Լրահոս
Օրվա լրահոսը

COVID 19-ը ցույց տվեց, որ Հայաստանը թույլ պետություն է. Սուրեն Պարսյան

Օգոստոս 27,2020 14:41

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանի կարծիքով` COVID-19-ի ճգնաժամը ցույց տվեց, որ մենք ուժեղ ազգային պետության կարիք ունենք:  Այսօր, «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության կազմակերպած «Պետության սոցիալական քաղաքականությունը համավարակի ժամանակ. արդյո՞ք այն բխում է քաղաքացիների շահերից» խորագրով քննարկման ժամանակ Սուրեն Պարսյանը կարծիք հայտնեց, որ տարիներ շարունակ Հայաստանում գործել «ուժեղ իշխանություն, թույլ պետություն» մոդելը, ինչի արդյունքում, ակնհայտ դարձավ, որ Հայաստանը պատրաստ չէր այս ճգնաժամին՝ ոչ տնտեսական, ոչ առողջապահական առումներով: Նրա գնահատմամբ՝ երբ տարածաշրջանում բոլոր երկրները պատրաստվում էին ճգնաժամին, Հայաստանը պարզապես սպասում էր: Հիշեցնելով, որ ՀՅԴ-ն համավարակի կանխարգելմանն ուղղված միջոցառումների ծրագիրը դեռ մարտի 23-ին էր ներկայացրել մեր «ինքնավստահ եւ ինքնասիրահարված» կառավարությանը, նա այսօր ցավով է արձանագրում, որ իրավիճակն ավելի վատ սցենարով զարգացավ, քան ինքն էր սպասում:

Բանախոսը հիշեցրեց՝ ՀՅԴ-ի ծրագիրը երեք քայլ էր ենթադրում՝ գնալ խիստ կարանտինի, գումարներ ծախսել մարդկանց տանը պահելու համար ու գումարներ ծախսել մարդկանց բուժման համար: Սակայն կառավարությունը, նրա բնութագրմամբ, որոշում կայացրեց՝ գնալ պոպուլիզմի ճանապարհով, քանի որ կարծում էին, թե COVID-ը կտևի 1-2 ամիս, մինչդեռ ժամանակը ցույց տվեց հակառակը: Արդյունքում, բանախոսի գնահատմամբ, մենք սխալ ուղղությամբ գնացինք, ռեսուրսներն ի սկզբանե սխալ ծախսեցինք, գումարները հապշտապ բաշխվեցին առանց ճիշտ հասցեականության ու ռազմավարության. «Այս ընթացքում 150 մլրդ դրամ է փոշիացվել կառավարության ներկայացրած ծրագրերով, և սա այն դեպքում, երբ կարելի էր ավելի արդյունավետ ծախսել ու տնտեսությունն ու մարդկանց փրկել»:

Սուրեն Պարսյանի գնահատմամբ, այս ճգնաժամը ի ցույց դրեց նաեւ այն իրողությունը, որ պետությունը տարիներ շարունակ պետական միջոցներ է ուղղել մասնավոր առողջապահական հաստատությունների կայացման ու հզորացման  համար՝ ի վնաս պետական առողջապահական հաստատությունների, եւ երբ համավարակի ժամանակ հիմնական բեռը դրվեց պետական առողջապահական հաստատությունների վրա, ունեցանք շատ լուրջ խնդիրներ: «Սա փաստում է, որ պետության միջամտությունը տնտեսությունում պետք է լինի անխուսափելի, և պետական գումարները առաջնային պետք է ուղղվեն հենց պետական հաստատությունների ու ինստիտուտների կայացմանը»,- կարծում է տնտեսագետը: Նրա կարծիքով՝ այս իրավիճակը դեռ երկար է տեւելու եւ կառավարման տնտեսական մոդելի վերանայումն օրախնդիր հարց է. նոր
մոտեցումներ, նոր հայեցակարգեր են անհրաժեշտ, ինչը կարող են ապահովել  նոր կադրերը. «Կառավարության ամենահիմնական թերացումն այն է, որ սխալ ազդակներ է փոխանցում ազգաբնակչությանն ու տնտեսությանը, ճիշտ ինֆորմացիա չի տրվում, ինչը դժվարացնում է ճիշտ կողմնորոշվելու հարցը, հատկապես բիզնեսի համար: Պետք է հասկանալ, որ այս ճգնաժամը իշխանության- ընդդիմության հարց չի, այլ համազգային հարց է, որից տուժում են բոլորը»:

«Հանուն սոցիալական արդարության» կուսակցության ղեկավար Արման Ղուկասյանը համամիտ է՝ ժամանակն է դուրս գալ նեղ անձնական, քաղաքական ամբիցիաներից, քանի որ խոսքն այսօր պետության ու մեր ազգաբնակչության անվտանգության մասին է. ազգային մոբիլիզացիայի անհրաժեշտություն կա: Ըստ նրա՝ երկարաժամկետ ռազմավարության կարիք կա, քանի որ համավարակը ոչ երեկվա, ոչ այսօրվա խնդիր է և վաղն էլ այն չի ավարտվելու. «Կառավարությունը հաճախ իրարամերժ գործողություններ ու իրարամերժ որոշումներ է կայացնում: Քաղաքացիներն ունեն մտահոգություններ, որ գնալով իրավիճակը ավելի է բարդանալու, և դրական սպասումները գնալով մարում են: Այս իրավիճակում ուղղակի անհրաժեշտություն էր միավորել բոլորիս ռեսուրսները, անկախ նրանից՝ իշխանություն ես, թե ընդդիմություն ու այդ ճանապարհով հասնել լուծումների: Սակայն դա այդպես էլ չեղավ: Բայց էլի ուշ չէ»:

Բանախոսի կարծիքով, ճգնաժամի ժամանակ գլխավոր է, որ պետական բյուջեի միջոցներն արդար կերպով բաշխվեն. դա է սոցիալական արդարության կարևոր սկզբունքը: Մինչդեռ, կորոնավիրուսի ճգնաժամը ցույց տվեց, որ պետական միջոցների բաշխումն այնքան էլ հասցեական չեղավ՝ շատ մարդիկ, որոնք իսկապես պետք է ստանային պետության օժանդակությունը ու դրա կարիքը ունեին, դուրս մնացին այդ ծրագրերից ու բախվեցին շատ լուրջ սոցիալ-տնտեսական, ինչպես նաև հոգեբանական խնդիրների: Եվ քանի որ, ըստ բոլոր կանխատեսումների, այս ճգնաժամի ազդեցությունը դեռևս շատ երկար ենք զգալու մեզ վրա, Արման Ղուկասյանը կոչ է անում բոլորին՝ սկսած գործող իշխանություններից, մի կողմ դնել քաղաքական ամբիցիաներն ու լծվել պետությունը փրկելու գործին. «Մենք չպետք է լինենք այնպիսի պետություն, որը շարժվում է օրվա կուրսով, այն էլ՝ ճգնաժամի ժամանակ, այլ պետք է դառնանք այնպիսի պետություն, որը ճիշտ հաշվարկների, սթափ գնահատելու շնորհիվ պատրաստ է բարդություններին ու ճգնաժամերին ու կարողանում է դրանց դիմակայել»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31