Լրահոս
Օրվա լրահոսը

Վարորդական վկայականներ՝ կաշառքի դիմաց. մեղադրանք է առաջադրվել 15 անձի

Օգոստոս 27,2020 13:14

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող բազմադրվագ քրեական գործի նախաքննության ընթացքում բացահայտվել են վարորդական վկայականներ տրամադրելու դիմաց կաշառք ստանալու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիք կատարելու, ինչպես նաև քաղաքացիների կողմից կաշառք տալու, կաշառք ստանալուն օժանդակելու և կաշառքի միջնորդության դեպքեր: Քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա մեղադրանք է առաջադրվել 15 անձանց, այդ թվում` ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության Վանաձորի հաշվառման-քննական բաժանմունքի տեսուչ Ա. Գրիգորյանին:

Մասնավորապես` քրեական գործով պարզվել է, որ 2020 թվականի փետրվարին ՃՈ տեսուչ Ա. Գրիգորյանը պայմանավորվածություն է ձեռք բերել իր մտերիմ, Գյումրի քաղաքի բնակիչ Ս. Գրիգորյանի հետ` կաշառքի դիմաց քաղաքացիներին վարորդական վկայականներ տրամադրելու համար իրեն օժանդակելու հարցում: Ս. Գրիգորյանն իր ծանոթներին և այլ անձանց տեղեկացրել է կաշառքի դիմաց վարորդական վկայական ստանալու հնարավորության մասին, որից հետո Շիրակի մարզի մի խումբ բնակիչներ անձամբ կամ միջնորդավորված կերպով, այդ թվում` Անիի ավտոդպրոցի տնօրեն Դ. Դարբինյանի միջոցով, 2020 թվականի փետրվար-մայիս ամիսների ընթացքում, կաշառքի դիմաց վարորդական վկայական ստանալու համար դիմել են Ս. Գրիգորյանին, ով նրանցից ստացել է ընդհանուր 1.920.000 ՀՀ դրամ, որից 1.020.000 ՀՀ դրամը փոխանցել է ՃՈ տեսուչ Ա. Գրիգորյանին:

Վերջինս, ստանալով կաշառքի գումարները, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, այն է` խախտելով ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված կարգը` պատշաճ չի ստուգել վարորդական վկայականի համար դիմած քաղաքացիների` ավտոմեքենա վարելու տեսական գիտելիքներն ու գործնական վարման հմտությունները, հուշել է թեստի հարցերի ճիշտ պատասխանները, իսկ տեսական և գործնական քննություններ ընդունելու մասին արձանագրություններում մտցրել է ակնհայտ կեղծ տեղեկություններ այն մասին, թե իբր նշված քաղաքացիները հանձնել են տեսական քննությունն ու ճիշտ են պատասխանել քննական հարցերին:

Այսպիսով, Ա. Գրիգորյանի գործողությունների հետևանքով, ավտոմեքենա վարելու տեսական գիտելիքներ և գործնական հմտություններ չունեցող անձինք կաշառքի դիմաց ստացել են «B»,  «B, C» կարգերի վարորդական վկայականներ:

Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար ՃՈ տեսուչ Ա. Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով /6 դրվագ/, 311-րդ հոդվածի 2-րդ մասով /6 դրվագ/ և 314-րդ հոդվածի 1-ին մասով /6 դրվագ/: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Ս. Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-311-րդ հոդվածի 2-րդ մասով /6 դրվագ/, 38-34-311-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-308-րդ հոդվածի 1-ին մասով, 38-314-րդ հոդվածի 1-ին մասով և 178-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով:

Կաշառքի միջնորդության, կաշառք տալու, պաշտոնեական կեղծիք կատարելուն օժանդակելու, ինչպես նաև կաշառք տալու միջնորդության և կաշառք տալու փորձի համար ևս 13 անձանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասով, 312-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-314-րդ հոդվածի 1-ին մասով, 34-313-րդ հոդվածի 1-ին մասով և 34-312-րդ հոդվածի 2-րդ մասով:

Վարույթն իրականացնող մարմինը, Ս. Գրիգորյանի և մնացած անձանց վերաբերյալ քրեական գործով ձեռք բերված ապացույցները բավարար համարելով մեղադրական եզրակացություն կազմելու և գործը դատարան ուղարկելու համար, այդ մասին հայտնել է մեղադրյալներին ու նրանց պաշտպաններին՝ վերջիններիս տրամադրելով քրեական գործի նյութերը ծանոթանալու համար:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՏՈՒԿ ՔՆՆՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31