Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մեզնից յուրաքանչյուրն առանձնահատուկ ուշադրությամբ պետք է վերաբերվի բնական գազի շահագործման կանոններին:. Նիկոլ Փաշինյան

Օգոստոս 27,2020 11:57

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստի սկզբում, մինչ օրակարգի քննարկումը, անդրադարձել է երեկ Երևանում տեղի ունեցած բնական գազի արտահոսքի հետևանքով պայթյունի հետևանքներին, ինչպես նաև կորոնավիրուսային ընթացիկ իրավիճակին: Ստորև ներկայացվում է Նիկոլ Փաշինյանի խոսքի սղագրությունը. «Բարև ձեզ, հարգելի գործընկերներ: Ուրախ եմ ձեզ տեսնելու համար:

Երեկ ցավալի պատահար տեղի ունեցավ Երևանում, և Ռայնիսի 1 հասցեում գտնվող շենքում, որը գտնվում է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում, գազի պայթյունից, ըստ էության, ավերվեց մի ամբողջ շքամուտք՝ 12 բնակարաններով: Պետք է ցավով արձանագրել, որ այսպիսի դեպքերի շարք է արձանագրվում Հայաստանի Հանրապետությունում, ինչը ևս մեկ անգամ մեր բոլորի ուշադրությունը պետք է սևեռի բնական գազի շահագործման անվտանգության կանոնների պահպանման խնդրի վրա: Իհարկե, փաստի առիթով հարուցվել է քրեական գործ, և քրեական գործի շրջանակում կպարզվեն գործի բոլոր հանգամանքները: Բայց, այնուամենայնիվ, ևս մեկ անգամ ցանկանում եմ մեր հայրենակիցների ուշադրությունը հրավիրել խնդրի վրա և խնդրել, որ մեզնից յուրաքանչյուրն առանձնահատուկ ուշադրությամբ վերաբերվի բնական գազի շահագործման կանոններին:

Այս պահին կարող եմ ասել, որ բնակարանից զրկված բոլոր քաղաքացիներն ապահովված են ժամանակավոր կեցավայրով: Իհարկե, այն քաղաքացիները, ովքեր ցանկություն հայտնել են, նրանց առաջարկվել է հյուրանոցում անցկացնել մեկ շաբաթ՝ մինչև նրանց հետագա հարցերի քննարկումը և լուծումը: Մի շարք քաղաքացիներ, ընտանիքներ ցանկացել են այլ տեղ տեղավորվել՝ բարեկամների բնակարաններում կամ իրենց ունեցած այլ բնակարաններում: Հարցը կառավարության և Երևանի քաղաքապետարանի օրակարգում է, և մենք առաջիկայում կկողմնորոշվենք մեր հետագա անելիքների վերաբերյալ:

Հաջորդ խնդիրը, որին ցանկանում եմ անդրադառնալ, նոր տիպի կորոնավիրուսի համավարակի հետ կապված իրավիճակն է: Արդեն գործնականում 6 օր մենք ունեինք ամենօրյա դեպքերի՝ 200-ից նվազ ցուցանիշ: Երեկվա ցուցանիշը մի փոքր բարձր է՝ 203 դեպք ենք ունեցել, նաև հետազոտությունների շատ մեծ թիվ ենք ունեցել՝ 1938 հետազոտությունից: Իհարկե, պետք է ամեն ինչ անենք հետազոտությունների մեծ ծավալը պահելու համար, և կրկին ցանկանում եմ բոլորիս ուշադրությունը հրավիրել հակահամաճարակային կանոնների պահպանման անհրաժեշտության վրա:

Ըստ էության, կարող ենք ասել, որ նախորդ շաբաթվա տվյալներով՝ դեպքերի նվազման միտումը, որ կանգ էր առել, կարծես նորից սկսում է շարունակվել, և սա կապված է բացառապես հակահամաճարակային կանոնների պահպանման որակի հետ, ինչը մեզնից յուրաքանչյուրի անհատական վարքագծից է կախված: Եվ կրկին ցանկանում եմ կոչ անել, խնդրել, որպեսզի մաքսիմալ նախանձախնդիր լինենք հակահամաճարակային կանոնների պահպանման գործում: Մանավանդ մենք կանոնների որոշակի թուլացում ենք ունեցել, այսինքն՝ նկատի ունեմ կանոնները պահպանելը զուտ ֆիզիկապես հիմա ավելի հեշտ է, քան նախկինում:

Ցավոք, երեկվա դեպքի հետևանքով նաև զոհ ենք ունեցել: Մենք ցավում ենք այդ դեպքի համար և ցավակցություն ենք հայտնում գազի պայթյունի հետևանքով զոհի հարազատներին, մտերիմներին և, իհարկե, կորոնավիրուսի հետևանքով մահացած մեր քաղաքացիների հարազատներին: Այս պահի դրությամբ ունենք 864 մահ կորոնավիրուսից և 265 մահ կորոնավիրուսով վարակված մարդկանց շրջանում, բայց մահն արձանագրվել է այլ պատճառներով»:

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31