Լրահոս
Օրվա լրահոսը

Տաթեւ Մանուկյան-Էնգել. «Ամուսինս ամբողջ Լյուքսեմբուրգին հրավիրում է տոլմա ուտելու»

Օգոստոս 27,2020 18:00

Տաթեւ Մանուկյան-Էնգելի հետ «Ֆեմինի» նախագծի շրջանակում Aravot.am-ի զրույցը բավականին անկեղծ եւ հետաքրքիր է ստացվել: Տաթեւը ներկայացրել է հաջողության իր պատմությունը, խոսել վառվռուն մանկական հուշերից ու շրջադարձային դերակատարություն ունեցած անձերից, սիրուց:

«Մանկության ամենավառ հուշերն, ըստ երևույթին, հորս հետ զրույցներն են՝ ամեն տարիքին համապատասխան բառամթերքով։ Այդ զրույցներն ինձ ձևավորել, կազմավորել են որպես անհատ, ինձ ինքնավստահություն, ազատ կամքի և մտքի արտահայտում են սովորեցրել՝ որպես կին, և ուրվագծել են արժեքներս, որից հետո պիտի բաց թողնեին դեպի ազատ աշխարհ, երբ բազում առումներով մի էքստրիմից՝ Հայաստանից, հասա բազում առումներով հակառակ էքստրիմ՝ Շվեդիա, համալսարանական կրթությունս շարունակելու և բաց աշխարհում կոփվելու:

Ծնողներիս հետ զրուցելիս տարիներ հետո պիտի նշեի, որ ուսանողական այդ երկու տարիներն իրենց՝ ծնող լինելու թեստավորումն էր, քանի որ բաց աշխարհում, որտեղ չկար ոչ մի տեսակի հասարակական և ծնողական ուղղորդում՝ քո միակ կոմպասը՝ ուղեցույցը, այն արժեքներն են, որոնք սերմանել է ընտանիքդ՝ ծնողդ»,-ասում է Տաթեւը։

Ջերմությամբ է հիշում հայրական տատիկի՝ Սեդայի խորհուրդները, որոնք, իր ձեւակերպմամբ, դաջվել են ու դաջվում են ուղեղում ամեն անգամ. «Իր նման՝ երկրային արժեքները երկնայինով փոխարինած, և իրենից շատ վեհությանը ձգտող ու հենց վեհությանն ամենամոտը կանգնած մեկին ես դեռ չեմ ճանաչում: Այն խորհուրդներն են, որոնք ուղղակի տեսական չեն եղել, այլ տատս ցույց է տվել հենց իր ապրելակերպով, խոսքով ու մտքով: Կյանքիս դժվարին օրերին, հիշում եմ, իմ մեջ սերմանեց այն, որ ինձ չարախոսողին ամենաճիշտ պատիժն ավելի վերև բարձրանալն է, ավելի լավը դառնալն է, ավելի վեհանալն է ու բարձրանալն է «մանրությունից»: Եվ երկրորդը, այս պահին իմ հիշածն, այն է, որ դիմացինին/ցանկացածին լավություն անելու համար քեզ մի փոքր նեղություն պիտի տաս։ Ներկայիս արագընթաց աշխարհում, երբ ամեն ինչ ակնթարթների ընթացքում է տրվում և արվում, երբեմն ծուլանում ես ձեռք մեկնել՝ ժամանակ և էներգիա սպառելու առումով, ու էստեղ վրա են հասնում տատիս խոսքերը, որ այդ հաճույքի գինը՝ նեղությունը, պիտի վճարես: Ու միշտ վճարում եմ…»:

Մեր զրույցի ժամանակ անդրադարձ եղավ կարդացած գրքերին: «Մշտական սեղանի գրքերը վերջին տարիներին, երևի թե, դարձել են լեզուներ սովորելու գրքերը։ Մնացածը գրքերը մշտական չեն, անընդհատ փոխվում են: Վերջին կարդացած գիրքը դժվար է ասել այն իմաստով, որ միշտ 5-6 գիրք է ինձ մոտ բացված: Այս պահին՝ Why nations fail, Yoga Anatomy, Getting things done, Լուսինե Խառատյանի «Ծուռ գիրքը», Գևորգ Մինասյանի «Նորից մի սպանեք գաղթականին»,  Histoire du Luxembourg»,-նշեց մեր զրուցակիցը։

Հարցրինք՝ իր կարծիքով ո՞րն է Հայաստանը դրսում ներկայացնելու լավագույն տարբերակը, եւ մասնավորապես ինքն ինչպե՞ս է դա անում:

«Դրսում Հայաստանը ներկայացնելու շատ ձևեր կան, բայց ամենակարևորը հենց քո կենսակերպն է, և թե ինչքանով ես դու ինտեգրված հենց այդ երկրում, ինչքանով գիտես իրենց մշակույթը, ինչքանով ես սովորել իրենց լեզուն, ինչքանով ես հասկանում իրենց հասարակությունն ու իրենց կենսակերպը։ Միայն իրենցն իմանալու դեպքում կարող ես ներկայացնել քոնը: Որովհետև միայն այդ դեպքում օտարը հետաքրքրությամբ դեպի քեզ կգա՝ իմանալու քո մշակույթն ու քո երկիրը: Եվրոպացին, քեզանով հետաքրքրվելով, կգա դեպի քեզ իմանալու քո տեսակն ու քո կրած մշակույթը: Ու այդ ժամ հերթը քոնն է՝ տիրապետելու ու գեղեցիկ ներկայացնելու քո մշակույթը։ Սա, իհարկե, անձնային մակարդակում։ Իսկ արդեն ի պաշտոնե՝ տարբեր հետաքրքիր ծանոթությունների և հարթակների միջոցով ներկայացնում ես Հայաստանն ու հայկականը։ Ու երբ խոսում ես եվրոպացու լեզվով՝ բառացի և փոխաբերական իմաստներով, պատմում ես Հայաստանի մասին հենց իր աչքերով և լեզվով»,-պատասխանեց Տաթեւը:

Ինչ վերաբերվում է իր կյանքում շրջադարձային դերակատարություն ունեցած մարդկանց, ասում է, նրանք շատ են. «Նույնիսկ երևի շատերը չգիտեն իրենց՝ իմ կյանքում շրջադարձային լինելու մասին… Առհասարակ ես իմ կյանքի դասերը լուռ եմ սովորել ու, ցավոք, առիթ չեմ ունեցել ու չեմ ունենա շատ մարդկանց ասելու, թե իրենցից ինչն եմ հատկապես սովորել։

Իսկ ամենաշրջադարձայինն, իհարկե, հանդիպումն էր ամուսնուս հետ։ Ու հավատացեք ոչ միայն սիրո հետ կապված, բայց սիրուն հավասար հազար ու մի այլ առումներով։ Քո մշակույթի ամենավերջին շերտերը կրելով՝ լինել աշխարհաքաղաքացի և այդքան բաց՝ այլ մշակույթների հանդեպ։ Խոսել 9 լեզու և չհամարել դա առանձնահատուկ ունակություն։ Իմանալ բոլոր երկրների պատմությունը տեղացուց լավ ու չհամարել դա առանձնահատուկ ունակություն։ Ամբողջ եվրոպական մայրցամաքում մեքենա վարել առանց GPS-ի և չհամարել դա առանձնահատուկ ունակություն։ Իմ մեջ սիրել հենց այն հատկանիշները, որ որպես կին միշտ թաքուն փափագել եմ, որ իմ կողակիցը հենց այդ հատկանիշները գնահատի և կարևորի։

Շրջադարձային էին այն երկու շաբաթվա ուղևորությունը դեպի Հայաստան և Արցախ (և այդ ամենը սպիտակ «Նիվայով» (ժպտում է-Գ.Հ.), երբ Ֆրանկն ասաց. «Դու պետք է տեսնես ու ճանաչես Հայաստանն ու Արցախը ծայրից ծայր, իսկ հետո կանցնենք աշխարհին»։ Եվ այդ երկու շաբաթվա ընթացքում Հայաստանի և Արցախի հյուսիսն ու հարավն իսկապես ոտնատակ արեցինք։ Դե արդեն պատկերացրիք, որ նա նաև իմ անձնական գիդն էր»:

Տաթեւից հետաքրքրվեցինք՝ կա՞ մի հայկական ուտեստ, որ սիրելի է իր ամուսնուն՝ Եվրոպական խորհրդարանի նախկին պատգամավոր Ֆրանկ Էնգելին, որն ինքը հաճույքով է պատրաստում նրա ու իրենց յուրահատուկ հյուրերի համար:

«Ամուսինս շատ է սիրում տժվժիկ, և ինքն էլ շատ համեղ պատրաստում է։ Վերջերս ինձ խնդրեց մեր լյուքսեմբուրգցի հյուրերի նամար տոլմա պատրաստել, և նրանք անչափ հավանեցին: Հիմա ամուսինս ամբողջ Լյուքսեմբուրգին հրավիրում է տոլմա ուտելու: Դե շատ չեմ բողոքում, ամբողջ Լյուքսեմբուրգը կես միլիոնից մի փոքր ավել ժողովուրդ է (ժպտում է-Գ.Հ): Հիմնականում ավելի եվրոպական ենք սնվում, իսկ հայկական ուտեստները մեզ համար ապահովում է Սեդա տատս, երբ գնում ենք Բելգիայի Գենտ քաղաք՝ իրեն այցի։ Դե հասկանում եք՝ առանց մի մեծ պայուսակ հայկական ճաշատեսակների հետ չենք գալիս»:

Մեր զրույցի ժամանակ, բնականաբար, խոսեցինք նաեւ երջանկության մասին: «Երջանկությունն ընտրություն է, ինքնագիտակցում, ինքնաառերեսվում, ինքդ քո ԵՍ-ի հետ աշխատանք: Եվ ամենակարևորը երջանկությունը երջանկացնելու ունակությունն է։ Մնացած դեպքերում ուղղակի արտաքին ազդակների սպասում է, որ քեզ ինչ-որ մի բան կամ ինչ-որ մեկը երջանկացնի, իսկ դա հիմնականում տխուր ավարտ է ունենում։ Ես կենտրոնանում եմ իմ՝ ինչ-որ մեկին սիրելու և երջանկացնելու ունակության վրա, թե ես դա ինչքան ճիշտ, հաջող, իր ամենավեհ ձևերով եմ անում։ Եվ ամեն մեկն իր սիրելու, երջանիկ զգալու և երջանկացնելու ձևի համար է պատասխանատու, մյուսների ձևի հետ գործ չունի։

Եվ, իհարկե, ինձ համարում եմ հաջողակ, հենց թեկուզ այն իմաստով, թե ինչ հարաբերություններ եմ ստեղծել և ստեղծում առաջին հերթին իմ ընտանիքի անդամների, իմ ամուսնու, իմ մտերիմների, իմ ծանոթների հետ, քանի որ ապրելու կենսական մասը հենց սա է։ Ու հաջողակ լինելն էլ է ընտրություն։ Իսկ, այ աշխատանքային առումով շատ անհամեստ կթվա ինքս ինձ հաջողակ համարելը, քանի որ դա նախ տարիների կտրվածքով է չափվում, և, երկրորդ, ինքս ինձ թույլ չեմ տա հրապարակայնորեն ինձ հաջողակ պիտակավորել։ Դա պետք է այլոց կողմից լինի»։

Տաթեւն ասում է, որ երբեւէ ստացած ամենաթանկ 3 նվերները ամուսնու կողմից են եղել՝ գրքեր, ճանապարհորդություններ և իր սիրտը. «Ու, առհասարակ, իր տեսակն է ինձ նվեր, ում այնքան հեշտ է անհագ սիրելը։ Նյութական նվերներից երևի թե լավ թայվանական թեյը կնշեմ»։

Մեր անչափ հետաքրքիր զրուցակցին նաեւ հարցրինք, թե ամենացնցող մշակութային շոկը ո՞ր երկրում է ապրել՝ իբրեւ շատ ճամփորդած մարդ: «Շատ ճամփորդելը մի վատ կողմ ունի՝ ոչինչ այլևս շոկային չէ… Այդ իմաստով տարբեր երկրներ այցելելիս ոչինչ չեմ դիտարկում լավի և վատի, սևի և սպիտակի, գեղեցիկի և տգեղի կոնտեքստում, այլ նայում եմ հենց այդ երկրին հարիր մշակույթի և կենցաղի կոնտեքստով: Եվ ինքս էլ հաճախ կրկնում եմ, որ ինձ չեն կարող դիտարկել որպես հայուհի՝ իմ մշակութային կոնտեքստից դուրս հանելով՝ նկատի ունենալով, որ իմ ձևավորման և արժեքների վրա մեծ ազդեցություն ունի այն միջավայրը, որում մեծացել եմ՝ Հայաստանը»,-ընդգծում է Տաթեւ Մանուկյան-Էնգելը։

Ապա հավելում է. «Մշակութային շոկն ապրել եմ Շվեդիայում 2 տարի ուսանելու ժամանակ, քանի որ առաջին ապրելու օտար երկիրն էր, երբ, ինչպես նշեցի, մշակութային, սոցիալական, հասարակական մի էքստրիմից՝ Հայաստանից, ընկա հասարակարգային մի այլ էքստրիմ, և սկսվեց կյանքի վերաարժեվորումն ու վերաձևակերպումը»։

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը տրամադրել է Տաթեւ Մանուկյան-Էնգելը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31