3,2 մլրդ դրամ է կազմել, իսկ նոր բնակավայրի ստեղծման դեպքում՝ 4,9 մլրդ դրամ: Պարոն Տերտերյանն ասաց, որ բնակիչները հակված են ամբողջական վերաբնակեցմանը,«Նոր գյուղը պետք է լինի ժամանակակից դիզայնով, ժամանակակից բովանդակությամբ, առանձնացված անասնապահական եւ բնակելի հատվածներով: Դա հնարավորություն է ունենալու նոր տիպի բնակավայր, որը ներդաշնակորեն կամբողջացնի զբոսաշրջային, նաեւ այլ կարգի ներուժը: Շուրջ 10 ամսվա նախագծման աշխատանքներից հետո մենք կներկայացնենք նոր բնակավայրի նախագիծը, որից հետո կսկսենք շինարարության մրցույթ եւ շինարարության գործընթացը»:

«3-րդ հանրապետության պատմության մեջ սա, թերեւս, առաջին դեպքն է լինելու, որ զրոյից բնակավայր, գյուղ ենք կառուցելու: Ծրագիրը կարեւոր է ոչ միայն Ջրաձորի բնակիչների համար, այլեւ կարեւոր է  մեր պատկերացումները 21-րդ դարի հայկական գյուղի վերաբերյալ կոնկրետացնելու վերաբերյալ: Եվ, ըստ էության, քաղաքաշինական  այն մեծ խնդիրները եւ «Գորդյան հանգույցները», որ ունենք, կարող ենք այստեղ լուծումներ տալ, որպեսզի բնակավայրը հիմնադրվի եւ զարգանա բացառապես քաղաքաշինական կանոնների ու փաստաթղթերի համաձայն, եւ լինի մոդելային՝ գյուղական կյանքի կազմակերպման վերաբերյալ»,-ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31