Լրահոս
Օրվա լրահոսը

Օրենքի նոր փոփոխությունը սահմանում է անձնական օգտագործման դեղերը փոստային առաքման եղանակով ստանալու հստակ իրավունք. ՄԻՊ-ին հասցեագրված բողոքներով բարձրաձայնված խնդիրը լուծվել է

Օգոստոս 27,2020 10:09

Մարդու իրավունքների պաշտպանին են հասցեագրվել բողոքներ նոր կորոնավիրուսային (COVID-19) համավարակի հիմքով հայտարարված արտակարգ դրության պայմաններում փոստային առաքման միջոցով անձնական օգտագործման համար այլ երկրից դեղեր ստանալու խոչընդոտի վերաբերյալ:

Պաշտպանի աշխատակազմում իրականացված բողոքների ուսումնասիրությունը վկայում է, որ քաղաքացիների բարձրացրած խնդիրն ունի համակարգային բնույթ, որն ավելի ակնառու է դարձել արտակարգ դրությամբ պայմանավորված սահամանափակումների ժամանակ: Մասնավորապես, քաղաքացիները անձնական օգտագործման համար այլ երկրից փոստային առաքման միջոցով չեն կարողացել ստանալ այն դեղերը, որոնք գրանցված են Հայաստանում: Այս տեսանկյունից Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է, որ բազմաթիվ են պրակտիկ այն օրինակները, երբ քաղաքացիները նույն դեղամիջոցները Հայաստան են բերել անձամբ կամ ստացել ուղևորափոխադրողների միջոցով:

Խնդիրն այն էր, որ Կառավարության որոշման համաձայն՝ չգրանցված կամ գրանցված, բայց ՀՀ-ի դեղագործական շուկայում բացակայող դեղը փոստային առաքման միջոցով ձեռք բերելու նպատակով քաղաքացիները պետք է դիմեին ՀՀ Առողջապահության նախարարություն՝ հիմնավորելով չգրանցված դեղի կիրառման անհրաժեշտությունը, որից հետո նախարարությունը դիմումատուին տրամադրում էր դեղի ներմուծման նախնական թույլտվություն, իսկ համարժեք դեղի առկայության դեպքում՝ մերժում: Մարդու իրավունքների պաշտպանը պարբերաբար այս խնդրի մասին բարձրաձայնել է տարբեր քննարկումների ընթացքում, ինչպես նաև՝ տարեկան հաղորդումներում:

Բողոքների ուսումնասիրության փուլում Մարդու իրավունքների պաշտպանը գրություն է հասցեագրել Առողջապահության նախարարություն՝ Կառավարության որոշման մեջ փոփոխություններ կատարելու առաջարկով: Հարցն այն է, որ Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրել է, որ նման կարգավորման հետևանքով ֆիզիկական անձինք հայտնվում էին դժվար իրավիճակում, քանի որ գնային էական տարբերության պատճառով չէին կարողանում Հայաստանում գնել գրանցված այն դեղորայքը, որը իրավունք չունեին ստանալ փոստային առաքմամբ: Ավելին, խնդիրը սրվում էր այն դեպքերում, երբ անձը փոստային առաքմամբ մեկ փաթեթով ստացել է  ինչպես Հայաստանում գրանցված, այնպես էլ չգրանցված դեղեր: Այս դեպքում, չգրանցված դեղորայքը ստանալու նպատակով անձը պետք է կատարեր լրացուցիչ ֆինանսական ծախս, որպեսզի օրենքով սահմանված կարգով ոչնչացվի Հայաստանում գրանցված դեղորայքը կամ լրացուցիչ ֆինանսական բեռից զերծ մնալու նպատակով հրաժարվել փոստային առաքանու ամբողջ փաթեթից: Այսպիսով, անձը զրկվում էր նաև Հայաստանում չգրանցված դեղորայքը ստանալու հնարավորությունից:

Ազգային ժողովի կողմից «Դեղերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի ընդունումից հետո, Մարդու իրավունքների պաշտպանը լրացուցիչ գրություն է հասցեագրել Առողջապահության նախարարին Կառավարության որոշմամբ սահմանված կարգում կողմից սահմանված կարգում փոփոխություններ կատարելու և այն  «Դեղերի մասին» ՀՀ օրենքին համապատասխանեցնելու առաջարկով: Օրենքի նոր փոփոխությունը սահմանում է անձնական օգտագործման դեղերը փոստային առաքման եղանակով ստանալու հստակ իրավունք:

Արդյունքում, Կառավարության որոշման մեջ կատարվել են փոփոխություններ, համաձայն որոնց՝ անձը կարող է փոստային առաքմամբ ստանալ անձնական օգտագործման դեղեր` օրացուցային տարվա ընթացքում մեկ անգամ՝ մինչև 5 անվանում, յուրաքանչյուրից` 3-ական սպառողական փաթեթ (այն քանակը, որով տվյալ դեղամիջոցը վաճառվում է դեղատներում):

Այս քանակները գերազանցելու դեպքում անհրաժեշտ է ստանալ Առողջապահության նախարարության թույլտվությունը և ներմուծման հավաստագիրը:

Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է Կառավարության, Ազգային ժողովի և Առողջապահության նախարարության ջանքերը այս խնդրի կարգավորման հարցում:

ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31