Հարցազրույց գրող, քոուչ, կինոսցենարիստ Արփի Վանյանի հետ։
Արփի Վանյանը արմատներով Արցախից է։ Նրա լույս տեսած գիրքը` «Անհնարինը` հնարավոր» վերնագրով, մեծ տարածում է գտել համացանցում։ Մեր զրույցի ընթացքում պարզել ենք, թե ի՞նչ կտան Արփիի խորհուրդները մարդուն։
– Ողջույն, Արփի։ Ի՞նչ է քոուչը, ե՞րբ է մարդ դիմում ձեզ։
– Ողջույն։ Քոուչը բժիշկ չէ, հոգեբան չէ, նա մարդ է, ով հատուկ գործիքակազմի միջոցով օգնում է դիմացինին իրականացնել իր նպատակները: Ինձ դիմում են մարդիկ, ովքեր մնացել են իրենց կյանքի ինչ-որ իրավիճակում եւ չեն կարողանում ելք գտնել: Մեր արդեն առաջին օնլայն սեսիայից հետո նրանք կազմում են իրենց երազած ապագայի պլանն ու ոգեւորված սկսում քայլել առաջ:
– Արփի, ի՞նչ զարգացնի մարդն իր ներսում, որպեսզի դառնա հաջողակ մարդ։
– Հաջողության գրավականներից եւ առաջիններից մեկը՝ դա հենց ինքնավստահությունն է: Զրո ինքնավստահությամբ մարդիկ վախկոտ են, կտրուկ որոշումներ չեն կայացնում, իրենց հարմարվետության գոտին չեն լքում, վախենում են ասել «այո՛», վախենում են ասել «ոչ»: Նրանք անընդհատ լսում են ուրիշների կարծիքները, առաջնորդվում են ուրիշներին դուր գալու, հաճոյանալու սկզբունքով: Այդ բոլորը տանում է դեպի դժբախտություն, դեպի չհաջողված կյանք:
Ուզո՞ւմ եք հասնել հաջողության՝ նախ դարձեք ինքնավստահ մարդ: Ինչպե՞ս, մի թղթի վրա գրելով ձեր առավելություններն ու այն թերացումները, որոնք, ըստ ձեզ, խանգարում են ձեր հաջողության ճանապարհին, ապա մշակեք պլան, թե ինչպես այդ թերացումները փոխեք առավելությունների:
Գտեք ձեզ համար սիրելի, ոգեւորող ոլորտ, զբաղմունք եւ տրվեք դրան: Երբեք մի ապրեք ուրիշների կարծիքներով, որքան մարդ՝ այնքան կարծիք, այնքան ճաշակ. Հնարավոր չէ ու պետք չէ բավարարել բոլորի ճաշակը: Մենք ծնվել ենք մե՛ր կյանքն ապրելու ու մե՛ր ճանապարհով քայլելու համար:
– Դու գրել ես, որ ցանկացած կպչուն միտք ստեղծում է մեր ապագան։ Կխնդրեմ կիսվես, թե մարդ որ մտքերի վրա ավելի շատ ուժ գործադրի, որպեսզի հասնի հաջողությունների։
– Այո, ցանկացած կպչուն միտք ստեղծում է մեր իրականությունը: Այն, ինչ ունենք այսօր, մեր երեկվա, անցած ամսվա, մեկ-երկու տարի առաջվա կպչուն մտքերի արդյունքն է: Այսինքն, եթե մենք ա՛յն մարդն ենք, ով կարողանում է մտածել վատ բաներ եւ դրանք դարձնել իրականություն, ուրեմն մենք նաեւ ա՛յն մարդն ենք, ով կարող է մտածել լավ բաներ եւ դրանք դարձնել իրականություն, ճի՞շտ է: Պետք է մտածել, գլխի մեջ պտտել, վիզուալիզացիայի ենթարկել այն մտքերը, որոնց իրագործումից դուք կերջանկանաք, որոնց իրականացումը ձեզ կբերի հաջողություն: Երբ պարբերաբար դա անեք, որոշ ժամանակ հետո, ձեր ուղեղը, տիեզերքը, ինտուիցիան, Աստված, ինչպես հարմար է այդպես անվանեք, ձեզ կթելադրի ձեր մտածածն իրականություն դարձնելու ճանապարհները: Ձեր կյանքում կսկսեն կատարվել իրադարձություններ եւ լավ, եւ վատ, որոնք կբերեն դեպի այդ մտածածի իրականացում, կհայտնվեն մարդիկ, ովքեր կնպաստեն ձեր մտածածի իրականացմանը: Այդպես է գործում ձգողականության ուժի օրենքը:
– Համամի՞տ ես, որ մարդ ամենից առաջ հույսն ինքն իր վրա պետք է դնի։ Ինչո՞ւ։
– Ավելին, մարդն իր հույսը մեն ու միայն ի՛ր վրա պետք է դնի եւ վերջ: Գիտե՞ք երբ ենք հիասթափվում, երբ ուրիշից սպաումներ ենք ունենում: Սպասում կա, չկա սպասածը՝ հիասթափվում ենք: Իսկ երբ ոչ ոքից ոչինչ չենք սպասում՝ երբեք չենք հիասթափվում: Ընդհակառակը, ամեն անգամ, երբ մեկը քեզ համար մի լավ բան է անում, դու երեխայի պես ուրախանում ես, զարմանում, հրճվում, երջանկանում, որովհետեւ դա քեզ համար անսպասելի էր:
– Ըստ քեզ` ճի՞շտ է մարդկանց պատմել սեփական երազանքների մասին։
– Մարդկանց՝ ոչ, ճիշտ չէ: Կարելի է կիսվել մեկ կամ երկու հոգու հետ ու նրանք պետք է լինեն խիստ դրական տրամադրված: Նրանք պետք է լինեն այն մարդիկ, ովքեր իրականացնում են իրե՛նց երազանքները: Հարազատ մայրդ, ով պատրաստ է իր սիրտը տալ քեզ, կարող է չհասկանալ, չհավատալ երազանքիդ եւ փորձել ամեն ձեւով ետ պահել քեզ քո ճանապարհից:
– Ինչպե՞ս կբնորոշես «ոգու բանտ» հասկացությունը … Ըստ քեզ, ե՞րբ է մարդու ոգին բանտարկվում:
– Երբ նա չի ապրում ի՛ր կյանքով: Երբ թույլ է տալիս, որ բռնանան իր կամքին, երբ ապրում է զոհի հոգեբանությամբ, մոռանալով իր հոգու մասին: Աստված մեզ բոլորիս հոգի է տվել ու նոր ենք եկել այս աշխարհ, եւ այդ հոգին երկրային կյանքում պետք է էվոլյուցիա ապրի, զարգանա, հղկվի, նոր որակական մակարդակի հասնի: Սակայն մեզանից շատերը բանտարկում են իրենց հոգին սեփական վախերից հյուսված բանտում, մոռանալով, որ կյանքը մեկ անգամ է տրվում եւ այն ապրելու, ազատ կամք դրսեւորելու, ստեղծելու, ստեղծագործելու, արարելու, սիրելու, երազելու եւ թռիչքի համար է:
– Հաճախ ենք լսում, որ մարդ երազանք չպետք է պահի, այլ նպատակներով պետք է ապրի։ Կցանկանայի լսել նաեւ քո կարծիքը։
– Մարդն անպայման պետք է ունենա երազանքներ, այլապես նա կվերածվի ռոբոտի: Սակայն նա, ով միայն երազում է ու ոչինչ չի ձեռնարկում, նա, այսպես ասած, ֆանտազիաներով է զբաղված: Երազեցի՞ր, ոգեւորվեցի՞ր, շա՜տ լավ է, հիմա քեզ պոկիր բազմոցից, թուղթ ու գրիչ վերցրու, գրիր այդ երազանքը թղթի վրա ու տակը խոշոր տառերով գրիր՝ ՀԱՍՆԵԼՈՒ ՊԼԱՆ: Այդ վայրկյանից սկսած՝ երազանքը դառնում է նպատակ:
– Գրքի վերնագրից պարզ է, որ հավատում եւ հասնում ես անհնարին թվացող ամեն ինչի։ Կպատմե՞ս, թե ինչպես ծնվեց գիրք գրելու գաղափարը։
– Դա տխուր պատմություն է: Ես երեք տարվա ընթացքում, իրար ետեւից, ինձ համար անսպասելի, կորցրեցի եւ հորս, եւ մորս: Նրանք մահացան իմ ձեռքերի վրա՝ տակավին երիտասարդ ու կյանքով լի: Այդ հարվածը ուժգին էր, ու ես զգացի, որ չեմ կարողանում վերադառնալ կյանքին: Կյանքն ինձ համար դարձավ անգույն, ոչինչ ալեւս չէր ուրախացնում, ոչինչ անել չէի ուզում եւ, բնականաբար, այս սաստիկ հոգեկան տառապանքը չէր կարող չանդրադառնալ իմ կյանքի որակի վրա՝ առողջություն, աշխատանք եւ այլն:
Մի անգամ մայրս երազիս եկավ, ես իրեն հարցրեցի. «Կա՞ կյանք մահից հետո՛»: Նա ժպտաց ու ասաց. «Իհարկե՝ կա, մենք բոլորս միասին ենք, իսկ դու պետք է ապրես, դու գիտես ապրելու գաղտնիքը»: Ես արթնացա ու զգացի, որ կյանքը վերադարձել է ասես իմ հոգին: Ես մորս չհավատալու ոչ մի պատճառ չունեմ: Առաջին միտքը, որ եկավ՝ դա այդ գիրքը գրելն էր: Ի դեպ, դա հունվարի մեկն էր: Ես նստեցի ու սկսեցի գրել: Այդ գիրքն իմ դեղն էր, որով պիտի բուժվեի: Երբ ավարտին հասցրեցի, հասկացա, որ այդ դեղը շատերին կարող է օգնել ու որոշեցի տպագրել:
– Ի՞նչ տրամադրությամբ ընթերցողը բացի «Անհնարինը` հնարավոր» գիրքը։ Ինչո՞ւ։
– Որոշում կայացրած պետք է բացի: Այս գիրքը բոլոր նրանց համար է, ովքեր այլեւս չեն ուզում տառապել, չեն ուզում լինել երկրորդ տեղում, չեն ուզում վատ ապրել, լինել անհաջողակ, չսիրված, կոտրված երազանքներով:
Այս գիրքը նրանց համար է, ովքեր որոշել են փոխել իրենց կյանքը։
Հարցազրույցը`
Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ
26.08.2020