Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ապահովել բարձրորակ սպասարկում, վերանայել գազասպառման համակարգերի տեխսպասարկման ծառայության վճարը. հայտարարություն

Օգոստոս 27,2020 11:27

«ԱՐԴԱՐ ՀԱՅԱՍՏԱՆ»  ՀԱՆՐԱՅԻՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՊԱՀԱՆՋՈՒՄ  Է ՁԵՌՆԱՐԿԵԼ ԿՈՆԿՐԵՏ ՔԱՅԼԵՐ՝ ԱՎԵԼԻ ՔԱՆ 700.000 ԳԱԶ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Երեկ Երևան քաղաքի Ռայնիսի փողոցի թիվ 3 հասցեում տեղի է ունեցել պայթյուն, որի արդյունքում 12 բնակարան ամբողջովին քանդվել է, 19 քաղաքացի տարհանվել, իսկ փլատակներից դուրս բերվել երկու տուժած  և մեկ քաղաքացու դի։

Դեպքի առթիվ անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելու կամ իրացնելու, աշխատանքներ կատարելու կամ ծառայություններ մատուցելու հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Նախնական տվյալներով բնակելի շենքի փլուզման պատճառը հանդիսանում է գազի արտահոսքը։

2020թ. օգոստոսի 1-ի դրությամբ Հայաստանում գազի սպասարկման ենթակա բաժանորդների թիվը կազմել է 715 577 բաժանորդ։

Ներտնային գազի սպառման համակարգերի տեխնիկական սպասարկումն իրականացվում է  մեկ կամ երկու ընկերության կողմից:

Գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկման ծառայության տարեկան վճարը մեկ գազօգտագործող սարքավորման համար կազմում է 2400 ՀՀ դրամ, երկու գազօգտագործող սարքավորման համար՝ 5700 ՀՀ դրամ, երեք և ավելի գազօգտագործող սարքավորման համար՝ 6900 ՀՀ դրամ։

Այլ կերպ ասած, յուրաքանչյուր բաժանորդ, յուրաքանչյուր ամիս, միջինը նշված ընկերություններին վճարում է 500 ՀՀ դրամ։

Ստացվում է, որ գազ սպառողները սպասարկման նպատակով ամսեկան այդ ընկերություններին վճարում են շուրջ 358 միլիոն ՀՀ դրամ, որը համարժեք է շուրջ 740 000 ԱՄՆ դոլարին։ Իսկ այդ գումարը տարեկան կազմում է շուրջ 4 միլիարդ 296 միլիոն ՀՀ դրամ, կամ 8 ու կես միլիոն ԱՄՆ դոլար:

Թեև այս ամենին, սպասարկման որակը շարունակում է մտահոգել կամ, որպես այդպիսին, կրում է ձևական բնույթ, իսկ այդ ընկերությունները ստանում են գերշահույթ:

Տարեկան երկու անգամ սպասարկման տեսուչներն իրականացնում են պլանային ստուգայց, որի ընթացքում, սակայն, չի իրականացվում մանրակրկիտ ստուգում, բայց հենց սպասարկման տեսուչներն էլ դառնում են քավության նոխազ ողբերգական դեպքերի ժամանակ:

Ակնհայտ է, որ ներտնային գազի սպասարկման սակագների հիմքում դրված են չհիմնավորված հաշվարկներ կամ ուռճացված նյութածախս։

Սա թույլ է տալիս արձանագրել, որ սպասարկման իրական ինքնարժեքը շատ ավելի ցածր է, իսկ եթե անգամ ցածր էլ չէ, ուրեմն արձանագրված ողբերգությունները բավարար են՝ ընդգծելու համար, որ վճարվող սակագնին համարժեք որակյալ սպասարկում չի իրականացվում։

Գործող սակագնի և սպասարկման այսպիսի որակի պատճառներից մեկն, անշուշտ, ոլորտի, ըստ էության, մենաշնորհն է։

Նկատի ունենալով, որ խնդրո առարկա հարցը շոշափում է հարյուր հազարավոր ՀՀ քաղաքացիների շահերը, ինչպես նաև աղերսվում մարդկային կյանքի ու նրանց անվտանգության հետ,

Հաշվի առնելով, որ ոլորտի մենաշնորհը արգելակում է մրցակցային միջավայրի ձևավորումը և խաթարում համապատասխան որակի ծառայությունների մատուցումը, «Արդար Հայաստան» հանրային նախաձեռնությունը բարձրացված հարցի վերաբերյալ հրավիրում է ՀՀ կառավարության ուշադրությունը, պահանջում ըստ իրավասությունների ուսումնասիրել հարցը և ձեռնարկել կոնկրետ ու գործնական քայլեր՝ ոլորտի մենաշնորհը վերացնելու, գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկման ծառայության տարեկան վճարը վերանայելու, բարձրորակ սպասարկում ապահովելու, և ամենակարևորը՝  ՀՀ քաղաքացիների կենցաղային անվտանգության ապահովման աստիճանը բարձրացնելու համար:

Միաժամանակ, խնդրում ենք ՀՀ քաղաքացիներին՝ ցուցաբերել առավել զգոնություն, ինչպես նաև պահպանել անվտանգության կանոնները՝ հնարավոր ողբերգություններից խուսափելու համար:

«ԱՐԴԱՐ ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՆՐԱՅԻՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31