Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Տոնոյան-Շոյգու հանդիպում. հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության նոր հեռանկարներ

Օգոստոս 27,2020 12:00

ՌԴ-ն պատրաստ է Հայաստանի հետ քննարկել «Սու-30ՍՄ» «4+» սերնդի կործանիչների նոր խմբաքանակի մատակարարումը

«Միջազգային բանակային խաղեր-2020» մրցաշարի, «Բանակ» միջազգային ռազմատեխնիկական ֆորումի եւ ցուցահանդեսի բացման արարողություններին, ինչպես նաեւ ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության եւ ռազմարդյունաբերական ձեռնարկությունների ղեկավարների հետ բանակցություններին մասնակցելու նպատակով օգոստոսի 22-ին, ինչպես հայտնի է, Մոսկվա էր մեկնել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը:

Օգոստոսի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Մոսկվայում հանդիպեց ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ, նրանք քննարկել էին տարածաշրջանային անվտանգային իրավիճակին եւ երկկողմ ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր։ Տոնոյանն իր ռուս գործընկերոջը տեղեկացրել էր հուլիսյան մարտական գործողություններից հետո տարածաշրջանում ստեղծված ռազմաքաղաքական իրադրության, ինչպես նաեւ հայ-ադրբեջանական պետական սահմանին եւ արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծում տիրող օպերատիվ իրավիճակի մասին, ինչպես նաեւ ընդգծել է, որ որոշ պետությունների ագրեսիվ հռետորաբանությունը եւ իրականացվող ռազմական բնույթի քայլերը միտված են տարածաշրջանային իրավիճակի ապակայունացմանն ու ռազմականացմանը։ Իր հերթին Շոյգուն կարեւորել էր կայունության ամրապնդմանն ուղղված քայլերի իրականացումը բոլոր պետությունների կողմից։

ՀՀ պաշտպանության նախարարության տարածած մամլո հաղորդագրությունից տեղեկանում էինք, որ կողմերն ընդգծելով հայ-ռուսական հարաբերությունների ռազմավարական դաշնակցային բնույթը, քննարկել եւ պայմանավորվածություններ էին ձեռք բերել ռազմական համագործակցության ուղղությամբ առաջիկա քայլերի շուրջ:

ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը մերձմոսկովյան «Պատրիոտ» ավանում մասնակցել է «Միջազգային բանակային խաղեր-2020» մրցաշարի եւ «Բանակ-2020» ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը:

ՀՀ պաշտպանության նախարարության եւ Ռուսաստանի Միավորված ավիաշինարարական ընկերության միջեւ ստորագրվել էր «Սու-25»-ի արդիականացման եւ վերանորոգման պայմանագիր։ Պայմանագիրը կնքվել է «Պատրիոտ» կոնգրես-ցուցահանդեսային կենտրոնում՝ «Բանակ-2020» միջազգային ռազմատեխնիկական համաժողովի շրջանակներում:

Փաստաթուղթը ստորագրել էին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Մակար Ղամբարյանը եւ «Միավորված ավիաշինարարական ընկերություն» ՀԲԸ գլխավոր տնօրենի վաճառքի եւ մարքեթինգի գծով տեղակալ Իլյա Տարասենկոն: «Բանակ-2020»-ի ընթացքում կնքված պայմանագիրը հաստատում է ավիատեխնիկայի արդիականացման եւ ավելի վաղ թողարկված ինքնաթիռների ամբողջական կենսական ցիկլի պահպանման Միավորված ավիաշինարարական ընկերության իրավասությունը:

Տոնոյան-Շոյգու հանդիպումից հետո «Интерфакс»-ին Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայությունից ուշագրավ տեղեկություն էին հայտնել: Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել «Սու-30ՍՄ» «4+» սերնդի կործանիչների նոր խմբաքանակի մատակարարումը, «Интерфакс»-ին հայտնել էր Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայությունից (ՌՀԴԾ):

«Հայ գործընկերների հետ աշխատանքը շարունակվում է: Օդանավերի գնման թեման կքննարկվի, եթե հայկական կողմը հաստատի իր հետաքրքրությունը դրանում»,- հայտարարել էր Ռուսաստանի ՌՀԴԾ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Վորոբյովան:
ՀՀ ՊՆ-ում տեղեկությունը դեռ չեն մեկնաբանում: Հայտնի է, որ 2019-ին Հայաստանը Ռուսաստանից գնել է «Սու-30ՍՄ» չորս կործանիչ: Պաշտոնական Երեւանը հայտարարել է, որ ծրագրում է Ռուսաստանից նոր ինքնաթիռներ ձեռք բերել նաեւ ապագայում:

Հիշեցնենք, որ հուլիսին Հայաստան-Ադրբեջան սահմանային մարտական գործողություններից հետո գրեթե մեկ ամիս անց Ադրբեջանը՝ երկրի նախագահի մակարդակով դժգոհեց Ռուսաստանից: Օգոստոսի կեսին Իլհամ Ալիեւը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում իր դժգոհությունն է արտահայտել վերջին շաբաթներին՝ Ռուսաստանի կողմից Հայաստան ռազմական նշանակության բեռների նոր խմբաքանակի առաքման առթիվ։

Հեռախոսազրույցը կայացել էր Իլհամ Ալիեւի նախաձեռնությամբ։ Նշյալ պաշտոնական հաղորդագրության համաձայն, Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում Իլհամ Ալիեւը պնդել է, թե հուլիսի 17-ից սկսած՝ «Մոսկվան Հայաստանին շուրջ 400 տոննա ռազմական նշանակության բեռ է մատակարարել»։ «Մատակարարումները իրականացվել են Ղազախստանի, Թուրքմենստանի եւ Իրանի Իսլամական Հանրապետության տարածքներով»,- նշել էր Ալիեւը՝ հավելելով, որ ռազմական նշանակության բեռների մատակարարումները Հայաստան «Ադրբեջանական հանրության մոտ լուրջ մտահոգություն եւ հարցեր են առաջացնում»։

Ինչեւէ, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն օգոստոսի 24-ին «Բանակ-2020» միջազգային ռազմատեխնիկական համաժողովի շրջանակներում հանդիպել է ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Դմիտրի Շուգաեւի եւ ռուսական պետական «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերության տնօրեն Ալեքսանդր Միխեեւի հետ, այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնեց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը։

Հանդիպմանը քննարկվել են հայ-ռուսական երկկողմ ռազմատեխնիկական համագործակցության ընթացքը եւ առաջիկա անելիքները։ «Երկուստեք կարեւորվել է նաեւ ռազմարդյունաբերական մասնավոր ընկերությունների կողմից համատեղ ձեռնարկությունների ստեղծումը եւ արտադրությունների կազմակերպումը»,- նշվում էր հաղորդագրությունում։

Դավիթ Տոնոյանն այցելել է նաեւ «Տակտիկական հրթիռային սպառազինություն» ընկերության տաղավար, ծանոթացել արտադրված նորագույն միջոցներին, հեռահար եւ ճշգրիտ հրթիռների նմուշներին: Այնուհետեւ ընկերության ղեկավար կազմի հետ ՊՆ պատվիրակությունը քննարկել է համագործակցությանը վերաբերող հարցեր:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 26.08.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31