Խորհրդային ժամանակներից սկսած՝ այս կամ այն պաշտոնյային աշխատանքից ազատելու պատճառները մեզ՝ հասարակ մահկանացուներիս համար շարունակում են առեղծված մնալ: Առաջ ասում էին՝ «առողջական խնդիրների պատճառով», եւ ոչ ոք դրան չէր հավատում: Անկախ Հայաստանում նույնիսկ դա՛ չեն ասում, եւ այդ ավանդույթը շարունակվում է նաեւ հետհեղափոխական շրջանում: Օրինակ, ոչ մի հստակ բացատրություն չտրվեց, թե ինչու են աշխատանքից ազատվել Վալերի Օսիպյանը, Գրիգորի Արուտյունովը եւ Արթուր Վանեցյանը: Քանի որ առաջին երկուսը ոչ մի հրապարակային ելույթ չեն ունեցել, նրանց մասին պաշտոնական աղբյուրները շարունակում են լռել, նույնը, ի դեպ, վերաբերում է նաեւ ԱԱԾ եւ ոստիկանության հաջորդ ղեկավարներին: Բայց հենց որ Վանեցյանը մտավ քաղաքական դաշտ՝ որպես ընդդիմադիր գործիչ, իշխանամերձ շրջանակները սկսեցին ակնարկել, որ նա Ռուսաստանի լրտես է եւ նախկին կոռումպացված ռեժիմի թաքուն երկրպագու (չբերելով դրա համար ոչ մի լուրջ ապացույց):
Հիմա, եթե առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հրաժարականից հետո (որ դա տեղի կունենա՝ ինձ թվում է, ժամանակի հարց է) սկսի քննադատել Փաշինյանին, նրա մասին կասեն, որ նա տապալել է ամբողջ ոլորտը եւ, մասնավորապես, կորոնավիրուսի դեմ պայքարը, գուցե նաեւ կաշառակեր է եւ Սերժ Սարգսյանի ծպտյալ սանիկը: Իսկ եթե Թորոսյանը ոչ մի ձայն չհանի, ապա նրա պաշտոնանկության վերաբերյալ ոչ մի էական պատճառաբանություն չի բերվի: Երբ ասում են՝ «այսինչը լավ էր աշխատում, բայց կյանքը գնում է առաջ, եւ պետք են նոր մարդիկ, որոնք համապատասխանում են այդ պահանջներին», դա կոմունիստների «առողջության հետ կապված խնդիրներից» ոչ մի բանով չի տարբերվում:
Թե լրատվամիջոցների տարածած տեղեկություններից ո՞րն է մոտ իրականությանը, իսկ որը՝ ծայրից ծայր հնարած, դժվարանում եմ ասել՝ ես կառավարությունում կամ ԱԱԾ-ում «հավաստի աղբյուրներ» չունեմ: Բայց, կոնկրետ ԱԱԾ-ն, կարծում եմ, պարտավոր է հերքել տեղեկությունն այն մասին, որ, խախտելով Սահմանադրությունը, մտել է նախարարի մասնավոր նամակագրության մեջ եւ այդ մասին զեկուցել է վարչապետին: Իհարկե՝ եթե նման բան չի եղել: Իսկ որ վարչապետն ու նախարարը վիճել են, դա ես միանգամայն հնարավոր եմ համարում եւ, ճիշտն ասած, այստեղ որեւէ արտառոց բան չեմ տեսնում:
Շատ ավելի կարեւոր եմ համարում հետեւյալ հարցը՝ ինչպես էր աշխատում առողջապահության նախարարը: Այդ հարցին նույնպես թույլ տվեք ուղիղ չպատասխանել եւ մի հին խորհրդային անեկդոտ պատմել: Կրկեսի տնօրենի մոտ գալիս է մի մարդ ու ասում է, որ նա կարող է կրկեսի գմբեթի տակ գլխիվայր պտտվել ճոճաձողի վրա եւ միաժամանակ ջութակ նվագել: Տնօրենին առաջարկը հետաքրքրում է, եւ նա այդ «ջութակահարին» ուղարկում է դահլիճ, որպեսզի նա իր շնորհքը ցույց տա, իսկ կրկեսի աշխատակիցները կարծիք կազմեն: Կես ժամից այս աշխատակիցները վերադառնում են տնօրենի գրասենյակ: «Հը՞, նայեցիք ելույթը, ի՞նչ կասեք», – հարցնում է տնօրենը: «Այո, նայեցինք, – զեկուցում են նրանք, – Օյստրախը չէր»:
Կարդացեք նաև
Արամ Աբրահամյան
Անեկդոտը լավն էր:
Շարունակական փոփոխութիւնները ցոյց կու տան որ Վարչապետը շփոթած վիճակ մը ունի – ճամբայ ելած է առանց մտածելու թէ ինչպէս պիտի շարունակէ իր սկսած գործը … իր այս վիճակը յօդս կը ցնդեցնէ իր իրագործած ՛՛ հրաշքը՛՛ որ որքան լաւատեսութիւն ներշնչած էր ամէնուն .
« Լաւագունին անյագ տենջ – բառնայ և զլաւն ի մէնջ » պիտի ըսէր իմաստասէրը. չեմ գիտեր թէ հիմա ի վիճակի է կացութիւնը մի քիչ բարելաւել ՞ ։