Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին տեսաուղերձ է հրապարակել և շնորհակալություն հայտնել Ուկրաինային, որը դարձել է իր համար երկրորդ տուն և միևնույն ժամանակ հայտնել է հայրենիք վերադառնալու մտադրության մասին:
«Ուկրաինան իմ երկրորդ տունն է: Ժամանակին ես եկա այստեղ իմ գլխավոր տնից՝ քաղցր Վրաստանից: Ուկրաինան սիրել եմ դեռ ուսանողական տարիներից, իսկ ամենաբարդ ժամանակներում այդ երկիրն ընդունել է ինձ այնպիսին, ինչպիսին կամ, առանց պայմանների և պահանջների, ինչը շատ եմ գնահատում»,-հայտարարել է Սաակաշվիլին:
Նա նաև նշել է, որ վերջին յոթ տարում շատ բաների միջով է անցել և բավականաչափ փորձ, գիտելիքներ ձեռք բերել, որպեսզի «ավելի լավ ծառայի իր երկրին և սխալներ թույլ չտա»:
«Սխալներ, իհարկե, եղել են, լուրջ սխալներ են եղել, բայց Աստված վկա, ես իմ ժողովրդի համար ցանկացել եմ լավագույնը: Ուզել եմ, որ իմ ժողովուրդը ավելի լավ ապրի, հարուստ, չնայած դրան, ներողություն եմ ուզում խնդրել թույլ տված սխալների համար: Այս յոթ տարվա ընթացքում չի եղել մի օր, որ չհետաքրքրվեմ Վրաստանի նորություններով, և հստակ գիտեմ, որ իմ նախագահության ժամանակաշրջանն իզուր չի անցել, մեր ստեղծածից շատ բան գործում է մինչ օրս: Միևնույն ժամանակ, երբ լսում եմ Վրաստանի նորությունները, հասկանում եմ, որ կարող ենք շատ ավելի լավ ապրել, յուրաքանչյուր վրացի կարող է ապրել ավելի հարուստ, մեզ կհաջողվի դա: Ես վերադառնում եմ»,-հայտարարել է քաղաքական գործիչը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ