«Հայփոստ» ընկերությունը շարունակում է մարզերում փոստային կապի ենթակառուցվածքների համաչափ զարգացման նոր ծրագիրը, որի շրջանակներում Արարատի մարզի մարզկենտրոն Արտաշատ քաղաքում բացվեց փոստի տեսակավորման տեղամաս, որը կսպասարկի Արարատի մարզն ամբողջությամբ:
Ամեն ամիս Հայփոստի միջոցով Արարատի մարզում իրականացվում է շուրջ 60 000 առաքանու սպասարկում: Նախկինում մարզի մի փոստային բաժանմունքից մյուսը առաքանի ուղարկելու համար այն Արարատի մարզից ուղարկվել է Երևանի տեսակավորման տեղամաս, այնուհետև կրկին առաքվել է Արարատի մարզ: Այսուհետ Արարատի մարզի փոստային առաքանիները միանգամից ուղղորդվելու են Արտաշատի տեսակավորման տեղամաս, որտեղից կարճ ժամանակահատվածում կառաքվեն մարզի ցանկացած փոստային բաժանմունք՝ զգալիորեն արագացնելով փոստային առաքանին քաղաքացուն հասցնելու գործընթացը:
Արտաշատ քաղաքի Հայփոստի նոր տեսակավորման կենտրոնի շնորհիվ հնարավոր կլինի խուսափել ժամանակի և լոգիստիկ ռեսուրսների հավելյալ ծախսերից:
Երկարացվել են Արտաշատ քաղաքի թիվ 01 փոստային բաժանմունքի աշխատաժամերը՝ երկուշաբթիից-ուրբաթ՝ ժամը 09:00-20:00, իսկ շաբաթ օրը՝ 09:00-18:00: Հրատապ առաքանիների դեպքում Արարատի մարզի բնակիչները կարող են օգտվել Հայփոստի Արտաշատ քաղաքի թիվ 01 բաժանմունքի ծառայություններից, քանի որ Երևան քաղաքի հետ վերջինիս փոստային առաքանիների փոխանակումը սկսել է իրականցվել օրվա մեջ 2 անգամ:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ «Հայփոստ» ընկերության մարզերում փոստային կապի ենթակառուցվածքների համաչափ զարգացման նոր ծրագրի շրջանակներում նմանատիպ առաջին տեսակավորման կենտրոնը բացվել է Արագածոտնի Աշտարակ մարզկենտրոնում. գործընթացը կշարունակվի նաև Հայաստանի մյուս մարզերում:
«Հայփոստ»