Այսօր կառավարության նիստի հավանությանն է ներկայացվել մի շարք օրենքներում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթը, որը մշակվել է արդարադատության եւ առողջապահության նախարարությունների կողմից՝ համատեղ:
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, փաթեթը ներկայացնելիս, նշեց՝ բազմիցս քննարկվել է, երբ համավարակի աճի տեմպերի նվազումը հնարավորություն կտա համավարակի դեմ պայքարն ու քաղաքացիների առողջությունը պաշտպանելը հնարավոր կլինի առանց արտակարգ դրության ռեժիմի: Նախարարի ներկայացմամբ՝ այս փաթեթով հնարավորություն է ստեղծվում սեպտեմբերի 11-ից հետո արտակարգ դրությունը չերկարացնել, իսկ սեպտեմբերի 11-ին, երբ կավարտվի արտակարգ դրությունը, կսկսեն գործել նախագծով առաջարկվող միջոցառումներն ու սահմանափակումները: Նախագծերով առաջարկվում է՝ ՀՀ տարածք վարակիչ հիվանդությունների ներբերման եւ ներթափանցման, դրանց ծագման եւ տարածման վտանգի, բռնկումների եւ համավարակի առաջացման, ինչպես նաեւ դրանց հետեւանքով արտակարգ իրավիճակ առաջանալու դեպքերում կարող է սահմանվել կարանտին: Ըստ էության, կարանտին կսահմանվի վարակի տարածման օջախում, ասենք՝ որեւէ բնակավայրում, որտեղ ելումուտը կսահմանափակվի, ինչպես նաեւ անձի ազատ տեղաշարժն ու այլ գործողություններ կսահմանափակվեն: Պարոն Բադասյանն ասաց, որ այս փաթեթով սահմանվում է, որ այլեւս չի գործի էլեկտրոնային համակարգի միջոցով մարդկանց տեղորոշման մեխանիզմը, ինչպես նաեւ տնտեսական գործունեության ոլորտում արձանագրված խախտումների դեպքում կգործեն սահմանափակումներ, սակայն տնտեսական գործունեությունն ամբողջությամբ չի արգելվի:
Նախագծի վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն իր դիտարկումները ներկայացրեց: Նա ասաց, որ այս մեծ փաթեթը ՄԻՊ-ին ուղարկվել է ուշ, ընդամենը մեկ օր է տրամադրվել այն ուսումնասիրելու եւ կարծիք ներկայացնելու համար, մինչդեռ փաթեթն այլ գերատեսչություններում շրջանառվել է հունիսից: «Ամեն դեպքում մեկ օրվա ընթացքում քսան էջից ավելի առաջարկություններ ենք ներկայացրել երեկ»,-ասաց պարոն Թաթոյանը: Նա վստահեցրեց՝ այն սահմանափակումները, որոնք փաթեթով առաջարկել են մշակող մարմինները, մտահոգություններ են առաջացնում, մասնավորապես դրանց լիազոր մարմնի լիազորությունների եւ պրակտիկ կիրառելիության առումով: «Ունենք նկատառումներ՝ ինքնամեկուսացման եւ մեկուսացման խնդիրների վերաբերյալ. օրինակ՝ վիճարկման դիմումները քննարկելը, բավականին շատ ժամկետ է տրված, մանավանդ ՀՀ օրենսդրությունն ունի ավելի քիչ ժամկետներ: Դրանից բացի սկզբունքային հարց կա, որը նախագծից չի երեւում՝ կարանտին եւ արտակարգ իրավիճակ ռեժիմների հարաբերակցությունը, որովհետեւ արտակարգ իրավիճակի դեպքում սահմանափակումներ նույնպես կան, իսկ կարանտինը իրավական ռեժիմ է, այնինչ արտակարգ իրավիճակը երեւույթ է, որը հիմք է կարանտին սահմանելու համար: Բնական հարց է առաջանում՝ արտակարգ իրավիճակի մասին օրենքում սահմանափակումների հարցը՝ գործադուլներ, հավաքներ եւ այլն: Դրանից բացի. քանի որ մեկուսացում, ինքնամեկուսացում համակարգը անձի անձնական ազատության իրավունքին է վերաբերում, այստեղ թե ժամկետների եւ ընթացակարգային հարցերին անդրադառնալու անհրաժեշտություն կա: Ամեն դեպքում, մենք կուղարկենք լրացուցիչ դիտարկումները»,-նկատեց օմբուդսմանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, դիմելով վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանին, ասաց. «Ես ուզում եմ հասկանալ՝ այս գործելաոճին ե՞րբ է վերջ դրվելու, երբ կառավարության նիստում հնչում է, որ երեկ չի ուղարկվել կարծիքի, երեկ երեկոյան է ուղարկվել: Սա ինչքա՞ն է շարունակվելու»: Էդուարդ Աղաջանյանը պատասխանեց. «Վարչապետի աշխատակազմը կարծիքի ուղարկելու եւ շրջանառելու գործառույթ չունի: Այն գերատեսչությունը, որը նախաձեռնում է նախագիծը, պարտավոր է շրջանառել մինչեւ աշխատակազմ ներկայացնելը: Նախարարական կոմիտեի օրակարգն ուղարկվում է բոլորին, եւ այն բաց է, եւ այդ տեղեկությունը հասանելի է բոլոր գերատեսչություններին: Այդ հարցերը տրամաբանորեն պետք է առաջանան կոմիտեի օրակարգում ներառման ժամանակ, ոչ թե կառավարության նիստում»:
Կարդացեք նաև
Փաթեթը չի ուղարկվել նաեւ պաշտպանության նախարարություն: Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը վստահեցրեց՝ չի ուղարկվել, քանի որ մինչեւ վերջին պահը պարզ չի եղել, թե որ գերատեսչությունն է զեկուցելու: «Դա ի՞նչ կապ ունի»,-հարցրեց վարչապետը: Բադասյանը պատասխանեց՝ արտակարգ ռեժիմով ենք աշխատել: Սակայն այս պատասխանը վարչապետին չբավարարեց: Այնուհետեւ նախարարը շարունակեց, թե, իրենք ուղարկել են վարչապետի աշխատակազմին, ասել են, որ սա առողջապահության ոլորտի նախագիծ է, ուղարկել են իրենց դիտարկումները.«Եվ վերջում իմացել ենք, որ մենք այս հարցով զեկուցող ենք լինելու»:
«Կաֆկայի «Դղյակ»-ը պետք է դարձնել կառավարության կանոնադրության հավելված։ Կգնաք կքննարկեք, մինչեւ բոլոր շահագրգիռ մարմինների հետ չքննարկվի հարցը, եւ մինչեւ ինձ գրավոր չծանուցեք, որ բոլորի հետ քննարկվել է, ստորագրման չբերեք»,-ասաց վարչապետը։
Որոշումն ընդունվեց, ինչպես ասաց վարչապետը՝ հաշվի առնելով հարցի հրատապությունը: Նիկոլ Փաշինյանն ասաց՝ կառավարության նիստն այն տեղը չէ, որտեղ պետք է այդպիսի մանրամասները քննարկվեն՝ ստորակետն այստե՞ղ դնենք, թե՞ հանենք:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ