Բեռլինի իշխանություններն արգելել են նախատեսվող ցույցն` ընդդեմ սահմանափակումների, որոնք ձեռնարկվել են կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Ինչպես հաղորդում է Deutsche welle պարբերականը, վկայակոչելով համապատասխան հայտարարությունը, նախորդ նման ակցիաների ժամանակ մասնակիցները միտումնավոր չեն կրել դիմակ և չեն պահպանել սոցիալական հեռավորություն:
Նշվում է, որ իշխանությունները ստիպված են եղել ընտրություն կատարել հավաքների ազատության իրավունքի և կյանքի իրավունքի, ֆիզիկական անձեռնմխելիության միջև: Ներքին գործերի հարցերով Բեռլինի սենատոր Անդրեաս Գայզելը ընդգծել է, որ որոշումը հավաքների ազատության դեմ չէ, այլ նպատակ ունի պաշտպանել մարդկանց կորոնավիրուսից: Ոստիկանության տվյալներով՝ միջոցառմանը մասնակցելու էր շուրջ 17 հազար մարդ:
Գերմանիայում բազմիցս տեղի են ունեցել բողոքի ակցիաներ՝ սահմանափակող միջոցառումների դեմ, որոնք ուղղված են կորոնավիրուսի դեմ պայքարին: Մասնավորապես, օգոստոսի 1-ին Բեռլինում հավաքվել էր մի քանի հազար մարդ: Ցույցի գրեթե բոլոր մասնակիցները եղել են առանց դիմակների և չեն պահպանել սոցիալական հեռավորություն: Նշենք, որ վերջին շրջանում Գերմանիայում գրանցվել է կորոնավիրուսով հիվանդների թվի աճ, ինչն առաջացրել է իշխանությունների մտահոգությունը:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ